ԿարևորՀասարակություն

Դասագրքի խմբագրումը կամ հետկանչը չի բացառվում. խճճվող պատմություն «Հայոց պատմության» շուրջ

25 տարի հայոց պատմություն դասավանդող Արմեն Սարգսյանը նստել է իր իսկ նկարած քարտեզների կողքին, դիմացը դրել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագիրքն ու չգիտի՝ ինչն է ավելի շատ աղավաղվում․ պատմությո՞ւնը, թե՞ աշակերտների՝ կրթության նկատմամբ վերաբերմունքը։

«Տղա երեխա ունեմ, որը, կներեք, վունդերքինդ է, նենց լավ հիշողություն ունի՝ անցյալ տարի տարա տնօրենի մոտ։ Հարցը բերանիցս չհանած պատասխանում էր։ Էս անգամ տեսավ՝ չի կարողանում դասը պատմի, լաց եղավ բարկությունից, կարմրեց, փախավ դուրս։ Այ էդ վիճակի կարող է էս գիրքը հասցնել էդ իմ ընտիր, հրաշալի երեխային»։

Պուշկինի անվան դպրոցի պատմության ուսուցչի ձեռքում տետր է․ էջ առ էջ նշել է բոլոր այն սխալները, որոնք գտել է նոր դասագրքում։ Նշումների մեջ ոճական, քերականական, բովանդակային, գիտական, իր խոսքով՝ նաև բարոյական սխալներ կան։

«Տեսեք, գրված է բառարան։ Կարդամ, երևի վերջում կմոռանաք՝ ինչ է գրված սկզբում։ «Բարձրավանդակը լայնածավալ զանգվածային բարձրություն, հարթ կամ թեթևակի ալիքավոր ջրբաժաններով․․․» էդ էլ պիտի բացատրես, «․․․հաճախ մեկ կամ մի քանի կողմերից սահմանափակվում է զառիթափերով կամ խորշերով»։ Արդյո՞ք սա հնարավոր է կրկնել։

«Հարթավայր՝ ցամաքի մակերեսի ծովերի և օվկիանոսների հատակի մեծ տարածքներ աննշան թեքություններով և բարձրությունների փոքր տատանումներով»։ Ի՞նչ հասկացաք․․․ Ես էլ չհասկացա ճիշտն ասած»։

Ու՞ր կորան Աղվանքը, Մասիսի ձյունը, Փորք Հայքը

Արմեն Սարգսյանը գրքում ամենահաճախը վարկածների է հանդիպել։ Ասում է՝ դրանց մի մասն անհիմն է, քանի որ պատմական այդ իրողություններն արդեն ապացուցված փաստ են, մյուս մասը՝ հակահայկական, վնասարար։

«Օրինակ՝ մեր երկվոր լինելը։ Ահա․ «Հայերի ծագման վաղնջական պատմության հարցն ամենաշատը քննարկված հարցերից է, կան մի քանի առասպելներ ու տեսություններ։ Բալկանյան տեսության համաձայն՝ հայերի նախնիներն են բալկաններից հայկական լեռնաշխարհ գաղթաց փռուգյացի գաղթարարները․․․»։ Դուրս եկավ՝ մենք եկվոր ենք։ Իսկը թուրքի ջրաղացին լցնելու հարմար առիթ»,- ասում է ուսուցիչը։

Հայոց պատմության այս դասագրքի ամենաքննադատված էջը 80-րդն է։ Հենց այստեղ է այն քարտեզը, որում ներկայացված են տարածաշրջանները՝ իրենց նախկին և այժմյան անուններով։

«Ասում են, թե երեխաները հաճախ հարցնում են՝ այդ ո՞ր երկիրն է հիմա։ Վիրք՝ Վրաստան, ճիշտ է արել։ Կապադովկիա, չգիտես՝ ինչու, Թուրքիան ավելի մեծ է գրված, հոգեբանական ազդեցություն է թողնում։ Իսկ ու՞ր է Ադրբեջանի դեպքում, որը խցկված է մեր տարածքում, Աղվանքը։ Պիտի լիներ Աղվանք, նոր գրվեր՝ «այժմ՝ Ադրբեջան»։ Այ սա կլիներ մի քիչ ավելի մոտիկ գիտությանը»։

Դասագիրքն, ասում է, այժմյան Հայաստանի տարածքում միայն Մեծ Հայքի Արարատ, Սյունիք և Գուգարք նահանգներն են մնացել, ուսուցիչը հիշեցնում է՝ նաև Ուտիքը։ Դասագիրքն ասում է՝ Փոքր հայքը Հայկական լեռնաշխարհից դուրս է եղել, Հայաստանի «գրեթե բոլոր մայրաքաղաքները գտնվել են Արարատյան դաշտում», ուսուցիչն ասում է՝ առաջին պնդումն անհեթեթություն է ու թվում 12 մայրաքաղաքներից Արարատյան դաշտում գտնվող միայն 6-ը՝ ուղիղ կեսը։

«Սխալ չկա»-ն, «Սխալներ կարող են լինել»-ն ու փորձաքննողները, որոնց չի կարելի գտնել

