ԿարևորՔաղաքական

Բաքուն ու Մոսկվան արձագանքում են Փաշինյանի ելույթին

Ինչ ուղերձներ հղեց Երևանը Ստրասբուրգում Բրյուսելին, Մոսկվային ու Բաքվին ։ Փորձագետները վերլուծում են՝  հասկանալի համարելով  Բաքվի հակադարձումները։ Համոզված են, որ հոխորտալուց բացի Ադրբեջանն այժմ որևէ ոտնձգության չի կարող դիմել։ Արձագանքներ կան նաև Մոսկվայից։ Երեկ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ անվտանգային ոլորտի դաշնակիցները չեն օգնել, փոխարենը Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել։

«Ալիևը լավ զգուշացված է, կարող է հոխորտալ և ոչ ավելին, իսկ  Հայաստանի վրա հարձակման հավանականություն այս փուլում փոքր է»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին ու դրան Բաքվից արձագանքին։

Փաշինյանի ստրասբուրգյան ելույթը Ադրբեջանի ԱԳՆ-ն  «ագրեսիվ ու հակասական» է որակում, կարծում  է՝ այն միտված է «խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։

Միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Բաքվից արձագանքը «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» մոտեցման տրամաբանության մեջ է դիտարկում։

«ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ասում են՝ դու քո խնդրին հասար, ԼՂ-ն  այլևս քո ղեկավարության տակ է, և հիմա դու ուզում ես ավելին վերցնել ՀՀ-ից, այսինքն՝ փորձում ես խախտել հենց այն սկզբունքը, որը մենք պաշտպանում էինք քո դեպքում։ Ես գրեթե վստահ եմ, որ Ալիևը լավ զգուշացված է։ Որքան էլ հոխորտա, վախեցնի հարձակումով, ԵՄ-ն չի հանդուրժի դա»։

Բաքվից շտապեցին ագրեսիվ հայտարարություններ անել՝ նշելով նաև,  թե Զանգեզուր կմտնեն ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով։ Փորձագհետի համար Բաքվի այս ակնարկը հասկանալի է։

«30 տարվա ընթացքում 6 մլն-ից դարձավ 10 մլն, իսկ մենք մնացինք այդ նույն քանակի վրա՝ 3 մլն։ Եվ այդ ակնարկը գնահատում եմ հենց  այդպես, որ վաղը ամեն ինչ կնորմալանա, գնալ-գալը կլինի, և ադրբեջանցին կգա հայից տունը կառնի, մեկ, երկու, երեք, ինչպես դա եղել է»։

Սահմանների հարցում շփոթ առաջացնելով ՝ Ալիևը փորձում է ապագայում առևտրի տեղ թողնել, երբ դելիմիտացիա իրականացվի՝ համոզված է փորձագետը։

Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետը նաև նշեց, որ  Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին իրենց տներն ու բնօրրանը, ևս 20 հազարը ստիպված եղան հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

Չի ուշացել նաև Մոսկվայի արձագանքը։  Բարձրաստիճան աղբյուրը, որի անունը չի հրապարակվում, ՏԱՍՍ-ին հայտնել է, թե ՀՀ վարչապետի ելույթը սադրիչ է համարում։ Նրա կարծիքով՝  Փաշինյանը գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով։ Այն, ինչ ասել է ՀՀ վարչապետը,  իրականություն է՝ նկատում է Ղումաշյանը։

«Փաշինյանը բացարձակ ճշմարտություն է ասել  ռուս խաղաղապահների մասին, նրանք այդ առումով ոչինչ  չեն կարող ասել,  դրա համար խոսում են անհայտ աղբյուրի մակարդակով»։

ՀՀ վարչապետի ելույթում հատուկ շեշտվեց նաև, որ  ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Միջազգային հարցերով փորձագետ Ղումաշյանը նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններից մեկում հստակ ասել է, որ ՀՀ–ն  չի փոխում վեկտորը, ինչը  ճիշտ է՝ զրուցակցիս կարծիքով, և  բացատրում է,  թե ինչու․

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ վեկտոր չի փոխում։  Այո, չի փոխում, բայց մյուս կողմից գործողություններով մենք տեսնում ենք, որ նոր վեկտոր է աճեցնում ապագայի համար,  երբ հավասարակշռվեն կապերն ու ընտրության հնարավորություն ունենա»։

Քաղաքագետ Գուրգեն Սիմանյանը  վերոնշյալ ելույթից երեք կարևոր մեսիջ է  առանձնացնում՝ հասցեական գնահատական  ռուս խաղաղապահների մասին, ԵՄ անհաղորդության  արձանագրում  և «Հստակ նշեց, որ ՀՀ-ն ռազմավարական շրջադարձ է կատարում՝ գիտակցելով բոլոր հետևանքները, և հստակ կոչ արեց ԵՄ-ին և ԵՄ երկրներին, որ իրենց գործուն աջակցությունը ցուցաբերեն ՀՀ-ին։ Կարևորագույն մեսիջը, քաղաքական հաղորդագրությունը սա էր»։

Քաղաքագետը համոզված է, որ Բաքուն ընդառաջ չի գալու Հայաստանի պատրաստակամությանը և բոյկոտելու է որևէ բանակցություն, որը կբերի հանգուցալուծման, քանի որ այլ նկրտումներ ունի։

Back to top button