
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի չի ունենա՝ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նա հեռավար մասնակցել է «APRI Armenia» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:
Բրյուսելյան հանդիպումը չեղարկելու կամ Կլաարի ձևակերպմամբ հետաձգելու մասին հայտարարությունը թեժացրել է ֆորումի քննարկումները։ Փորձագետները համոզված են, որ հանդիպման չեղարկմամբ Բաքուն նոր առևտուր է սկսում։
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը՝ հոկտեմբերի 31-ին նախատեսված բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին, դարձավ «ԱՊՐԻ Արմենիայի» նախաձեռնած ֆորումի քննարկման գլխավոր թեման։ Այս չեղարկումն, ըստ Կլաարի, նշանակում է, որ Արևմուտքը չկարողացավ հասնել այն հավակնոտ նպատակին, որին ձգտում էր։ Սա նշանակում է նաև, որ Արևմուտքը ձախողել է։
Բացելով փակագծերը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասնում է՝ ակնկալվում էր, որ հանդիպումը խորհրդանշական կլինի ու Բրյուսելում հնարավոր կլինի նաև փաստաթուղթ ստորագրել։ Տոյվո Կլաարը ավելի ուշ շեշտեց նաև, որ վիճակը լրիվ անհույս չէ, և որ ինքն առաջիկա շաբաթների ընթացքում տեղաշարժի հնարավորություն է տեսնում։ Չմանրամասնելով՝ ԵՄ պաշտոնյան ընդգծեց։
«Մենք ուզում ենք, որ ԼՂ վերադառնալու ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ, և որքան շատ, այնքան լավ։ Իհարկե, այժմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում դադար է։ Գրանադայում էին միայն Հայաստանի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահն ու Շառլ Միշելը, Ալիևն այդ հանդիպմանը չէր մասնակցում։ Ենթադրվում է, որ Բրյուսելում հանդիպում կլինի, սակայն դա տեղի չի ունենա հոկտեմբերի 31-ին։ Բայց մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Եվրախորհրդարանում նշվեց, որ պետք է լինի տարածքային ամբողջականության ճանաչում, պետք է լինի տարածքային ամբողջականության չափերի ճանաչում, տեղի ունենա սահմանագծում և սահմանազատում և հետո արդեն ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը ենթադրում է նաև հայ-թուրքական սահմանի բացում։ Կարծում եմ, որ զարգացումները դանդաղ են ընթանում, սակայն կկարողանանք հասնել նախանշվածին»։
Ներկա փորձագետների դիտարկմանը, թե ինչու տեղի ունեցավ 2020 թվականը, ինչին հաջորդեցին 2021–ին ու 2022–ին ադրբեջանական ներխուժումները Հայաստանի տարածք, Կլաարը պատասխանեց՝ տեղի ունեցածը բացատրելու համար պետք է հետ գնալ 90-ականներ, նաև պատմաբաններին հանձնարարել, որ հետազոտություններ անցկացվեն հասկանալու համար, թե ինչ պետք է արվեր, որ 2020 թ․-ի պատերազմը տեղի չունենար։
«Իմ պաշտոնավարման ընթացքում ակնհայտ էր, որ իրավիճակը սխալ ուղղությամբ էր զարգանում, սակայն ԵՄ–ն դերակատարում չուներ այն ժամանակ։ ԵՄ–ի առջև հնարավորություններ բացվեցին 2021 թվականից ։ Համոզված եմ, որ եղել են հնարավորություններ պատերազմը կանխելու, սակայն դրանք չեն օգտագործվել»։
Այսօր Կլաարը ֆիքսում է, որ Հարավային Կովկասի կայունության երաշխիքը բազմազգ առաքելության ներկայությունն է ԼՂ-ում։ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը օգտակար է համարում նաև Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը, ասում է, որ ԵՄ–ն որևէ երկրի չի փորձում հեռացնել այս տարածաշրջանից, ինչպես կարծում է Ռուսաստանը։
Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող, Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսիա Վարտանյանի կարծիքով՝ Կլաարի հայտարարությունն իրականում վատ լուր էր։
