ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կարգավիճակ՝ Արցախից բռնի տեղահանվածներին․ որոշումն ուժի մեջ կմտնի երկու օրից

Արցախից բռնի տեղահանվածները կարգավիճակ կստանան։ Նրանք ժամանակավոր պաշտպանության տակ կվերցվեն, օրենքի ուժով կդառնան փախստական՝ օգտվելով փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներից։ Եռամսյա ժամկետում հնարարավորություն կա այցելելու միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն, վերցնելու համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղն ու դուրս գալու երկրից։ Հակառակ դեպքում փախստականի կարգավիճակը ավտոմատ է տրվում։

Արցախից բռնի տեղահանվածները ժամանակավոր պաշտպանության տակ կվերցվեն։ Կառավարությունը նրանց համար կարգավիճակի հստակեցման լուծումներ է գտել։ Այս մասին դեռ նախօրերին խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարեց։ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կառավարության համար կարևոր էր հանգել մի որոշման, որը առավելագույնս հնարավորություն կտա պաշտպանելու Արցախից բռնի տեղահանվածների բոլոր իրավունքները։ Եվ ահա՝ հայտարարությունը հոկտեմբերի 26-ի կառավարության նիստում իրավական տեքս ստացավ։ Այն ուժի մեջ կմտնի երկու օրից։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հստակեցնում է, թե պետությունն ում է վերցնելու ժամանակավոր պաշտպանության տակ․

 «Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում, այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից»։

Միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար բնակիչ։ Բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից՝ համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, արտաքին հարձակման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին էթնիկ զտման ենթարկվելու պատճառով։ Փաստացի՝ Արցախի բնակիչներն այսօր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր։ Նախագծով հստակեցվում է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և նրանց իրավունքների ու պարտականությունների շրջանակը։

 «Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծում է՝ Արցախից տեղահանվածները դրամական փոխհատուցում ստանում են, բայց կարգավիճակի հստակեցումից հետո բռնի տեղահանված ու կենսաթոշակի տարիքի անձինք կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար ու կենսաթոշակը կստանան ըստ ՀՀ–ում կիրառվող մեխանիզմի։ Եռամսյա ժամկետում նրանք հնարարավորություն կարող են միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունից  համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ստանալ, որով կարող են նաև դուրս գալ երկրից։ Առաջիկայում նաև նույն փաստաթուղթը կկարողանան դեսպանատներից ստանալ։ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հստակեցնում է՝ այժմ էլ առանց որևէ դիմումի ու որևէ մարմին այցելելու Արցախից բռնի տեղահանվածներն արդեն ստանում են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակ՝ ըստ էության փախստականի․

 «Դիմումով կամ փաստաթութղը ստանալու բերումով չէ, որ ձեռք են բերելու այդ կարգավիճակը։ Պարզապես փաստաթուղթը լինելու է կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, որը երբեմն, օրինակ՝ ճամփորդելիս, գուցե անհրաժեշտ լինի։ Այս կարգավիճակն ունենալով մարդիկ պետք է ընտրություն կատարեն ՝ իրենք իրավունք ունեն դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով։ Այս դեպքում ըստ էության իմ պատկերացմամբ, քաղաքացի դառնալով, եթե կա կենսաթոշակային տարիք, այլևս փախստականին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի»։

Կարգավիճակի հստակեցումից հետո արդեն Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան լուծել տրանսպորտային միջոցների հետ կապված բոլոր հարցերը՝ հստակեցնում է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նա ընդգծում է, որ պետք է բռնի տեղահանվածները կոնկրետ հասցեում գրանցվեն ու կարողանան անձնագրային ծառայություններից օգտվել։ Փոխնախարարը հստակեցնում է՝ կապույտ անձնագրերը արցախցիներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում։ Փոխնախարարը հստակեցնում է՝ Արցախից բռնի տեղահանվածների հոկտեմբերի 26–ից արձանագրված ՃԵԿ խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու որոշում կլինի, բայց մինչ այդ, տուգանվածների բողոքարկումները կբեկանվեն․

 «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մինչև երեկ արձանագրված խախտումներին է վերաբերելու «ներմալ ռեժիմը»՝ ոստիկանապետի նոր հրամանը, որն առաջիկա օրերին կլինի, բայց այսուհետ պետք է պահպանել բոլոր կանոնները, որովհետև դա բխում է մեր բոլորի շահերից»։

Կառավարությունը սոցիալական աջակցությանը վերաբերող ևս մեկ նախագիծ հաստատեց․ ըստ այդմ՝ Կարմիր Խաչի միջոցով դեռևս Լաչինի միանցքի շրջափակման առաջին իսկ օրվանից մինչև բռնի տեղահանումը տարբեր առիթներով՝ առողջական խնդիրներով ու ոչ միայն Արցախից Հայաստան տեղափոխվածները նույնպես 100 հազարական դրամ միանվագ աջակցություն կստանան։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցնում է այդ որոշումը․

 «Մենք ոչ միայն, ըստ էության, 100-հազարականների շահառու ենք ճանաչում այն անձանց, որոնք բուժման նպատակով, օրինակ՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ եկել էին Հայաստան, բուժում էին ստանում Երևանում, այլև նրանց անչափահաս երեխաներին, որովհետև մեր կարգն այնպիսին էր, որ եթե ծնողները չէին կարողանում համակարգում գրանցվել որպես շահառու, ապա չէր հատուցվում նաև երեխաներին: Հիմա մենք այս փոփոխությամբ շահառուների կազմը լրացնում ենք ոչ միայն այդ մարդկանցով, այլև նրանց անչափահաս երեխաներին շահառու ճանաչելով»:

100 հազարական դրամները չէին ստացել, բայց շահառուների այս խումբը ըստ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի, բնակվարձի ու կոմունալ վճարների համար տրամադրվող 50 հազարական դրամները ստացել էին։ Վերջին տվյալներով՝ աջակցության այդ ծրագրով ընդհանուր առմամբ, ավելի քան 41 600 անձի վճարում կատարված է։

Back to top button