ԿարևորՀասարակություն

Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ է օտարվել

Վարչական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին վարույթ է ընդունել Դատախազության դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել  Երևան քաղաքի Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացն սկսելու և այն «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանն օտարելու համար հիմք հանդիսացած՝ ՀՀ կառավարության երկու որոշումները:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել էր Պուշկին 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Պուշկին 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն օրենքի խախտմամբ՝ առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 24-ին հաղորդում էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. մայիսի 25-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): 

Back to top button