ԿարևորՀասարակություն

Բերդ համայնքի բնակիչները դեմ են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ընկերության ներկայացրած ծրագրին

Հոկտեմբերի 26-ին Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի է ունեցել հանրային քննարկում` «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից Բերդ համայնքի վարչական սահմաններում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու հայտի վերաբերյալ, հայտնում են Տավուշի մարզպետարանից։

Հանրային քննարկմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, Բերդ համայնքի ավագանու անդամները, բնակավայրերի վարչական ղեկավարները, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները, համայնքի բնակիչները։

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը ստանալուց հետո Բերդի համայնքապետարանի գործողությունները` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի։ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանն անդրադարձել է ծրագրի մանրամասներին։

Այնուհետև քննարկման մասնակիցներն իրենց դիրքորոշումն են ներկայացրել։ Բանախոսները շեշտել են, որ դեմ են ներկայացված ծրագրին` հիմնավորելով իրենց տեսակետը։

Back to top button