ԿարևորՀասարակություն

Որպես առաջնային պլան դիտարկել Հայաստանում մնալը․ գործադիրի հորդորը արցախցիներին

Կառավարությունն այսօր 2 մլրդ դրամ է հատկացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Արցախցիները գումարը կծախսեն բնակարանի վարձավճարների ու կոմունալ ծախսրեը հոգալու համար։ Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված աջակցությունը ստանալու համար որևէ հարթակում գրանցվելու կարիք չկա։

Հատկացումները կսկսվեն առաջիկա օրերին։ Նոյեմբերից արդեն օլնայն դիմումներ լրացնելու կարիք կլինի։ Գործադիրը սոցիալական աջակցությունը նախատեսում է 6 ամիս ժամկետով, նախնական հաշվարկներով՝ մինչև 2024 թ. մարտը ծրագիրը շարունակելու համար հարկ կլինի բյուջեից հատկացնել 30 մլրդ դրամ:

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասը հանրապետության ողջ տարածքում վարձով բնակարաններ է փնտրում։ Զրուցակիցս բազմանդամ ընտանիք ունի։ Վարձով բնակարան է փնտրում Երևանին մոտ որևէ բնակավայրում։

«Հեսա քանի օր է, ընկած չոլերը կացարան ենք ման գալիս, վարձով տուն։ Չենք գտնում, եթե գտնում ենք, դեպոզիտ են ուզում։ 200 հազար դրամ կանխավճար, 200 հազար դրամ դեպոզիտ, որ եթե դուրս գալիս պատերի վրա խազեր լինեն, դրանից հանեն, ամսվա վերջում էլ՝ 200 հազար դրամ տան վարձ»։

Արցախից բռնի տեղահանվածների աջակցության հերթական ծրագիրը կմեկնարկի առաջիկայում։ Հայաստանում սեփականություն չունեցող արցախցի բոլոր ընտանիքներին յուրաքանչյուր անդամի համար պետությունը կտրամադրի 40 հազարական դրամ՝ բնակվարձի, 10 հազարական դրամ էլ՝ կոմունալ վճարների համար։ Հայաստանում  սեփակականություն ունեցողները կստանան միայն 10 հազարական դրամները՝ կոմունալ ծախսերը հոգալու համար։ Առաջին ամսվա  անհրաժեշտ  2 մլրդ դրամը հատկացված է։ ԱՍՀՆ Նարեկ Մկրտչյանը հստակեցնում է․

«Հոկտեմբերին բոլորը կստանան, բայց նոյեմբերից արդեն մենք կստանանք տվյալները, կվերլուծենք, դրա հիման վրա կվճարեն նաև համայնքյաին տարբեր հաստատություններում այս պահին ապրող մեր հայրենակիցներին»։

Առաջիկայում  էլեկտրոնային հարթակ կգործարկվի, որտեղ մեկ անգամ դիմում կլրացվի ու  հաջորդ հինգ ամիսներին աջակցությունը կվճարվի դիմումի հիման վրա։ Աջակցությունից չեն օգտվի պետական խնամքի կենտրոններում գտնվողները։ Այս պահին 220 քաղաքացի է պետության հոգածության ներքո ապրում։

Վարչապետն արձանագրում է. «Այս գումարը տրվում է մարդկանց՝ բնակելի տարածք վարձելու համար։ Եթե մարդիկ գնում են վարձով բնակարան են վերցնում, այս գումարն իրենց տրվելու է։ Դեպք կա, որ տարբեր տեղերում են ընտանիքները տեղավորված։ Կարճաժամկետ խնդիրը մենք լուծել ենք, բայց հիմա խնդրում ենք, որ եթե հատուկ խնամքի կենտրոններում չեն, գումարի շրջանակում բնակարան վարձեն։ Մեր դիտարկումներով իրատեսական է, որ այս գումարի շրջանակներում բնակարան վարձեն ու իրենց կեցության հարցերը լուծեն»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հյուրանոցներից ու հյուրատներից  շուրջ  500 արցախցի օրական կտրվածքով  տեղափոխվում է  վարձակալած բնակարաններ։

Շարունակվում է նաև բռնի տեղահանված արցախցիներին միանվագ 100 հազարական դրամ աջակցության տրամադրումը։ Այս ծրագրի իրականացման համար 10 մլրդ դրամ է հատկացվել։ Գումարը փոխանցվում է շահառուների, անչափահասների դեպքում՝ երեխայի մոր կամ օրինական ներկայացուցչի  բանկային քարտին ։ 75 տարին լրացած, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, ըստ ցանկության, գումարը  կարող են նաև կանխիկ ստանալ։ Նրանց թիվն այս պահին 2600  է։ Վարչապետն ընդգծում է՝ գումարի վճարումը կանխիկ եղանակով պետք է նվազագույնի հասցնել,

«Շահառուների մյուս խմբի՝ 75 տարին լրացածների, առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամների համար բանկային քարտեր թողարկելը, բարդ խնդի՞ր է»։

Նարեկ Մկրտչյանն արձագանքում է՝ խնամքի կենտրոններում գտնվողներին, ըստ հնարավորության, աջակցում են  նոր քարտեր ունենալու կամ գումարը կանխիկացնելու ուղղությամբ։  10 հազար շահառուի, այդ թվում՝ 3700 երեխայի տվյալներ մշակվման փուլում են։ 80 հազարի դեպքում գումարը փոխանցվել է, մյուսներին՝ կվճարվի առաջիկա օրերին։ 

Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանից։ Աջակցության տարբեր ծրագրերի իրականացման համար ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում արդեն արվել է՝  տեղեկացնում է Հայաստանի վարչապետը։  Կառավարության ղեկավարը արցախցիներին կոչ է անում որպես առաջնային պլան ունենալ Հայաստանի Հանրապետությունում մնալը։

«Հույս ունեմ, որ շատ հստակ ենք այդ ուղերձը տալիս և նաև կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ Հայաստանի Հանրապետությունում մնալը։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինելու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»։

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մարդասիրական օգնության տրամադրման կարգը: Գործընթացը կկազմակերպեն համայնքների ղեկավարները։  Խոսքը սննդամթերքի, հագուստի, հիգիենայի ու խնամքի միջոցների, ինչպես նաև  դեղերի,  բժշկական սարքավորումների և այլ պարագաների  մասին է: Կդիտարկվեն «e-soc.am» հարթակում  ձևակերպված հայտերը։

Back to top button