ԿարևորՔաղաքական

Միջազգային այցերն ու եզրակացություններն արդեն փոքր արժեք ունեն․ միջազգայնագետ

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, նա կլինի նաև Ադրբեջանում, կայցելի Արցախ ու հայտարարություն կպատրաստի այցի արդյունքներով։  Երևանյան առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանձնակատարին  ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք արձանագրվել են փաստահավաք աշխատանքի արդյունքում։ Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:

ՀՀ ՄԻՊ-ը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։

Այցի ընթացքում հանձնակատարի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝  այս ձևակերպումն էլ  հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարությունից է։ Նա Հակարիի կամրջի փակումից հետո մի քանի անգամ կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, հարգել ԼՂ ում ապրող մարդկանց իրավունքները և ապահովել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությունը, անգամ փորձել է այցելել իրավիճակն արձանագրելու համար, սակայն Բաքվի համաձայնությունը չի ստացել։

Այժմ այդ հնարավորությունը Միյատովիչն ունի։ 

Առաջին հայացքից  այս այցը կարող ենք դասել հերթականների շարքում, սակայն հաշվի առնելով Միյատովիչի նախկինում արված հայտարարությունները՝ միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը որոշ եզրահանգումներ է անում․

«Այդ մարդը Ադրբեջանի իշխանությունների կողմից համարվում է պերսոնա նոն գրատա իր անկեղծ խոսելու պատճառով։ Չպետք է թերագնահատել նման անձի այցն ու եզրակացությունը, սակայն գործնականում, հողի վրա չպետք է դրական քայլեր ակնկալել։ Մենք հիմնականում լսելու ենք արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր։ Միակ ուրախալի բանը, որ կարող եմ ասել, այն է, որ միջազգային հանրության մոտ կա կոնսենսուս արցախահայերի նույնիսկ իրենց բնակավայրեր վերադառնալու, գույքը տնօրինելու հարցում, և դա ողջունելի է»։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը,  միջազգայնագետի կարծիքով, արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում կարևոր հայտարարություններ կանի, սակայն այս փուլում ԼՂ այցն էական նշանակություն չի ունենա, այնպես, ինչպես էական չէր ՄԱԿ առաքելության այցը Արցախ այն ժամանակ, երբ Արցախում արդեն արցախցիների չկային։

«Եթե խոսքն այն մասին է, որ պետք է Ստեփանակերտ ժամանեն և մարդու իրավունքների հարցեր բարձրացնեն, ապա հարց է թե որ մարդկանց իրավուքների մասին են խոսելու, եթե այնտեղ 3 տասնյակ հայ անգամ չկա։ Ի՞նչ գործառույթ է նա իրականացնելու Արցախում, եթե հայեր այնտեղ չկան։ Թե ՄԱԿ-ի, թե ԱՄՆ Պետդեպի առաջարները Ալիևը չի մերժել, ասել է՝ թող ժամանեն ու տեսնեն, որ հայերն ինքնակամ են լքել տարածքը, ոչ թե բռնի ուժի գործադրման հետևանքով»։

ՄԱԿ առաքելության այցի անհեթեթությանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել էր «Հանուն հավասար իրավունքների» հ/կ ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ դիտորդների զեկույցն անհեթեթություն որակելով։

«Եթե շատ կարճ ընդհանրացնեմ ՄԱԿ-ի վերջին խեղկատակությունը` ասվում է, թե էթնիկ զտում չկա, քանի որ դպրոցներին ու հիվանդանոցներին  չեն կրակել… այսինքն բնակավայրերը կրակի տակ առնելը, երեխաներ սպանելը, 9 ամիս սովամահության հասցնելը բավարար չէ, 21-րդ դարում  դիակների կույտեր պետք է տեսնեին, նոր միայն կաշառքից կուրացած  աչքերը բացեին»։

Թե ինչ հայտարարություն կտարածի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դոնյա Միյատովիչը, կիմանանք մեկ շաբաթից, երբ նա ավարտի այցն ու եզրակացություն պատրաստի։  Այն գուցե ազդեցություն կունենա Բրյուսելում այս ամսվա վերջին  նախատեսված Փաշինյան-Ալիև բանակցությունների վրա՝ կարծում է Դավիթ Կարապետյանը, ինչը կարևոր է համարում՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը, քանի որ վերջինն, ըստ զրուցակցիս, դժվար թե հավասարակշռված դիրքորոշում արտահայտի Բրյուսելում  նախատեսված հանդիպումից առաջ։

Կարդացեք նաև

Back to top button