ԿարևորՄշակույթ

Երկխոսություն՝ գեղանկարչության ու երաժշտության միջև

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել «Հակոբ Հակոբյան 100. Հոգու հայելի» ցուցադրության շրջանակում. ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ցուցասրահներում, ծանոթացել նմուշներին: «Հակոբ Հակոբյանի յուրաքանչյուր կտավ բարոյականության դաս է իր մաքրությամբ»,- ասել է մաեստրոն անվանի գեղանկարչին բնորոշելիս:

«Մեզ համար կարևոր է ավագ սերնդի փորձառությունն ու ստեղծած արժեքները կամրջել երիտասարդների՝ մեր ժամանակներում ստեղծվող նորարար գաղափարներին: Դուք ձեր անցած ճանապարհով, արժեքաբանությամբ ստեղծել եք այն ամուր հողը, որի վրա մեր երիտասարդները պետք է զարգացնեն իրենց ներուժը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Ոգեշնչվելով Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից՝ քննարկվել է գեղանկարչության և երաժշտության միջև երկխոսություն ստեղծելու և երիտասարդ կատարողներին ներգրավելու գաղափարը. Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր սրահներում երիտասարդ կոմպոզիտորների հետ համագործակցաբար հնչեցնել թե՛ Մանսուրյանի հայրենների շարքը, թե՛ նրանց ստեղծագործությունները:

Back to top button