
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հինգշաբթի օրը համերաշխության այցով կմեկնի Իսրայել, հայտնում է Reuters-ը՝ Դաունինգ Սթրիթին հղումով։
Սունակը կհանդիպի երկրի քաղաքական և ռազմական առաջնորդների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ: Նա իր ցավակցությունը կհայտնի Իսրայելում և Գազայի հատվածում մարդկային կորուստների համար և կզգուշացնի տարածաշրջանում հակամարտության հետագա սրման ռիսկերի մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը կարևորելու է նաեւ Գազայի հատված հումանիտար միջանցք բացելու հարցը։
Սունակի Իսրայել կատարած այցին զուգահեռ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին շրջագայելու է Մերձավոր Արևելքի երկրներով։ Նախարարը մտադիր է Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ղեկավարության հետ քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության դեէսկալացիայի տարբերակները։
Նախօրեին Թել Ավիվ էր ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՝ ի ցույց դնելով ամերիկյան աջակցությունը հրեական պետությանը՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվեց «Համաս» խմբավորման հարձակմանը։
ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը
Սակայն Գազայի «Ալ Ահլի» հիվանդանոցում պայթյունի պատճառով չեղարկվել է նախագահ Բայդենի ու տարածաշրջանի արաբական երկրների ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված էր Հորդանանում։
Հիվանդանցում տեղի ունեցածը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել տարածաշրջանի երկրներում՝ Լիբանանում, Հորդանանում, Իրանում, Իրաքում, Թունիսում և Թուրքիայում: Ցուցարարները մեղադրում են Իսրայելին։




