ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր են հակառուսական տրամադրություններ գեներացնում․ հայաստանյան ՀԿ–ներն արձագանքում են ՌԴ արտգործնախարարին

Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրությունները․ թեման այսօր քննարկել են քաղհասարակության ներկայացուցիչները՝ ըստ էության արձագանքելով ՌԴ արտգործնախարարի մեղադրանքներին։ Սերգեյ Լավրովը հակառուսական տրամադրություններն «արհեստականորեն սրելու մեջ» մեղադրել էր հայաստանյան ՀԿ–ներին։ «Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի ՀԿ է ստեղծվել։ Նախկինում էլ շատ էին։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ՝ հակառակը»,- Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՌԴ արտգործնախարարը։ 

Արդյո՞ք  ՌԴ արտգործնախարարի պատկերացումները հենվում են այն փաստի վրա, որ Հայաստանում ստեղծված ՀԿ-ները հիմնականում սնվում են եվրոպական դրամաշնորհներով, հետևաբար՝ հետապնդում են Արևմուտքի շահերը և չեն նպաստում Հայաստան-Ռուսաստան բարեկամության խթանմանը։ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ–ի ղեկավար Նինա Կարապետյանցի կարծիքով՝ տրամաբանական  ամենամեծ սխալն է նման պատկերացումներով հասարակական կազմակերպությունների գործունեությունը գնահատելը։

«Որովհետև եթե դու սնվում կամ ֆինանսավորվում ես որևէ աղբյուրից, դա չի նշանակում ուղիղ իմաստով, որ ինչ-որ մեկի գաղափարներն ես այստեղ գեներացնում։ Հակառուսական տրամադրություններ Հայաստանում որևէ մեկը երբևէ չի գեներացրել։ Այն տրամադրությունները, որոնք ունենք այսօր, բացառապես գեներացվում են ՌԴ գործող իշխանությունների վարքագծով»։ 

Հենց Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունն է այդ տրամադրությունների գեներացման պատճառը՝ ասում է իրավապաշտպանը և հավելում՝ հայաստանյան ՀԿ-ները բոլոր ժամանակներում եղել են ամենաազատը հետխորհրդային մյուս երկրների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների համեմատությամբ։

ՌԴ արտգործնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նաև հայաստանյան ՀԿ-ներին մեղադրել էր այն հարցում, որ վերջինները փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում և որ այդ փորձերն ինչ-որ տեղ արդյունքի են հասնում։ Հայաստանյան ՀԿ-ներին մեղադրելու նման թեզը պատահական չի համարում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ ակնհայտ փաստ է, որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմի բոլոր գործիքներն էլ կիրառում են, և ՀԿ-ներն են միայն, որ հստակ քննադատում են Կրեմլի քաղաքականությունը, մասնավորապես՝ ԼՂ-ում խաղաղապահ առաքելության, ինչպես նաև՝ միջպետական պայմանագրերով Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման առումով։    

«Ովքե՞ր են մնացել, որ Կրեմլի ռեժիմի քաղաքականության վերաբերյալ հստակ դիրքորոշում են ներկայացնում։ Միայն  քաղհասարակությունն է։ Այսինքն՝ քաղհասարակությունն են որոշել հանձինս ՀԿ-ների թիրախավորել, որովհետև նրանց նկատմամբ որևէ վերահսկողության մեխանիզմ կամ ազդեցության լծակ չունեն։ Չկա որևէ միջազգային դոնոր, որ մեզ ասի, թե սա արեք կամ այն արեք, ի սկզբանե նման մոտեցում չկա»։

Իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարները չեն կիսում նաև այն գնահատականները, թե հայաստանյան ՀԿ-ները որոշակի լոյալություն են պահպանում Արևմուտքի նկատմամբ, ինչը դրսևորվեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի 9-ամսյա շրջափակման, ապա էթնիկ զտումներ իրականացնելու պարագայում։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանը համաձայն չէ, թե քաղհասարակությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում։  

«Որպես հետազոտող կարող եմ նաև փաստել, որ հայաստանյան քաղհասարակության ակտիվ անդամները առնվազն, մշտապես խոսել են տարբեր խնդիրների մասին և այդ թվում` շատ հաճախ քննադատել են հենց արևմտյան այս կամ այն կառույցը և շատ խիստ են քննադատել»։   

Քաղաքագետի ձևակերպմամբ՝ Մոսկվայի հռետորաբանությունը նորություն չէ, հիմա պաշտոնական մակարդակով է բարձրաձայնվում, քանի որ քաղաքացիական հասարակությունն անկախ սուբյեկտ է, իր մշտադիտարկումներն է անում և առկա խնդիրների մասին խոսում։ Վարդանյանը կարծում է, որ ՀԿ-ների աշխատանքի արդյունքում հասարակությունը սկսում է համեմատել, տարբերել մատուցվողն ու իրականությունը, որի արդյունքում հանրային կարծիքն, ըստ նրա, արդարացիորեն փոխվում է, ինչը և մտահոգում է Ռուսաստանին։

Back to top button