ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել․ Սամվել Շահրամանյանը խախտել է լռությունը

Կուտակված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցիներ հավաքվել են Արցախի ներկայացուցչության մոտ ու պատասխաններ պահանջել։ Նրանց հետ հանդիպել ու Հայաստան տեղափոխվելուց հետո առաջին անգամ լռությունը խախտել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը՝ ասել է Շահրամանյանը՝ արձագանքելով բողոքի ակցիայի մասնակիցների հարցերին․ նշել է, որ առաջիկայում հանդես կգա հրապարակային պարզաբանումներով, ապա  նաև հանդիպում ունեցել մասնակիցների փոքր խմբի հետ։   

Պայքարել 30 տարի ու այսօր չունենալ հանրապետություն՝  արցախցիներին ամենաշատն այս պահին հուզող հարցերից մեկն է։ Այն պատասխանատուներին  ուղղելու և պատասխաններ ստանալու համար արցախցիներն այսօր վաղ առավոտից Արցախի ներկայացուցչության մոտ էին։

«30 տարի մարդիկ պայքարել ենք, հանրապետությունում ստեղծել, մեկ րոպեում այն լուծարվեց ու վերջ։ Ժողովրդին հուզող ամենամեծ հարցը դա է»։

Ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների հետ հանդիպեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցերը շատ են, որոնց մասին այստեղ չեմ կարող խոսել,  խախտելով շուրջ մեկամսյա լռությունը և Հայաստան տեղափոխվելուց հետո առաջին անգամ հանդես գալով հանրային կարճ պարզաբանմամբ, ասաց Արցախի նախագահը ։ 

Նրա խոսքով՝  ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։

«Մարդ կա՞, որ փաստաթուղթը տեսել է։ Այդ փաստաթղթի հետ կապված բավականին հարցեր կան։ Ես այստեղ չեմ կարող ասել։ Բայց վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթի և դրական կողմերին եմ տեղյակ, և բացասական։ Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»։

Սամվել Շահրամանյանը խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ հրապարակային պարզաբանումներով։  Ասաց, որ պատասխանները կտրվեն Հանրային հեռուստատեսության եթերում: Ինչ վերաբերում է փաստաթուղթը ստորագրելու պայմաններին, ապա նպատակն, ըստ Շահրամանյանի, ռազմական գործողությունները դադարեցնելն էր։

«Ստորագրվեց, որ ռազմական գործողությունները կանգնեցվեն։ Ամսի 20–ին՝ 24 ժամ հետո, ռազմական գործողությունները կանգնեցին: Դուք գիտեք, թե որտեղ կանգնեց։ Որևէ մեկը թող չկասկածի, որ  եթե մենք կարողանայինք հաղթել այդ ռազմական գործողություններին, մենք մինչև վերջ չէինք կանգնի։ Մենք խնայել ենք մեր տղաների, քաղաքացիական բնակչության կյանքը։ Եթե պատերազմը չկանգներ, մեկ ժամ հետո Ստեփանակերտ կմտնեին»։

Արցախցիների մի մասի հետ զրույցը շարունակվեց ներկայացուցչության շենքում։  Քննարկումից հետո Շահրամանյանն ասաց, որ պարզաբանումներ են տրվել հիմնականում սոցիալական բնույթի հարցերին՝ տեղավորման, աշխատանքի ու աշխատավարձերի հետ կապված: Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, դրանց պատասխանները բարձրաձայնման ենթակա չեն՝ ասաց Արցախի նախագահը՝ արցախցիներին հորդորելով սթափ լինել և չտրվել սադրանքների:

«Այս ամեն ինչը վտանգավորություն է  ներկայացնում։ Զգոն լինենք այս հարցերի շուրջ։ Պետք չէ սադրանքների գնալ։ Սա մեզ բնորոշ չէ։ Բոլորի ներկայությամբ  հայտարարում եմ․ այն ինչը օրինական պահանջ է ձեր կողմից, ես ձեր կողքին եմ, այն ինչը անօրինական է, ես չեմ կարող ներգրավվել։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք ՀՀ–ի ու Արցախի հետագա ճակատագիրը»։

Սամվել Շահրամանյանը հեռացավ, բայց քաղաքացիները չհեռացան։ Ավելին՝ բախում տեղի ունեցավ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա անող արցախցիների ու Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Կարեն Շահրամանյանի միջև։ Երկար բանակցություններից հետո հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը, կան բերման ենթարկվածներ։ Արցախցիները կատարվածը սադրանք որակեցին․

«Գաղտնիք չէ, որ առանց այն էլ շատ խարխուլ վիճակում գտնվող Արցախի պետականությանը վերջնական կործանել։ Համոզված եմ, որ մի փոքր մասը եկել է այդ նպատակով։ Ես ինքս ներողություն եմ խնդրում»։

Մարդիկ ցանկանում են, որ Արցախի պետական ինստիտուտները շարունակեն աշխատել, բայց մինչև ակցիայի մեկնարկն արդեն հայտարարություն  էր տարածել Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը, ուստի Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի գործունեությունը։

Back to top button