Քննարկվող դասագրքի հեղինակը՝ Սմբատ Հովհաննիսյանը, անդրադարձել է քննադատություններին նշելով՝ դասագիրքը պատմագիտական չլուծված խնդիրների լուծման տիրույթ չէ։ Հեղինակը քննադատություններին 14 կետից բաղկացած պատասխան-դիտարկմամբ է հակադարձել՝ ներկայացնելով այն գիտական հիմքերը, որոնց վրա կառուցել է դասագիրքը։

«Մինչ օրս դեռ չեն հրատարակվել նախապատմական շրջանից մինչև IV դարը ներկայացնող՝ Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի առաջին և երկրորդ հատորները, որոնցում գոնե ինչ-որ չափով համաբերված-ստանդարտացված կլինեին պատմագիտական բազմաթիվ խնդիրներ, և որոնցից էլ մենք կկարողանայինք օգտվել։ Իսկ քանի դեռ նման հնարավորություն չունենք, մնում է բավարարվել նախորդ դասագրքերի որոշ ամրագրումներով»,- գրել է հեղինակը։

Հեղինակի պատասխան-դիտարկումները՝ Դասագիրքը պատմագիտական չլուծված խնդիրների լուծման տիրույթ չէ. Սմբատ Հովհաննիսյան

Ոլորտը համակարգող գերատեսչությունում ևս ծանոթ են քննադատություններին։ Դրանք որոշ դեպքերում՝ օբյեկտիվ, երբեմն՝ չափազանցված են համարում։ ԿԳՄՍ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասում է՝ միայն դասագիրք գրելու համար առնվազն 1.5 տարի է անհրաժեշտ։ Այս դասագրքերը մրցույթի հայտրարաման պահից 11 ամիս անց արդեն տպագրված դպրոցներ են հասել։ Նորմալ է համարում հնարավոր թերացումները․

«Իմ կարծիքով՝ նման խնդիրներն անխուսափելի էին, որովհետև Հայաստանում վերջին 20 տարում դասագրքերի ստեղծման նմանատիպ գործընթաց չի եղել։ Եղել են հրատարակչություններ, որոնք իրենք ստեղծել են դասագիրքը, իրենք փորձաքննել են, իրենք տպագրել են այդ դասագրքերը, իրենք էլ բաշխել են։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, շատ նոր գործընթաց է,  և այստեղ ներգրավվել են նոր մարդիկ, նոր հեղինակներ, որոնք գուցե լավ մասնագետներ են, բայց դասագրքի ստեղծման գործընթացի մեջ առաջին անգամ են ներգրավվել»։

Դասագրքերը երաշխավորվել են միայն փորձաքննող խմբի դրական եզրակացությունից հետո։ Կոնկրետ ովքե՞ր են ներգրավված եղել «Հայոց պատմության» քննադատվող դասագրքի փորձաքննող խմբում՝ նախարարությունը գաղտնի է պահում։ Սակայն ասում է՝ ամեն գրքի վրա 8 մասնագետ 2 շաբաթ աշխատել է։ Երաշխավորումից հետո մինչև տպագրությունը կատարվել են լրացուցիչ խմբագրական աշխատանքներ։

Դասագիրքը դուրս կգա՞ երաշխավորությունից ու դպրոցից․ չբացառվող հեռանկարներ

«Մի կողմից մեզ համար օրինաչափ է, որ էդ խնդիրները լինելու էին, բայց մյուս կողմից իրավիճակի և կոնկրետ հայոց պատմության հետ կապված իրավիճակի սրումը շատ կոնկրետ երևույթների ու իրադարձությունների հետ է կապված ու շատ հստակ ուղղորդումներ կան, փորձում են շահարկել ինչ-որ հարցեր»։

Հանրակրթության վարչության պետն ասում է՝ հասկանալով հնարավոր ռիսկերը՝ դասագքերը երաշխավորել են սովորականից կարճ ժամանակով։ Հավաքվում են օբյեկտիվ քննադատությունները և չեն բացառում տարեվերջին փոփոխություններ կատարելու հավանականությունը․

«Ի տարբերություն նախորդ անգամների, որ դասագիրքը մինչև 7 տարի նույն ձևով գործածվում էր, հիմա դրել ենք 3-4 տարի։ Բացի այդ ակտիվորեն ընդունում ենք բոլոր դասագրքերի վերաբերյալ դիտարկումները, խնդիրների վերաբերյալ բազմաթիվ գրություններ ենք ստանում ու դրանք հավաքագրում ենք, որովեհտև տարեվերջին դրանք պիտի վերանայվեն ու գուցե որոշ դասագքրերի վերաբերյալ նոր որոշումներ կայացվի, դրանք երաշխավորությունից դուրս գան»,- ասում է Թամարա Սարգսյանը։

2022-ի նոյեմբերի վերջին հայտարարված 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի մրցույթը մի քանի անգամ երկարաձգվել էր։ Բոլոր դասագրքերի փորձաքննության համար ներգրավված է եղել 350 մասնագետ, ամեն դասագրքի մասին եզրակացություն տվել է 8 հոգուց բաղկացած փորձաքննող խումբը։ Նախարարությունում, չբացառելով թերությունները, նշում են՝ մասնագետներն ընտրվել, նաև փորձաքննություն իրականացրել են հատուկ չափանիշներով, հետևաբար՝ անվստահության լուրջ հիմքեր չկան։

Back to top button