ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կառավարությունը փորձում է գրավիչ դարձնել դպրոցաշինությունը․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շինկազմակերպություններին

Կառավարության այսօրվա նիստում սահմանվել են  նաև դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները: Ծրագրի իրագործման համար փոքրաքանակ համակազմ ունեցող հաստատությունների համար կրթահամալիրներ են կառուցվելու, իսկ մեծ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների համար կառուցվելու են նոր շենքեր: Շինարարական ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչև 2026թ.-ը: Սահմանված առանձնահատկություները թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը շինարարական կազմակերպությունների համար՝ միաժամանակ պատվիրատուի համար ապահովելով անհրաժեշտ երաշխիքներ:   

 «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցներ և կրթահամալիրներ կառուցելու համար գնման գործընթացներ կազմակերպելու որոշակի առանձնահատկություններ կսահմանվեն: Նախագիծի նպատակը պետական գնումների շրջանակում իրականացվող շինարարական ծրագրերը շինընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելն է՝ կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Ըստ այդմ՝ փոքրաքանակ համակազմ ունեցող հաստատությունների համար կառուցվելու են կրթահամալիրներ, իսկ այն դպրոցների համար, որոնց աշակերտական համակազմը մեծ է, կառուցվելու են դպրոցների նոր շենքեր: Ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել և կառավարության որոշումներով հաստատվել է 170 հաստատություն, այդ թվում՝ 70 կրթահամալիր և 100 դպրոց:

«Ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թվականը: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը մասնակից շինարարական ընկերությունների համար՝ միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքներ»:

Ըստ նախագծի՝ կապալառուն է ապահովելու նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը: Կապալառուին վճարվող կանխավճարի հաշվարկման և մարման մասով նույնպես առանձնահատկություններ են սահմանված: Կպահպանվի ենթակապալի ինստիտուտը, սակայն կսահմանվեն որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ ենթակապալով կարող է իրականացվել շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30%-ը: Նախագծով տարանջատվում է նաև մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցների համար:

Կարևորելով նախագիծը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը պետք է ավարտին հասցնեն մինչև 2026 թվականը։

«2024-26 թթ. այդ տեսանկյունից կարևոր նշանակություն են ունենալու, քանի որ այդ ընթացքում մենք պետք է սկսենք և ավարտենք թվով 170-ի շինարարությունը: Բայց սա դեռ ամբողջը չէ, առաջիկա օրերին կավելանա նաև Երևանին վերաբերող դպրոցների թիվը։ Դպրոցների շինարարության արժեքը գերազանցելու է 400 մլրդ դրամը։ Դա նշանակում է, որ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում մեծ ծավալի աշխատանք կկատարենք, հայտարարենք մրցույթներ, ընտրենք կապալառու կազմակերպություններին և այդ պայմանագրերը արդյունավետ ձևով կառավարելով՝ երաշխավորենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսված շինաշխատանքներն ամբողջ ծավալով և որակով իրականացնեն»։

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ այն ոչ միայն պետբյուջեի ծախսերը ավելի արդյունավետ կդարձնի, այլև շատ մարդկային որոշում է։

«Մեր որոշումները վերաբերում են շուրջ 100 հազար երեխայի, և այս որոշումների ու մեր աշխատանքների որակից կախված՝ մենք երեխաների համար ստեղծում ենք անվտանգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններ՝ իրենց կրթությունը ստանալու: Կարծում եմ՝ ավելի քան կարևոր է, որ դրանք իրականացնենք ժամանակին և պատշաճ որակով: Եկող տարվա համար ունենք պլանավորված 234 դպրոցներում աշխատանքներ, որոնցից 159-ը դպրոցներ են, 75-ը կրթահամալիրներ և 283 մանկապարտեզներում: Սա ահռելի ծավալ է»։

Ֆինանսների, ՏԿԵ նախարարությունների և մյուս գործընկերների հետ քննարկվել են նաև հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են դանդաղեցնել աշխատանքները։ Ելակետը բոլոր սուր անկյունները հարթելն է, որպեսզի դպրոցաշինության աշխատանքները չվտանգվեն, նկատեց փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այս փոփոխությամբ փորձում են այնպիսի երաշխիք տալ կատարողներին, որ նրանք գնային փոփոխություններից վնասներ չկրեն ու տան լավագույն գնային առաջարկը։ Փոխվարչապետը չի բացառում, որ փորձի արդյունավետությունից ելնելով՝ ծրագրով սահմանված առանձնահատկությունները կընդհանրացվեն և կկիրառվեն շինարարական բոլոր պատվերների դեպքում։

Back to top button