
Առաջիկա տասնօրյակում հայ-ադրբեջանական բարձրաստիճան հանդիպումներ կազմակերպելու առաջարկներ կան թե Բրյուսելից, թե Մոսկվայից։ Փորձագետները, հիշեցնելով Գրանադայից Ալիևի հրաժարվելու քայլը, նկատում են, որ Բաքուն նոր հարթակների փնտրտուքի մեջ է, չեն բացառում նաև Բրյուսելի տապալման հնարավորությունը։ Մոսկովյան հարթակին, կարծում են, Ալիևը դեմ չէ, ավելին՝ փորձում է շրջանառության մեջ դնել նաև այլ հարթակներում հանդիպման հավանականության թեման։
Բաքուն խուսափում է բրյուսելյան հարթակից և ամեն ինչ կանի մինչև այս ամսվա վերջ Բրյուսել չմեկնելու համար՝ համոզված են փորձագետները։ Միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ ամենայն հավանականությամբ Ալիևը նոր պայմաններ կառաջադրի Երևանին, որպեսզի խափանի սպասվող որևէ փաստաթղթի ստորագրումը։
«Կփորձի տապալել Բրյուսելը, որպեսզի այնտեղ ոչ մի բան չստորագրի, եթե նույնիսկ գնա։ Կաշխատի չգնալ, կարծում եմ, ինչը շատ դժվար կլինի Գրանադայից հետո։ Դժվար կլինի նաև մի նոր բան հնարելը, որպեսզի չգնա, նաև Եվոպայի կողմից այլ կերպ ընկալվի չգնալը, դրա համար կփորձի չփչացնել առանց այդ էլ վատացող հարաբերությունները Եվրոպայի հետ։ Դրա համար, կարծում եմ, նոր պայմաններ կառաջադրի, որը կապված կլինի անկավների հետ»։
Նախօրեին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, ի պատասխան նոր առաջարկներ դեռ չի ուղարկել։ Հայաստանի փոխարտգործնախարարը հստակեցրել է, որ Գրանադայում, որտեղ տեղի ունեցած հանդիպմանն Ալիևը չներկայացավ, որոշակի ուղենիշներ են հստակեցվել։ Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵԽ ղեկավարների համատեղ հայտարարության տեքստում ամրագրված սկզբունքները պետք է տեղ գտնեն «խաղաղության պայմանագրում» կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում։ Հայկական կողմն, ըստ այդմ, փորձում է հասկանալ, թե Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային ինչ դիրքորոշմամբ կներկայանա, ինչից հետո Երևանը կուղարկի իր նոր առաջարկները։
Քաղաքագետ Արա Պողոսյանը նույնպես համոզված է, որ Բաքուն կփորձի խուսափել բրյուսելյան հարթակից՝ նախապատվությունը տալով այլ հարթակներում բանակցություններին․
«Արևմտյան հարթակները Ադրբեջանի վրա որոշակի ճնշումներ են գործադրում, որոնցից Բաքուն փորձելու է խուսափել, իսկ խուսափելու միջոցը լինելու է նոր հարթակների փնտրտուքը կամ ձևավորումը։ Թբիլիսյան հարթակը, ինչպես երևում է, չի կայանա։ Հետևաբար՝ մնում է «3+3»-ը, և կարծում եմ Բաքվի հիմնական գործը լինելու է պլատֆորմը տեղափոխել տարածաշրջանային հարթություն, որտեղ իր դիրքերը շատ ամուր են լինելու։ Սակայն, կարծում եմ, որ Արևմուտքը ևս պարապ չի նստելու և փորձելու է իր ունեցած գործիքակազմի շրջանակում պարտադրել Բաքվին, որպեսզի Բրյուսելում այնուամենայնիվ որոշակի հայտարարություններ արվեն»։
Փորձագետները նույն տրամաբանության մեջ են դիտարկում նաև հոկտեմբերի վերջին Ռուսաստանում հնարավոր հանդիպումը։
Միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը պնդում է, որ Բաքուն հետևում է գլոբալ զարգացումներին և իր գործողությունները դրանցով է պայմանավորում։
«Ադրբեջանը խուսափում է պայմանագիր ստորագրել, կլինի դա խաղաղության թե այլ մի պայմանագիր, քանի դեռ գլոբալ աշխարհակարգը չի ձևավորվել։ Իսկ դա կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաջողություններից կամ անհաջողություններից։ Դրանից հետո դժվար կլինի Ադրբեջանին նոր նվաճումներ ունենալ՝ ի հաշիվ Հայաստանի, իսկ մինչ այդ, քանի իրավիճակը խառն է, կփորձի օգտվել իրադրությունից»։
Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, թե այսօր տարածաշրջանում խաղաղության եզակի պատմական հնարավորություն կա, փորձագետներն իմիտացիա են համարում։ Նման հայտարարություններով Բաքուն ուզում է ցույց տալ, թե իբրև շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, բայց իրականում փորձում է օգտվել իրավիճակից։




