ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ը Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավոր Աշվանյանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Ամերիկայի հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին։

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։

Կողմերը քննարկել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Ամերիկայի հայ իրավաբանական միության համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։

Իր հերթին Արմենուհի Էմի Աշվանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։

Back to top button