ԿարևորՀասարակություն

Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է 44 հազար մարդ․ կառուցումն արդեն մեկնարկել է

Կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Ըստ նախագծի՝  այն շահագործման կհանձնվի 2030 թվականին։ Հայեցակարգով նախատեսվում է այստեղ տեղակայել  մինչև 16 բուհ։ Կառավարության հաշվարկներով ՝ այստեղ բնակվելու և աշխատելու է շուրջ 44 հազար մարդ։ Քաղաքն ունենալու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, համերգասրահ, կինոթատրոն և թատրոն, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ։

«Ակադեմիական քաղաքը» կառուցվելու է ոչ թե Աշտարակում, այլ Երևանում, ավելի կոնկրետ՝ 17-րդ թաղամասում ու դրան հարակից տարածքում։ Վարչական սահմաններով  այն  մայրաքաղաքի և Արմավիրի մարզի հատման կետում է։ Կառավարությունը որպես լրացուցիչ տարբերակ դիտարկում է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որին կանդրադառնա այն դեպքում, եթե դրա կարիքը լինի։

Ակադեմիական քաղաքի տարածքում տեղակայվելու է 16 բուհ՝ 8 պետական և  8 մասնավոր կամ միջազգային՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են 4 կլաստերները՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական և  սպայական: Ակադեմիական քաղաքը հարում է մեկ մայրուղու, այն Երևանին կապվելու է նաև երկաթգծով, որի մի մասն արդեն անցնում է հիմնական տեղամասով:Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով: Ընդհանուր առմամբ այստեղ աշխատելու և բնակվելու է մոտ 44 հազար մարդ»։

Անդրեասյանը հավելեց, որ ստեղծվելու են նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին: Լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ՝ կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով: Տարբեր մարզաեձևերի համար նախատեսված դահլիճներ, բուհական սպորտային ակումբեր: Այստեղ նախատեսվում է ունենալ նաև ազգային ստադիոնը՝ մինչև  35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և այլն։

«Ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի հոկտեմբերից և կավարտվի 2025-ի սեպտեմբերին, կառուցման փուլ՝ 2025-ի  հոկտեմբերից մինչև 2029-ի դեկտեմբեր: Եվ սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030-ի հունվարից»։

Այսպիսով` մենք թևակոխում ենք «Ակադեմիական քաղաքի» ստեղծման գործնական փուլ՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ առաջիկայում պայմանագիր կստորագրվի ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները։

«Այս պահին էլ արդեն աշխատանքներն իրականացվում են՝ գեոդեզիական, ենթակառուցվածքների հաշվարկները, ջրային ռեսուրսների տեղափոխման ուղիները։ Ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է բավականին մեծ տարածք՝ 700 հա, ընդ որում՝ մենք այնպես ենք հաշվարկել, որ անհրաժեշտության դեպքում այդ տարածքը նաև ընդլայնվելու հնարավորություն ունենա»։

Ըստ վարչապետի՝  «Ակադեմիական քաղաքը» պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև իր ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներով նոր խոսք ասի և ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա ՀՀ բնակիչների և օտարերկրյա զբոսաշրջիկների ու այցելուների համար։

Ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն, իհարկե,  ողջունում է, բայց նաև հարց է հնչեցնում՝ արդյո՞ք շենքերի և տարածքի փոփոխությունից նաև կրթության որակը կփոխվի․

«Շենքը չէ, որ ազդում է կրթության որակի վրա։ Գիտահետազոտական ինստիտուտները հիմա էլ կան ու հենց Երևանի կենտրոնում են։ Իմ մտահոգությունն այն է, որ սա հերթական դեպքն է, երբ բիզնես շահերը կրթությունն ու մշակույթը դուրս են մղում։ Կրթական, մշակութային հաստատությունները կենտրոնում պահելը թանկ հաճույք է, որովհետև դրանք գումար չեն բերում»:

Մինչ տարբեր շրջանակներում մտահոգություններ են հնչում գործող բուհերի շենքերի այլ կիրառության մասին, նախարարությունից  հավաստիացնում են, որ դրանց վերաբերյալ որևէ քննարկում առայժմ չկա։

Back to top button