ԿարևորՄշակույթ

18 000 միտք՝ 3250 հեղինակից․ գրքի շնորհանդես

Աշխարհի ամենահայտնի մարդկանց մտքերն ուսումնասիրելու սովորությունը գործարար Գրենիկ Հակոբյանին նաև հեղինակ դարձրեց։ «Կյանքի մեծ հանրագիտարան»․ այսպես է կոչվում գործարարի նոր գիրքը, որը 2 տարի առաջ հրատարակված ժողովածուի ավելի ընդգրկուն և թեմատիկ տարբերակն է։

«Անհրաժեշտությունը հուշեց հենց ընթերցողը, որովհետև նրանք էին ուզում թեմատիկ տարբերակը։ Կոնկրետ ոլորտներին վերաբերող ասույթներ, ասենք՝ բժշկությանը, բիզնեսին, քաղաքականությանը», ասում է հեղինակը։

Գրքի նյութը Գրենիկ Հակոբյանը հավաքել է գիտակցական ողջ կյանքի ընթացքում, հավատարիմ գործընկերն ու խորհրդատուն կինն է եղել․

«Կինս օգնել է խմբագրման և ձևավորման հարցերում։ Գրքի գեղարվեստական ձևավորումն իրենն է, էնտեղ գունավոր ներդիրներ կան, և կազմը, և ամեն ինչը։ Օգնել է նաև մտքերի ընտրության  հարցում»։

5 տարի է պահանջվել՝ 942 էջում 3250 հեղինակի 18 000 ասույթ հավաքելու համար։

«Իմ գրքի մեջ հավաքագրված են մարդկության պատմության մեջ մարդկության հանճարների և հայտնի դեմքերի խոսքերը, ասույթները, որոնք վերաբերվում են կյանքի ամենատարբեր ոլորտներին»,-պատմում է Հակոբյանը։

Գիրքը հրատարակվել է ռուսերենով, քանի որ հեղինակն աշխատել է ռուսերեն սկզբնաղբյուրների հետ, բայց թարգմանական աշխատանքները մեկնարկել են, հաջորդ տարի լույս կտեսնի նաև հայերեն տարբերակը։ Գրքի թարգմանիչ Հակոբ Սողոմոնյանը թարգմանել է նաև առաջին ժողովածուն։ Ասում է՝ Օրհան Փամուկի, Սրբուհի Լիսիցյանի և այլ հեղինակների թարգմանություններից  հետո սա նոր փորձառություն էր․

«Ասույթը պետք է հայացնես, ոչ թե թարգմանես, այլ հայերեն իմաստ և բովանդակությունը երբեմն նաև հայերեն տարբերակը թարգմանելու փոխարեն բերես հայերեն տարբերակը»։

Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն արդեն հասցրել է գիրքը կարդալ․

«Շատ գեղեցիկ է գիրքը ձևավորված, նկարների ընտրությունն է փայլուն։ Եվ ներդաշնակ է խոսքը և նկարը։ Բարձր ճաշակ կա»,-նշում է նա։

Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։

Back to top button