ԿարևորՏնտեսական

Գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերը կվերանայվեն. կօգտվեն նաև արցախցի գործարարները

Էկոնոմիկայի նախարարությունը վերանայում է գյուղոլորտի աջակցության ծրագրերը։ Նպատակն այնպիսի պայմաններ սահմանելն  է, որ ծրագրերից օգտվելու  հնարավորություն ունենան նաև արցախցի գործարարները։ Գերատեսչությունում Արցախի բիզնես ներկայացուցիչների հետ արդեն երկու հանդիպում կայացել է։ Մտահոգող որոշ հարցերի լուծումներ առաջարկվել են։ Այստեղ գործում է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։

Մելսոն Ստեփանյանը արցախցի գործարար է։ Ստեփանակերտում է թողել գյուղմթերքի վերամշակման գործարանը՝ մոտ 1000 քառակուսի մետր տարածքով ու սարքավորումներով,  նաև՝  բնական հյութերի ու լիմոնադի արտադրության հոսքագծով ու գինու արտադրության համար կարևոր փայտե տակառներով։

«Եթե շենքային պայմաններն էլ հաշվում եմ՝ 500700 մնլ դրամ եմ թողել՝ միայն գործարանն ու սարքավորումները։ Մոտավորապես արտադրում էինք մինչև 100 հազար շիշ կոմպոտ, մինչև 100 հազար շիշ մոշ, մասուր բնական հյութեր, մինչև 40 տոննա բարձրորակ գինի էինք արտադրում։ 10–15 տոննա մրգային օղիներ»։

Այժմ արտադրական տարածք են փնտրում, որ վերականգնեն արտադրությունը։ Բայց նախ պետք է գործարան կառուցել։ Պետությունից ակնկալիք ունեն՝ աջակցություն տարածքի հարցում, լիզինգով սարք-սարքավորումներ գնելու հնարավորություն։

«Պետությունը աջակցի, որոշակի արտադրական տարածք տրամադրի մեզ՝ թեկուզ ժամանակավոր, ասենք 3-4 տարվա կտրվածքով։ Մի քիչ էլ ֆինանսական օգնություն, չգիտեմ, դա իմ որոշելիքը չի։ Ես կարող է շատ բան ուզել։ Պետությունը ինքը պետք է որոշի»։

Պետությունը որոշումներ կայացնելու փուլում է։ Էկոնոմիկայի նախարարությունում օրերս հարցը քննարկվել է։ Առաջարկ ունեն այն գործարաներին, որոնք հողատարածքներ են փնտրում։ Փոխնախարար Արման Խոջոյանը տեղեկացնում է՝ «Եվրոթերմ» ընկերությունն, օրինակ, ունի ազատ տարածքներ, որոնք պատրաստ են տրամադրել արցախցի գործարարներին․

«Ունեն շուրջ 1100 հողատարածք, պատրաստ են քննարկել 50 հա և ավելի հողատարածք օգտագործելու ցանկություն ունեցողների հետ»։

Էկոնոմիկայի նախարարությունում արդեն երկու հանդիպում Արցախի գործարարների հետ տեղի ունեցել է։ Դրանց մասնակցել են նաև հայաստանյան գործարարները, որոնք իրենց առաջարկներն  են ներկայացրել։  Ըստ փոխնախարարի՝  հիմնական նպատակը  Արցախի բիզնես համայնքի կարիքները հասկանալն ու գնահատելն էր:

Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը դեռ փակագծեր չի բացում, բայց վստահեցնում է՝ քննարկման արդյունքների հիման վրա գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի պայմանները վերանայվում են։

«Նախատեսում ենք սահմանել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավորություն  կտրվի, որպեսզի  ԼՂ–ից բռնի տեղահանվածներին օգտվելու գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության ծրագրերից»։

Գործող ծրագրերը շատ են,  կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղղվածությամբ՝ ասում է փոխնախարարը։ Խոսքը հիմնականում մատչելի տոսոկադրույքներով, երկարաժամկետ տրամադրվող ու սուբսիդավորվող վարկային միջոցների մասին է։ Դրանք առավելապես  տրամադրվում են  ինտենսիվ այգիների ստեղծման, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, ինչպես նաև սարք-սարքավորումների ձեռք բերման համար։ 

Back to top button