ԿարևորՀասարակություն

Արցախի Տաթևի ու Հայաստանի Մարիամի ոչ ֆորմալ հանդիպումը

Մարիամն ու Տաթևն Արցախի Զագլիկ գյուղից Մեծամոր ընկած 250 կիլոմետրը 7 ամիս շարունակ համակարգչով կամ հեռախոսով են անցել։ Իրար միայն ձայնով ու օնլայն ճանաչած 20-ամյա ուսուցչուհին և 12-ամյա աշակերտը մի քանի ամիս պլանավորել են իրենց հանդիպումն Արցախում, բայց հանդիպումը Էջմիածի Մայր տաճարում եղավ։ Տաթևը հանդիպումը միայն լայն ժպիտով է նկարագրում, ուսուցչուհին՝ Մարիամը, ասելու մի քանի բառ գտնում է․

«Ինչքան մոտենում էի՝ այդքան սիրտս արագ էր բաբախում, չգիտեի ինձ ոնց պիտի պահեի։ Տեսնում եմ իրեն, ժպտում եմ հեռվից ու ինձն թվում ա՝ բոլորը ինձ էին նայում։ Լայն ժպիտով գնում էի։ Մի կերպ էի ինձ զսպել, որ չլացեմ, որովհետև հուզված էի»։

Նրանց առաջին նկարը օնլայն դասերից արված սքրինշոթն է, երկրորդ՝ իրականը ես եմ անում։ 20-ամյա ուսուցիչը երկար նայում է աշակերտուհուն․ էկրանից լսել էր Տաթևի ձայնը, մի քանի անգամ միացրել էին տեսախցիկը, բայց հիմա են սկսում  ճանաչել միմյանց․

«Մտածում էի կարողա Տաթևը ամաչկոտ լինի, իմ հետ չխոսի, բայց խոսում ա հետս, մտածում էի որ սառն ա, բայց սառը չի»։

Մարիամը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Դեկտեմբերից միացել է «Մաթեմիկ» ՀԿ-Ին, որը 2021 թվականից Արցախի դպրոցականների համար օնլայն դասընթացներ է կազմակերպում՝ թե բնագիտական, թե հումանիտար ուղղություններով։ Մարիամը երեխաներին հայոց լեզու և գրականություն է դասավանդում, սակայն՝ ոչ դպրոցական ծրագրով։

«Ես թույլ էի տալիս իմ աշակերտներին ասել այն, ինչ ինձ դպրոցում թույլ չէին տվել։ Դպրոցում լինում էին դեպքեր, որ համաձայն չէի լինում գրողի հետ, երազում էի, որ դա ասելու հնարավորություն  լինի։ Ուզում էի, որ ես սովորեցնեմ մտածել, թույլ տամ իրենց կարծիքն ազատ  արտահայտել։ Կարդում էինք ստեղծագործություններ, ես ասում էի՝ դե հիմա ասեք, ինչն ա դուր եկել, ինչը չէ, ինչն եք հավանել, ինչը կփոխեիք»,-ասում է Մարիամը։

Ուսուցիչների ընտանիքում մեծացած Տաթևին Մարիամի մոտեցումը դուր է եկել։ Եթե դպրուցում նա մի քանի անգամ կարդալուց հետո անգիր էր անում գրականության դասերը, հիմա սկսել է նաև վերլուծել ու իր կարծիքը ձևավորել։ Հատկապես տպավորվել են այն դասերը, որոնց ընթացքում անցյալի պատմական իրադարձությունները պրոյեկտել են ներկայի վրա ու փորձել հասկանալ իրենց շուրջը կատարվող իրադարձությունները։

Շրջափակված Զագլիկում ամեն օր չէր, որ հաջողվում էր դասերին միանալ․ Տաթևենց տանը հոսանքը հաճախ ժամերով անջատվում էր, իսկ երբ հնարավոր  էր, դասերը դառնում էին նաև շրջափակված Արցախի էմոցիաներով կիսվելու առիթ։

«Ամեն ինչ պատմում էինք, ոչ մի բան չէինք թաքցնում, ամեն  աշակերտ իր գյուղի մասին պատմում էր։ Ես էլ էի պատմում, և դա շատ թեթևացնում էր երևի որ կիսվում ես, ընկեր Մարիամը միակ մարդն է, որ ինչ կատարվում էր, պատմում էի»,-հիշում է Տաթևը։

Տաթևը երկրորդ անգամ է Հայաստանում։ Առաջին անգամ եկել էին 2020-ի աշնանը։ Ասում է՝ իրենց գյուղը՝ Զագլիկը, աշխարհի ամենափոքր և ամենագեղեցիկ բնակավայրն է, որի մասին Հայաստանում շատերը չգիտեն։ Տեղը բացատրելու համար նշում է՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի հարևան գյուղն էր։ Սեպտեմբերի 19-ին այնքան արագ են գյուղից դուրս եկել, որ բացի փաստաթղթերից ուրիշ բան չեն վերցրել։ Ստեփանակերտի օդանավակայան են հասել ու 16 հոգով մնացել մի մեքենայի մեջ․

«Հերթափոխով քնում էինք բաց երկնքի տակ, սովածծարավ, էդտեղ էինք մնում, երբ արդեն իմացանք որ ճանապարհները բաց են կարանք դուրս գանք, վերջին գիշերը մնացինք, այդ ժամանակ ցուրտ  էր քամի էր, էլի։ Երբ հասանք մեքենաների շարասյունին արդեն 5 կմ էր, մենք 6 ժամում անցնում էինք 1 կմ և այդ 5 կմ-ն անցանք 20-21 ժամում»։

Ադրբեջանցիները ճանապարհին կանգնեցրել, ստուգել են մեքենան։

Ես դռան մոտ  էի, որ բացեցին 2 հոգի մեջ մտան, ես այդ ժամանակ շատ  էի վախեցել, վախից ձեռքերիս ափերը ջուր էր դարձել, ես ինքս էի ջուր դառել։

Տաթևն ընտանիքի հետ ժամանակավորապես բնակվում է Արմավիրի մարզի Դաշտ գյուղում, անհամբեր սպասում է, թե երբ են վերսկսելու պարապմունքները։ Որոշել են իրենց խմբով մի օր հավաքվել, բայց դեռ չգիտեն, թե մյուս երեխաները որտեղ են բնակվում։Մարիամն ասում է՝ ոչ ֆորմալ կրթական հանդիպումները կվերսկսվեն երբ բոլոր երեխաները կտեղավորվեն ու ինտերնետ կունենան։

Կարդացեք նաև

Back to top button