ԿարևորՔաղաքական

Խորհրդային քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին․ Վահան Կոստանյան

«3+3»-ը ոչ թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների  կարգավորման, այլ տարածաշրջանային համագործակցության հարթակ է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկմանը: Տեղեկությունն օրերս  հայտնել էր  Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման  չկայանալը ձախողում որակելով։

Խնդիրը ոչ թե հարթակներն են, այլ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ՝ասել է փոխարտգործնախարարը։

«Խնդիրը հարթակները չեն, մեր հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է հարևանների հետ և, այո,  այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատանքները։ «3+3»-ը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հարթակ չէ, այն տարածաշրջանային համագործակցության հարթակ է»։

Կոստանյանն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ՝ Թեհրանում արած այն հայտարարությանը, թե հայկական ու ադրբեջանական կողմերը կարող են իրենց «բախտը փորձել» Բրյուսելում, սակայն պետք է նկատի ունենան, որ  սահմանազատման հարցերը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ խորհրդային քարտեզները, Ռուսաստանի Դաշնության ձեռքում են։

«Այն քարտեզները, որոնց մասին խոսվում է, այսինքն՝ 1974-78 թթ քարտեզների մասին է խոսքը, կան, և  հայկական ու ադրբեջանական կողմերը  ծանոթ են  դրանց։ Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին պայմանավորվածություն դեռևս չկա՝ ասել է Վահան Կոստանյանը։

Back to top button