ԿարևորՀասարակություն

ՀՀ-ն պատրաստ է աջակցել Լիբանանի մեր հայրենակիցներին, դիտարկվում են տարբեր սցենարներ․ փոխարտգործնախարար

«Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ այսօր քննարկել են դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության սկզբունքները։ Վերլուծության թեմաներից մեկը եղել է արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների թեման։ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այս համատեքստում  անդրադարձել է Լիբանանում հնարավոր տարբեր սցենարների դեպքում մեր հայրենակիցներին աջակցելու հնարավորություններին։

Մերձավոր Արևելքում ռազմական զարգացումների վտանգով պայմանավորված՝ ՀՀ ԱԳՆ–ն պատրաստ է աջակցություն տրամադրել հայ համայնքին, ինչպես դա արվեց Իսրայելի հայ բնակչության պարագայում ՝ տեղեկացնում է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ «APRI Armenia»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ։

«ՀՀ ԱԳՆ-ն և մեր դեսպանությունը Լիբանանում մշտապես հետևում են ընթացքին, և փորձում ենք կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Հնարավոր բոլոր սցենարները դիտարկվում են, և մենք պատրաստ ենք համապատասխան որոշումներ կայացնել՝ ըստ անհրաժեշտության, ինչպես տեղի ունեցավ Իսրայելի պարագայում, որտեղից ՀՀ քաղաքացիները և հայերը իրենց  ընտանիքներով հնարավորություն ունեցան կառավարության կողմից անվճար թռիչքի միջոցով էվակուացվել Հայաստան»։

Հայաստանի ու արաբական աշխարհի հարաբերությունները վերլուծելով՝ փոխարտգործնախարարը  նկատում է՝  2021 թվականին ՀՀ վարչապետի այցը Սաուդյան Արաբիա անարդյունք չի մնացել։ Եթե հայտարարություններ չեն արվում,  դա դեռ չի նշանակում, որ արդյունքներ չկան՝ վստահեցնում է Կոստանյանը և շեշտում սիրիական կողմի հետ բավական ակտիվ երկխոսությունը։

«Արաբական երկրները մեզ համար համարվում են հիմնական թիրախներից մեկը, որտեղից կարելի է ՀՀ-ում ներդրումներ ներգրավել, զբոսաշրջության ծավալները մեծացնել, քաղաքական երկխոսությունը որոշակիորեն մեծացնել։ Մյուս կողմից, սակայն, պետք է հասկանանք, որ արաբական աշխարհում քաղաքական առումով մարտահրավերներ են ծագում»։

Արաբագետ Արաքս Փաշայանը մատնանշում է արաբական աշխարհի համար Հայաստանի ոչ գրավիչ լինելու հանգամանքը և նկատում՝ պետք  է ամբողջությամբ վերանայել հարաբերությունները՝ օգտագործելով նաև համազգային ներուժը։

«Մենք չենք կարողացել 30 տարվա հայ-արաբական հարաբերություններում արձանագրված իրողությունները կապիտալիզացնել, այսինքն՝ տպավորություն է, որ փոխադարձ այցելություններ են եղել, նկարվել են ու տուն վերադարձել։ Դրա համար, իհարկե, եղել են ոչ օբյեկտիվ պատճառներ, հայերը եղել են ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրողություններում, արցախյան հարցի չկարգավորված լինելը նաև շրջափակված լինելը։ Այն հանգամանքը, որ Հայաստանը դուրս է մնացել, բոլոր առևտրատրանսպորտային ճանապարհներից, նախագծերից անշուշտ գրավիչ չի եղել արաբական աշխարհի համար։ Արաբական աշխարհը այստեղ չի ունեցել քաղաքական օրակարգ, գիտակցելով, որ սա Ռուսաստանի ազդեցության գոտին է»։

Արաբական աշխարհում հայերը  երբեք որպես  ագրեսոր չեն ընկալվել, և սա մեծ առավելություն է հարաբերութուններ կառուցելու ճանապարհին՝ ասում է Փաշայանը։

Փոխարտգործնախարարն առաջ շարժվելու համար կարևոր է համարում իրավիճակի ճիշտ ախտորոշումը։

«Այն դերը, որ ունի Սփյուռքը, կարևոր է, սակայն մենք՝ որպես  ՀՀ և կառավարական մարմիններ, բնավ մեր ամբողջ հույսը չենք կարող դնել Սփյուռքի վրա։ Այն դրական կերպարը, որ ունեն մեր հայրենակիցները արաբական աշխարհում, շատ հաճախ բախվում է մեր պետական կառավարման ծանր, երբեմն իներտ, իսկ եթե ավելի ճիշտ դիագնոզ փորձենք տալ՝ ոչ այդքան պրոֆեսիոնալ համակարգի հետ, և այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են, երբեմն ջուրն են ընկնում ինչ-որ նախարարության ինչ-որ բաժնում»։

Մասնագետն ու պաշտոնյան համակարծիք են ՝ արաբական աշխարհի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա, որը լիարժեք չի օգտագործվում։

Back to top button