ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հրատապ լուծումների կարիք՝ ճգնաժամային իրավիճակում. մանկապարտեզներում մեծ հերթեր են

Երևանյան մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը մեծացել է։ Երեխաներին տեղավորելու հրատապ խնդրի առաջ են նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։ Թեև քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում վերադասավորումներ անելու ուղղությամբ,  բայց չի էլ կարող անտեսել նախապես հերթագրված 8300 երեխաների իրավունքները։ Արցախից  500 երեխա արդեն տեղավորվել է երևանյան մանկապարտեզներում։ Խնդիրը լուծվելու է նաև այն 24 մանկապարտեզների հաշվին, որոնք այժմ վերակառուցվում և հիմնանորոգվում են։

Մարիամ Աբրահամյանի դուստրը՝ Միան, առաջին դասարանի աշակերտ է։ Նա արդեն իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցներից մեկն է հաճախում։ Իսկ որդիների համար Արաբկիր վարչական շրջանի պետական մանկապարտեզներում տեղ գտնել չի հաջողվել։

«Որոշեցի բալիկներիս մանկապարտեզ տեղավորել, որովհետև արդեն աշխատանքի կարիք կար, դիմեցի Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ, որտեղ կան կրտսեր խմբեր։ Պատասխանը մեկն էր՝ ազատ տեղեր չունենք, պետք է հերթագրվել ու սպասել մեր հերթին»։

Մասնավոր մանկապարտեզներից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել որոշ ժամանակով անվճար ընդունել Մարիամի որդիներին, սակայն խնդիրը համատարած է։

Երևանում գործող 162 մանկապարտեզներ է հաճախում 26 500 երեխա։  Եթե մինչև արցախցիների բռնի տեղահանումը մայրաքաղաքի մանկապարտեզների հերթում սպասում էր 8300 երեխա, ապա հիմա այդ թիվը էականորեն  մեծացել է։ Հատկապես խնդրահարույց է մսուրային տարիքի երեխաների ընդունելությունը, քանի որ 162 մանկապարտեզներից կրտսեր տարիքային խմբեր ունեն միայն 70-ը։ Բռնի տեղահանված արցախցի 500 երեխա արդեն տեղավորվել է երևանյան մանկապարտեզներում՝  հայտնում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը։ Չնայած լիցենզիայով սահմանված տեղերին՝ մանկապարտեզներում տեղավորելու հարցը փորձում են լուծել այն մանկապարտեզների հաշվին, որտեղ վերադասավորման հնարավորություն կա։

«Մենք անհատաբար աշխատում ենք ընտանիքների հետ՝ ուղղորդելով այն մանկապարտեզներ, որտեղ կան ազատ տեղեր, որովհետև լիցենզիայով են այդ տեղերը սահմանվում։ Իսկ լիցենզիան ուղղակի բյուրոկրատիա չէ, թիվ չէ, դա ուղղակի կրթական միջավայր է, որն անհրաժեշտ է երեխայի համար ապահովել»։

200-ից ավելի երեխա էլ ընդգրկվել է մասնավոր մանկապարտեզներում՝ մեծամասնությունը՝ անվճար հիմունքներով, մյուսները՝ մեծ զեղչերով, ասում է  մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանը։ Ավելի մեծ քանակով երեխաների տեղավորելու հնարավորություն չեն ունեցել՝ ասում է։

«Քանի որ մենք պետության կողմից չենք վճարվում, յուրաքանչյուր կենտրոնի տնօրեն և հիմնադիր ֆինանսական ամբողջ բեռն իր և ծնողների վճարած գումարներից է վճարում։ Շատ կենտրոններ կես օրով են վերցնում անվճար, 1-6 ամսով»։

Քաղաքապետարանում համապատասխան ստորաբաժանումները գնահատում  են բոլոր և յուրաքանչյուրի կարիքները,  բաց են ցանկացած քննարկման ու առաջարկի համար, բայց չեն կարող նաև խախտել այն ծնողների իրավունքները, որոնք իրենց երեխաներին վաղուց արդեն հերթագրել են մանկապարտեզներում։ Ելենա Հարությունյան.

«Մենք պետք է ապահովենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքները։ Բնականաբար, ավելի դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցները հատուկ ուշադրության ներքո կլինեն, կփորձենք ավելի հասցեական  աջակցություն տրամադրել»։

Առանձին կենտրոններ բացելու և արցախցի երեխաներին տեղավորելու՝ ավելի վաղ հնչած առաջարկին դեմ են թե քաղաքապետարանում, թե մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայում։ Առաջարկը չեն ողջունում նաև արցախցիները։ Ավելին՝ նրանք չեն էլ ուզում, որ իրենց երեխաները մանկապարտեզներում տեղավորվեն երևանաբնակների հաշվին։ Բայց քանի որ ճգնաժամային իրավիճակներում նաև հրատապ լուծումներ են անհրաժեշտ, քաղաքապետարանի պաշտոնյան խոստանում է խնդիրներն ու առաջարկները ևս մեկ անգամ բարձրացնել քաղաքապետարանում։  Ի դեպ՝ 24 մանկապարտեզում այժմ վերակառուցում և հիմնանորոգում է կատարվում։ Քաղաքապետարանում վստահ են՝ դրանց  շնորհիվ զգալի  կնվազի հերթում սպասող երեխաների թիվը։  Կքննարկվի նաև շաբաթ –կիրակի օրերին երեխաներին մանկապարտեզ տանելու հնարավորությունը։ Ծնողների զբաղվածությանը դա իհարկե չի նպաստի, բայց գոնե մասամբ ինտեգրմանը կօգնի։

Back to top button