ԿարևորՔաղաքական

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է, եթե լինի տարածքային ամբողջականության ճանաչումն ու իրականացվի դելիմիտացիա. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետություն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին ներկայացված է ստորև:

«Բարև ձեզ,

Հարգելի՛ պարոն նախարար,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում` Երևանում։ Որպես շարունակություն նախորդ տարի Լեհաստանում մեր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ սա Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն՝ մեր հարաբերությունների վերականգնումից հետո, երկարատև ընդմիջումից հետո: Ես հավատացած եմ, որ փոխադարձ այցելություններն իսկապես նպաստում են հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ հիշատակել նաև Հունգարիայի փոխվարչապետի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեր նախարարի այցելությունը Հունգարիա, այժմ Ձեր այցելությունը Հայաստան: Պետք է ասեմ, որ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր այսօրվա խորհրդակցությունների ընթացքում նախարար Սիյարտոյի հետ անդրադարձել ենք Հայաստան-Հունգարիա երկխոսության հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն, գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքական երկխոսության, տնտեսական հարաբերությունների, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում առկա իսկապես լուրջ ներուժն իրացնելու, հնարավոր ներդրումները, դա արդեն վերաբերում է տնտեսությանը, խթանելու ուղղությամբ։ Ընդգծել ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը, կարևորել նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների իրացումը:

Կարևոր եմ համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ այս ամենը, նաև միջխորհրդարանական համագործակցությունը, հիմք կդառնա ինչպես երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման համար, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար:

Իհարկե, կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ: Եվ դրա վառ օրինակներից է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր մենք քննարկել ենք նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր: Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանն ուղղված, այդ տրամաբանության վրա կառուցված փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ աջակցությամբ, կունենա իր դրական արդյունքը: Այս համատեքստում քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի Հանրապետության ներգրավածությունը՝ մասնավորապես վկայակոչելով ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը, որում նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։

Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ համագործակցության այլ թեմաներ, կարևորել ենք և երախտագիտություն ենք հայտնել Հունգարիային Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցության համար:

Պարո՛ն նախարար,

Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել, ինչպես նշեցի, առկա հնարավորություններից, բայց և պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգային իրադրության և կայունության վրա։
Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր, հրաժարում առավելապաշտական նկրտումներից: Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ այս ուղենիշներն իրենց արտացոլումն են գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք նաև մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:

Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը:

Պարո՛ն Սիյարտո,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա անկեղծ և գործնական քննարկումների, մեր փոխգործակցությունն առաջ տանելու Ձեր պատրաստակամության համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:

Հարց. /Հայկ Մագոյան, «Ռադար» Արմենիա/. Օգտվելով առիթից հարցս ուղղում եմ երկու ԱԳ նախարարներին: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո փաստացի վտանգված է Լեռնային Ղարաբաղում հայկական ողջ մշակութային ժառանգությունը: Տեղեկատվական դաշտում կան տարատեսակ հրապարակումներ հայկական կրոնական կոթողոների ինքնության աղավաղմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, միջազգային գործընկերների ներգրավածություն կա՞ կանխելու այդ վանդալիզմը:

Պատասխան. /Արարատ Միրզոյան/. Շատ լավ, շնորհակալություն հարցի համար, և՛ ես, և՛ հարգարժան պարոն նախարարն, ըստ էության, արդեն իսկ փոքր ինչ անդրադարձանք հարցին, բայց կհավելեմ հետևյալը: Իսկապես բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային-հոգևոր ժառանգության հարցը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի է սրվել: Հիշում եք հավանաբար՝ մենք նաև նախկինում դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մեր այլ միջազգային գործընկերներին: Կար պայմանավորվածություն, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, և ըստ էության, Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչ այժմ, բայց հիմա էլ ավելի պահանջված է այս առաքելությունը, և մենք հուսով ենք, որ այն տեղի կունենա, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց ես ուզում եմ նաև առանձին երկրների մասին խոսել, և մենք այսօր այստեղ Հունգարիայի արտաքին գործերի նախարարին ենք հյուրընկալում Հայաստանում և այսօր խոսել ենք այդ մասին: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պարոն նախարարին, ով անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել և իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը և մատչելիությունը դեպի այդ վայրեր: Կրկին, պարոն նախարար, շնորհակալ եմ:

Ուզում եմ նաև օգտվել առիթից և անդրադառնալ մեր փոխգործակցության, Հունգարիայի պատրաստակամության և աջակցության մյուս դրսևորումներին: Իսկապես մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև այն բանի համար, որ Հունգարիան կարողացավ բանակցությունների արդյունքում 5 հայ ռազմագերիներ վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Նաև այժմ, երբ 100 հազարից ավելի փախստականներ, բռնի տեղահանվածներ ունենք Հայաստանում, արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել նրանց օգնության գործում: Քիչ առաջ դուք լսեցիք, որ Հունգարիան պատրաստակամություն ունի նաև բուժման կարիք ունեցող և նաև այդ հոգեբանական տրավման ապրած երեխաներին, այդ թվում և՝ ամառային ճամբարների միջոցով հոգեբանական աջակցություն ցույց տալու, և այլն: Ուզում եմ ասել, որ մենք սա կարևորում ենք և շնորհակալ ենք և նույնպիսի վերաբերմունք ակնկալում ենք մշակութային ժառանգության հետ կապված:

Back to top button