
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի նոր նախագծի մշակմանը: Ըստ հեղինասկների՝ այս փաստաթուղթը համապատասխանում է ինչպես Եվրամիության, այնպես էլ Մաքսային միության չափանիշներին:
«Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքը վերջին խմբագրությամբ գործում է 2006 թվականից: Ութ տարի անց հասունացել է անհրաժեշտություն ոչ թե բարեփոխել այն, այլ ընդունել նոր օրենք: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Մտավոր սեփականության գործակալության և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ հանդես են եկել օրինաստեղծ նախաձեռնությամբ: Ըստ միության իրավաբան Արկադի Սահակյանի՝ ծրագրի շրջանակներում իրականացվում է իրազեկման արշավ, որը մեկնարկեց մարզերից՝ հեղինակային իրավունքների կրողների մասնակցությամբ։
Լայն հասարակական քննարկումների արդյունքում լրամշակված նախագիծը կներկայացվի գործադրին, որից հետո այն կուղարկվի խորհրդարան: Ըստ Սահակյանի՝ օրինագիծը մշակվել է օտարերկրյա փորձագետի մասնակցությամբ: ՀՀ Մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի պետ Սոնյա Վարդանյանը, ով ծրագրի հայաստանյան փորձագետն է, ասում է, որ օրինագծում հաշվի են առնվել արդի տեխնոլոգիական միջավայրում հեղինակային և հարակից իրավունքների կիրառման առանձնահատկությունները։
Գործող օրենքը այս իմաստով թերի է այնքանով, որ հեղինակը չի կարող հետևել իր ստեղծագործության հետագա՝ համացանցային ճակատագրին։ Ոլորտն ունի միջազգայնորեն ընդունված չափանիշներ, որոնք փոփոխվում են ժամանակին համընթաց: Միևնույն ժամանակ նոր օրինագծում հաշվի են առնվել և մեր ազգային առանձնահատկությունները: Գործող օրենքը որոշ չափով տարբերվում է և Մաքսային միության անդամ երկրների օրենսդրությունից, հավելեց Սոնյա Վարդանյանը: Այս առումով նոր օրինագիծը կփորձի լրացնել և այս բացը։




