ԿարևորՀասարակություն

16 երեխա վերակենդանացման բաժանմունքում է. սուր շնչառական վարակների հիվանդացության աճ է գրանցվել

Արդեն երկու շաբաթ է`հանրապետությունը գտնվում է սուր շնչառական վարակի սեզոնում և հիվանդացության աճ կա։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դա նկատվում է ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում։ Վարակման դեպքերը հիմնականում արձանագրվում է մինչև 18 տարեկանների մոտ։

Դա ամբողջ դեպքերի 70% է կազմում, իսկ նրանց 50%-ը մինչև 4 տարեկան երեխաներն են: Սեզոնով պայմանավորված՝ ակտիվացել է նաև կորոնավիրուսը։ Ախտանշանները նույնն են, ինչ սովորական գրիպի դեպքում։ Հետագա բարդություններից խուսափելու համար մասնագետները հորդորդում են ինքնաբուժությամբ չզբաղվել։

«Սկսած քթահոսությունից կարող է լինել կոկորդի ցավ, ջերմություն, նաև առանց ջերմության, ականջաբորբ և, որպես բարդություն, թոքաբորբով վերջանալ»։

Հայաստանում վերջին մեկ շաբաթում սուր շնչառական վարակների հիվանդացության աճ է արձանագրվել։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ- համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի խոսքով՝ դեպքերը հիմնականում արձանագրվում են մինչև 18 տարեկանների շրջանում։ Նրանց 50 տոկոսը կազմում են մինչև 4 տարեկան երեխաները։ 

«Թիրախում երեխաներն են, որովհետև թե՛ երեխաների շնչառական ուղիների կառուցվածքը, թե՛ ընդհանրապես իրենք ավելի ընկալ են լինում ՍՇՎ նկատմամբ։ Դրա համար շատ կարևոր է ժամանակին դիմել բժիշկի և կանխարգելել ծանր ընթացքը»։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ 500 անձ հոսպիտալացված է, դիմելիությունը մեծ է, հիվանդանոցները ծանրաբեռնված են, ասում է Եվգենյա Խաչատրյանը։ 16 անձ էլ վերակենդանացման բաժանմունքում է, բոլորը մինչև 4 տարեկան երեխաներ են։ Ըստ լաբորատոր հետազոտությունների՝ գրիպի շրջանառություն չկա, սակայն կա այլ շնչառական վիրուսների շրջանառություն, այդ թվում կորոնավիրուսային հարուցիչների։

Կորոնավիրուսի սեզոնային ակտիվացմանն օրերս անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ընդգծել էր, որ թե՛ գրիպը, թե՛ քովիդը, հատկապես գարնան ու աշնան ամիսներին, նույն վարքագիծն են դրսևորում․

«Օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով։ Ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր, ուստի առանց թեստավորման դժվար է տարբերակել դա գրիպե , թե ՝ Քովիդ»։

Հաշվի առնելով վարակների ակտիվացման շրջանը՝ մասնագետները հորդորում են ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժիշի։ Իսկ լավագույն լուծումը պատվաստումն է։ Առավել ևս, երբ պոլիկլինիկաներն ունեն բավարար չափով պատվաստանյութեր, նշում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը․

«Պատվաստանյութն առաջնահերթ կառաջարկվի ռիսկի խմբերին՝ երեխաներ, հղիներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, սակայն կարող են պատվաստել նաև այլ ցանկացողներին, որոնք ներառված չեն ռիսկի խմբում»։

Մասնագետը նշեց, որ խոսքը գրիպի դեմ պատվաստումների մասին է։ Գաղտնիք չէ, որ գրիպը կարող է նաև բարդ ընթացք ունենալ՝ լուրջ հետևանքներով։ Ուստի գրիպի դեմ պատվաստման նպատակը ոչ միայն հիվանդանալը կանխարգելելն է, այլև ծանր դեպքերի թիվը նվազեցնելը։ Սվետլանա Գրիգորյանը հիշեցնում է, որ պետք չէ մոռանալ նաև, որ սեզոնի ընթացքում շրջանառվում են այլ հարուցիչներ ևս։ Չի բացառվում, որ գրիպի դեմ պատվաստված անձը վարակվի այլ սուր շնչառական վիրուսով․

«Քանի որ կլինիկորեն նման են, շատ հաճախ ասում են՝ պատվաստվեցինք գրիպի դեմ, բայց հիվանդացանք։ Բայց գրիպի ախտորոշումը կարող է հաստատվել միայն լաբորատոր հետազոտության արդյունքում։ Կլինիկորեն հնարավոր չէ տարբերակել դա գրիպ է, թե սուր շնչառական այլ վարակ»։

Ինչ վերաբերում է կարմրուկին, ապա 2007 թվականից Հայաստանը համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր։ Դա նշանակում է, որ Հայաստանում կարմրուկի տեղական շրջանառություն չի գրանցվում և դա առաջին հերթին կարմրուկի պատվաստումների բարձր մակարդակի արդյունքն է։ Տեղային որոշակի բռնկումների պատճառը բերովի դեպքերն են, ինչպես օրինակ, այս տարվա միարտին գրանցվեց։ Այս տարի գրանցված 471 հաստատված դեպքերի մեծ մասը չպատվաստման կամ թերի պատվաստման հետևանք է։

Back to top button