ԿարևորՔաղաքական

Իրանը աջակցել ու աջակցելու է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ համատեղ ծրագրերն ընդլայնվում են

Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։ Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը՝ Երևանում հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։ Հայաստանն ու Իրանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական սերտ կապեր ունեն։ Իրանը ներգրավված է տարբեր ծրագրերում։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացնի իրանական երկու կազմակերպություն։ Ընկերությունները նաև կմասնակցեն Վարդանիձորից մինչև թունելի ելք ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Բացի այդ, Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են հրաժարվել ճանապարհների համար գանձվող գումարներից։

Իրանի քաղաքականության հիմքում Կովկասում խաղաղության հաստատումն է․ Հայաստանի հարավային հարևանի դիրքորոշումը մեկ անգամ ևս հստակեցնում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։ Մեհրդատ Բազրփաշը տեղեկացնում է՝ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում իրենք այդ մասին հայտարարել են․

«Մենք նշել ենք, որ դեմ ենք Զանգեզուրի միջանցքին։ Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն։ Գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել։ Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը ու կշարունակի աջակցել։ Այն ենթակառուցվածքները, որ ստեղծվում են երկու երկրների միջև, ուղղված են կայուն խաղաղությանը»։

Իրանցի պաշտոնյան ընդգծում է՝ Իրանը Կասպից ծովի արևելյան ու արևմտյան կողմերում ենթակառւցվածքային ծրագրեր են պլանավորել։ Հայաստանը այդ ճանապարհով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ դեպի ծով։ ԻԻՀ-ն կարող է տրանզիտ երկիր դառնալ բեռների փոխադրման համար՝  խթանելով տարածաշրջանային համագործակցությունը՝ ասում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։ Հայաստանն ու Իրանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական սերտ կապեր ունեն։ Իրանը ներգրավված է տարբեր ծրագրերում։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացնեն իրանական երկու կազմակերպություն։ Այդ ընկերությունները նաև կմասնակցեն Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման աշխատանքներին։

ՀՀ ՏԿԵՆ ԳՆել Սանոսյանն արձանագրում է․  «Փաստացի Երևանից մինչև Իրանի սահման առաջին հատվածն է, որը շուտով շինարակական փուլ կմտնի։ Ուրախ ենք շատ, որ համագործակցությունը իրանական գործընկերների հետ հաջողվեց, և իրանական ընկերությունները կիրականացնեն այդ հատվածի շինարարությունը։ Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում մեծ ակտիվություն կա՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամբարներ, ջրագծեր։ Պետք է փաստենք, որ իրանական տարբեր ընկերություններ մեծ փորձ ունեն այդ աշխատանքներն իրականացնելու»։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծում է՝  հարավային հատվածի շինարարության մեկնարկն է տրվում։ 214 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսված 32 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը  կավարտվի երեք տարի հետո․

«Քաջարանի թունելի հատվածն առանձին նախագիծ է, այժմ քննարկվում են հայտ ներկայացրած ընկերությունների մրցութային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթի մասին։ Տվյալ թունելի միջոցով հնարավոր կլինի ամբողջությամբ շրջանցել Մեղրիի լեռնանցքը։ Քաջարանից դեպի Ագարակ հատվածը 43 կիլոմետր է, որից 32 կիլոմետրի շինարարության մեկնարկը տրվում է այսօր ստորագրվելիք պայմանագրով։ Մնացած հատվածի վերաբերյալ մրցույթը կհայտարարվի սեղմ ժամկետում»։

Ընդհանուր այդ հատվածում նախատեսվում է կառուցել բազմաթիվ կամուրջներ և երկու փոքր թունելներ՝ համապատասխանաբար 800 և 400 մետր երկարությամբ։ Դա, ըստ էության, Մեղրի քաղաքը շրջանցող հատվածն է, որն էլ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային մասն է կազմում։  Ճանապարհը կունենա երեք երթևեկելի գոտի, որի երկայնական ու լայնական թեքություններն ամբողջությամբ կառուցվելու են առաջին կարգի ճանապարհի պարամետրերով։ Իրականացվելու են հսկայական հողային և բետոնային աշխատանքներ, որոնց   չեն կարող խանգարել անգամ անբարենպաստ եղանակային պայմանները, թեև Հայաստանի հարավում սովորաբար ցուրտ ձմեռ չի լինում։ Հիմնական ասֆալտապատման աշխատանքներն իրականացվելու են ավարտական փուլում։

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև հրաժարվել երկու երկրների միջև գործող ճանապարհավճարներից։ Բացի այդ, ըստ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի, նախատեսվում է Արաքս գետի վրա երկրորդ կամուրջը կառուցել։ Իրանական ընկերությունները ՀՀ-ում բնակարանաշինական ու դպրոցաշինական ծրագրերին նույնպես կմասնակցեն։ Նախատեսվում է համատեղ կոմիտե ստեղծել ու համագործակցել ըստ անհրաժեշտության։

Back to top button