ԿարևորՀասարակություն

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար». իրազեկման արշավներ Վայոց ձորի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

ՆԳ նախարարությունը «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում սկսել է մարզային այցելությունները։ ՆԳ նախարարության, կրթահամալիրի և Պարեկային ծառայության ներկայացուցիչները հանդիպում-քննարկումներ են անցկացրել Վայոց ձորի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում։

Եղեգնաձորում հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին պարեկային ծառայության ընդունելության մրցույթի ստուգման փուլերի և հատկապես՝ կին դիմորդների համար սահմանված տեղերի վերաբերյալ մանրամասներ։

Քննարկվեցին նաև պարեկային ծառայողների մասնագիտական առաջընթացի, փորձի փոխանակման և սոցիալական երաշխիքների վերաբերյալ հարցեր։

Աշտարակում անցկացված հանդիպմանը քննարկվեցին ՆԳ նախարարության կրթահամալիրում իրականացվող պարեկային ծառայողների ուսուցման գործընթացի մանրամասներ։

Արագածոտնի պարեկներն անդրադարձան բնակչության անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում իրենց առջև դրված խնդիրներին, այդ թվում՝ քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցությանը։ Նրանք ցուցադրեցին տակտիկական գոտու բաղադրատարրերը՝ անդրադառնալով դրանց կիրառման առանձնահատկություններին։

Կրթահամալիր ներկայացվող փաստաթղթերի և ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերած մասնակիցների թվում էր նաև Սամվելը. նա մանկավարժության ոլորտում մասնագիտական գիտելիքներն ու 12 տարվա աշխատանքային փորձը ցանկանում է ներդնել պարեկային ծառայությունում։
Արմավիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվեցին պարեկային ծառայության կազմակերպման ու իրականացման ձևերը, ընդգծվեց ծառայությունում հատկապես կանանց ներգրավվածության կարևորությունը:

Ներկաների հետ քննարկվեցին հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը և սեփական օրինակով դրանց հաղթահարման, ինչպես նաև մասնագիտական կատարելագործման անհրաժեշտությունը։

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում մարզային այցելությունները շարունակվում են։

Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթի դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 10-ը։

Back to top button