ԿարևորՄշակույթ

Հայ երաժշտության հանրահռչակում՝ մանսուրյանական մրցույթի միջոցով

2023թ․ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը։ Մանսուրյանական առաջին մրցույթր արդյունքներից կազմակերպիչները գոհ են մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր։ Այս տարի, կարծում են, մասնակցությունն ու արդյունքներն  ավելի տպավորիչ կլինեն։

Միավորել աշխարհի ստեղծագործողներին մեկ հարկի տակ՝ հանրահռչակելով  ժամանակակից պոեզիան, արժևորել  դասական գրականությունը՝  աշխարհի ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։ Այս առաքելությամբ արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում  Մանսուրյանի անվան կոմպոզիտորական փառատոնը։ Մաեստրո Մանսուրյանն ասում է, որ 2022 թվականին անցկացված մանսուրյանական առաջին մրցույթը մեծ հաջողություն է գրանցել։

«Նախորդ մրցույթի ընթացքից կառանձնացնեմ այն, որ ունեցանք հայ պոեզիայի ներգրավմամբ  երիտասարդ կոմպոզիտորների կողմից ստեղծված շատ գեղեցիկ գործերի փունջ, ունեցանք մրցույթի շատ մասնակիցներ, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։ Կարևոր էր, իհարկե, ժյուրիի անդամների հետ մեր մտերմության և կապի ստեղծումը»,- ասաց նա: 

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը կազմակերպվում  է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթը միտված է երաժշտության միջոցով հայկական մշակույթն ու պոեզիան աշխարհին հասանելի դարձնելուն՝ բացահայտելով տաղանդավոր կոմպոզիտորներին ամբողջ աշխարհից։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյան։

«Մեր իրականության մեջ առկա խնդիրների խորքային պատճառները հիմնականում արժեքային դաշտում են։ Կրթությունն ու մշակույթն են ստեղծում միջավայր‚ որի միջոցով արժեքային համակարգ է ձևավորվում։ Եթե մենք չունենանք մեր ինքնությանը համապատասխան մշակույթ‚ ամենայն հավանականությամբ‚ մյուս ոլորտներում հաջողություններ դժվար կլինի արձանագրել‚ և կենթարկվենք այլ մշակույթների ազդեցություններին։ Մենք փորձում ենք կրթական‚ մշակութային նախագծերի միջոցով ոչ միայն կարճաժամկետ‚ այլև երկարաժամկետ խնդիրներ լուծել՝ պահպանելու մեր ինքնությունը»։

Ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում՝ արտահայտելով  դասական պոեզիայի ու երաժշտության կապը։ Մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը։

«Քանի որ մենք տարբեր երկրամասերում ապրող և ստեղծագործող մարդիկ ենք, մեր սկզբունքներն էլ տարբերվում են միմյանցից, բայց ես սա գնահատում եմ որպես մեծ առավելություն, քանի որ տարբեր տեսանկյուններից կգնահատվեն ներկայացված ստեղծագործությունները: Պատասխանատվություն ունեն նաև ժյուրիի հայ մասնակիցները, քանի որ իրենք կարող են գնահատել խոսքի և երաժշտության միասնությունը այդ ստեղծագործությունների մեջ»,- ասաց Դավիթ Հալաջյանը:

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին մասնագետները պետք է ներկայացնեն ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 6, առավելագույնը` 12 րոպե։

Մրցույթի ողջ ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից հունիսի 14-ը, աշխարհի տարբեր երկրներից ժյուրիի անդամները Հայաստանում հանդես կգան վարպետության դասերով։ Մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ․-ի ապրիլի 15-ն է։

Back to top button