«Սարսափելի է իրավիճակը, իրադրությունը գլխիվայր շուռ եկավ։ Դա շատ վատ լուր է, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի հետ երկխոսության մեջ, կարող է էսկալացիա, կոլապս առաջանալ»։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը փորձում է հստակ պատասխան ստանալ՝ ԵՄ–ն չի՞ հասկանում, թե՞ չի ուզում հասկանալ, որ պետք է Ադրբեջանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառել։ Տոյվո Կլարը հարցը հուզական է համարում , համոզված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման, առաջ շարժվելու հնարավորություն կա։
Ավելի ուշ «Ռադիոլուրի» հետ զրույցում ադրբեջանագետը չարդարացված լավատեսության շրջանակում դիտարկեց Կլաարի այն ձևակերպումը, թե հարաբերությունների նորմալացման հնարավորություն կա․
«Քանի որ եվրոպական ձևաչափերը կենտրոնացած են խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, և բոլորն ունեն այն պատրանքը, որ եթե Ալիևը «լուծի» Ղարաբաղի հարցը, ապա խաղաղության պայմանագրի կնքումը անարգել կընթանա, սակայն ամեն ինչ ցույց է տալիս հակառակը՝ Ադրբեջանի ղեկավարությունը այսօր առավել քան երբևէ որևէ փաստաթղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ, քանի որ ամեն անգամ մարսում է ուժի կիրառումը, էթնիկ զտումը, ագրեսիվ գործելաոճը, և այս իրողության պայմաններում ինքը չունի շահագրգռվածություն իրեն թղթերով կաշկանդելու։ Ինքը արևմտյան գործընկերներից ու ձևաչափերից որևէ իրական սպառնալիք չի տեսնում՝ սանկցիաների տեսքով կամ այլ գործողություններով»։
«Ապրի Արմենիայի» ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, այս դիտարկումը լրացնելով, «Ռադիոլուրի» հետ զրույցում ԵՄ–ի կողմից պատժամիջոցների կիրառման հավանականությունը շատ փոքր է համարում։ Ասում է՝ իրավիճակն այլ է ԱՄՆ–ի դեպքում։
«ԵՄ-ում որոշումներն ընդունվում են միաձայն, առնվազն մի քանի պետություն դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցի քննարկմանը նույնիսկ։ Ցավոք, ԵՄ–ում այժմ կա ընկալում, որ առանձին պետություններ փորձում են պատժամիջոցներ չկիրառել, հետևաբար ԵՄ-ից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հավանականությունը փոքր է, նույնիսկ եթե լինի նոր ագրեսիա ՀՀ դեմ։ ԱՄՆ պարագայում այլ է, ԱՄՆ լայն փորձ ունի անհատական պատժամիջոցների կիրառման գործիքակազմ՝ սկսած Ռուսաստանից վերջացրած Չինաստանով, հետևաբար ԱՄՆ կողմից դա կլինի քաղաքական որոշման հարց է»։
Վերադառնալով բրյուսելյան հանդիպման չեղարկմանը՝ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նկատում է՝ այս հարթակ վերադառնալու հարցը Բաքուն դարձյալ սակարկման նյութ կդարձնի։
«Նայած ինչ քննարկումներ են ծավալվում կուլիսներում, ինչ ուղերձներ է ստանում Ալիևը։ Կարծում եմ՝ ինքը հիմա փորձում է գին բարձրացնել, որպեսզի Արևմուտքը շատ շահագրգռված լինի և խնդրի իրեն վերադառնալ այդ ձևաչափ, և այդ վերադարձի գինը գուցե կլինի, որ բացառվեն ԼՂ հայերի վերադարձի շուրջ քննարկումները, բացառվեն միջազգային ներգրավվածության մասին հետագա զրույցները»։
Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ Բրյուսելը չեղարկվում է Ալիևի դիրքորոշման պատճառով։ Նա փորձում է Իրանի ու Ռուսաստանի աչքերում առավելություն ստանալ՝ ասում է զրուցակիցս։
«Իմ գնահատմամբ՝ Ալիևը ուզում է ցույց տալ Իրանին ու Ռուսաստանին, որ տեսեք, Հայաստանն է ոչ բարեկամական քայլեր ձեռնարկում։ Վստահ եմ, որ Թուրքիան այս գործընթացում նույնպես կա և ուղերձներ է հղում։ Չեմ բացառում, որ դրանով Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ֆոն ստեղծել»։
Պողոսյանի կարծիքով՝ այն սցենարի դեպքում, երբ որևէ գործողություն ձեռնարկվի Հայաստանի դեմ, և Ռուսաստանն ու Իրանը առնվազն չընդդիմանան, հնարավոր կլինի «ոչ բարեկամական քայլեր անող Հայաստանին «պատժելը»։



