ԿարևորՔաղաքական

ԵՄ-ի հավասարության քաղաքականությունը ձախողվել է․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ ու հրահրող քաղաքականությունը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, որոնք այժմ մշակման փուլում են՝ Երևանում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Նրա խոսքով՝ իր երկիրն ինտենսիվորեն աջակցում է  խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին։ Միխայել Ռոթն այսօր է ժամանել Հայաստան, արդեն հասցրել է մի շարք հանդիպումներ ունենալ, որոնց արդյունքներն ու այցի նպատակը ամփոփել է լրագրողների համար արված հայտարարությամբ։

Հայաստան այցի հիմնական նպատակը մեկն է՝ համերաշխություն հայտնել Հայաստանին, որպես ժողովրդավար երկրի և ուղերձ հղել նաև Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմին՝  ասում է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

«Ռազմական ուժի կիրառումը ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ միանշանակ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և մենք խստորեն դատապարտում ենք այս գործելաոճը»,-ասաց գերմանացի դիվանագետը։

Միխայել Ռոթի խոսքով՝ այն հավասարության քաղաքականությունը, որը ԵՄ-ն վարում էր երիտասարդ ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի միջև, ձախողվել է։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ պետք է վերաձևակերպել այդ քաղաքականությունը, այսինքն՝ հստակ դիրքորոշում ունենալ երկու երկրների հետ առանձնաբար։

«Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ ու հրահրող քաղաքականությունը, անշուշտ, կձեռնարկվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են, և մենք կշարունակենք նույն ինտենսիվությամբ աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին»,-հավելում է գերմանացի պատգամավորը։

Ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հստակեցրեց՝ այնպես չէ, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիցողների փաթեթը դրված է սեղանին ու պատրաստ է կիրառման։ Ասաց, որ ինքն անձամբ ամեն ինչ կանի, որ դրանք կիրառվեն։

«Ամեն դեպքում մենք թույլ չենք տա ԵՄ-ի էներգետիկ համագործակցության ինտենսիվացում Ադրբեջանի հետ։ Ավտորիտար պետությունները միայն մեկ լեզու են հասկանում, այդ պատճառով էլ հարկավոր է շեշտել, թե ինչպիսի հետևանքներ կունենան նրանց հնարավոր ռազմական գործողությունները, եթե  նման զարգացումներ տեղի ունենան»,-շեշտեց գերմանացի պատգամավորը։    

Նա չի կարծում, թե մինչև այժմ  Բաքուն իր սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքների հետ չի առերեսվել։ Վստահեցնում է՝ Ադրբեջանը կորցրել է վստահելի գործընկերոջ իր իմիջը և միջազգային հանրության կողմից այլևս այդպիսին չի դիտարկվում։

«Ինչ վերաբերում է մեր գործողություններին, ապա ամեն ինչ պետք է անենք, որ գործընթացը տեղի ունենա բանակցային սեղանի շուրջ, ձեռք բերվի կենսակայուն խաղաղություն, որը կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-նշեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: 

Միխայել Ռոթը կողմնակից է, որ ԵՄ-ն ընդլայնի իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, ինչը Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից շահեկան է։ Ասում է ՝Գերմանիան աջակցում է այդ քաղաքականությանը։

Միխայել Ռոթը ուղենիշային է համարում վարչապետ Փաշինյանի վերջին ելույթը Ստրասբուրգում,  ասում է՝ եվրոպական կառույցներին հնարավորինս մերձենալու ճանապարհին Գերմանիան սատարելու է Հայաստանի ցանկությունները։  Նա կարծում է, որ ԵՄ-ն հնարավորինս արագ պետք է զարգացնի ու ընդլայնի իր տնտեսական ու քաղաքական համագործակցությունը Երևանի հետ ու ավելի լայն աջակցություն ցուցաբերի ԼՂ-ից տեղահանվածներին։     

Back to top button