
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ պատասխան չունի՝ հոկտեմբերի վերջին Բրյուսելում ծրագրված Փաշինյան–Ալիև հանդիպումը չեղարկվե՞լ է, թե՞ հետաձգվել։ Վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության ճանապարհով․
«Այո, նախատեսված է այդպիսի հանդիպում, բայց հիմա հայտարարությունը և փաստը այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա։ Ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը այդ հանդիպմանը։ Բայց նաև կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքները։ Իհարկե, որոշ հարցերի պատասխան նաև ունենք, բայց չէի ցանկանա շտապել այդ ամենի վերաբերյալ գնահատական հնչեցնել»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ալիևն արևմտյան հարթակներում կոմֆորտի բացակայություն ունի։ Բայց Բրյուսելից Ադրբեջանի հրաժարվելը, ըստ Սիմոնյանի, բանակցությունները փակուղի չի տանում։
«Կարծում եմ՝ մենք կարողացել ենք մեր եվրոպացի գործընկերներին, Արևմուտքի մեր գործընկերներին բացատրել, ցուցադրել, բերել այն բանի, որ մենք երկակի հայտարարություններ չենք ստանում։ Արդեն կարելի է տարբերել՝ որտեղ են Հայաստանը, Հայաստանի շահերը, իրավունքները, որտեղ է Ադրբեջանը։ Կարծում եմ՝ այդ առումով կոմֆորտի բացակայություն կա, կան շահեր, հիմա մենք պետք է մեր դիվանագիտության շնորհիվ այդ շահերը կարողանանք օգտագործել ի օգուտ մեր պետության։ Ես չեմ համարում, որ փակուղային է, առավել ևս հայկական կողմի ակտիվ քաղաքականության և ակտիվ միջազգային շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ–որ տրամաբանության ենք բերել, որը կարելի է ասել, բոլորի համար ընդունելի տարբերակ է»։
Հայաստանի տարածաշրջանային և քաղաքական նպատակները վարչապետն ուրվագծել էր վերջերս Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ։ Շրջանառության մեջ է դրվել նոր տերմին՝ «Խաղաղության խաչմերուկ» անվանումով։ Իրականում դա այն է, ինչի մասին Փաշինյանը դեռ մեկ տարի առաջ խոսում էր «Հայկական խաչմերուկ» ձևակերպմամբ։
ԱԺ–ում հարց ու պատասխանի ժամին վարչապետը հայտարարեց՝ հայտնի ծրագիրը պարզապես «ռեբրենդինգ» արվեց։ Նպատակը՝ հատկապես արևմտյան հարթակում հասկանալի դարձնել տարածաշրջանի երթուղիները ապաշրջափակելու՝ Հայաստանի ձգտումները և նույն Հայաստանի դժգոհությունը «միջանցք» տերմինից։
«Որպեսզի այն շփոթը, որի մասին այս ամբիոնից խոսել եմ կապված «միջանցք» եզրաբանության հետ, որը աշխարհի այլ հատվածներում այլ իմաստ ու նշանակություն ունի, մեր հատվածում մեզ հայտնի և բոլորին հայտնի հանգամանքների բերումով՝ մի փոքր այլ։ Մենք այդ նյութի մեջ նաև ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները, և դա մենք ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ և պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել միջազգային մի շարք գործընկերների՝ ակնկալելով նաև նրանց արձագանքը»։
Ի դեպ, «Խաղաղության խաչմերուկ» անվանումով անգլալեզու բրոշյուրն արդեն պատրաստ է տպարաններից դուրս գալու։ Հետագայում նախատեսվում է պատրաստել կարճ տեսանյութ կամ հոլովակ։
Հայաստանի այս մոտեցումները ներկայացվել են նաև «3+3» հարթակում, որտեղ Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ հերթական անգամ շեշտվել է հայկական կողմի դիրքորոշումը և շահագրռվածությունը տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։
«Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ և մեծ տարածաշրջանային կամ մեծ միջազգային կոմունիկացիոն լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը, և դրա առաջին շահառուն ու առաջին առաջ մղողը հենց ՀՀ–ն է։ Անշուշտ, եթե կան երկրներ, իսկ մենք այդպիսի դրսևորումներ էլ ենք տեսել, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին կամ այլ ենթաշերտեր կամ ենթաիմաստներ են դնում, այլ կերպ են պատկերացնում, սա իհարկե, տեղի ունենալ չի կարող։ Ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքի համապատասխան, տվյալ դեպքում ՝ մեր ինքնիշխանության, իրավազորության հարգմամբ»։
Խնդիրների լուծման նոր տեսլականների կողքին կան նաև հարցեր, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո։ Արցախցիներին սոցիալական աջակցության նոր ծրագրերի մասին կառավարությունը խոստացավ խոսել վաղը, բայց կա մեկ այլ խնդիր, որի վրա ուշադրություն հրավիրեց ՆԳ նախարարը։ Վահե Ղազարյանը հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ժամանակ Հայաստան է բերվել զենք–զինամթերք։
«Ունենք դեպքեր, որ մարդիկ արդեն կամավոր բերում հանձնում են։ Երեք օրվա ընթացքում 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հերթափող զենք է ԼՂ բնակիչների կողմից հանձնվել։ Որը ձեռք է բերվել ՀՀ–ից, մենք ունենք որոշակի տեղեկություններ, բայց որը ձեռք է բերվել ԼՂՀ–ում, մենք որևէ տեղեկություն չունենք։ Կոչ եմ անում ԼՂ բոլոր բնակիչներին, որպեսզի բերեն և կամավոր հանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք–զինամթերքները»։
Ի դեպ, իր մոտ ունեցած «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 լիցքավորված փամշտատուփով այսօր իրավապահներին հանձնել է Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանը։




