ԿարևորՎերլուծական

Դարձ ի շրջանս յուր. ի՞նչ անակնկալներ է պարունակում արաբաիսրայելական եռացող կաթսան

Տարածաշրջանը փոխվեց, տարածաշրջանը եռում է։ Փորձագետները ջանում են հասկանալ, թե էլ ի՞նչ նոր անակնկալներ են սպասվում Մերձավոր Արևելքում։ Շատերի համար այս պորթկումն անսպասելի էր։ Որոշ փորձագետներ կարծում են, որ այս պատերազմը կարող է տարածվել ողջ տարածաշրջանով՝ ներգրավելով նաև Իրանը։

Չի բացառվում, որ կատարվողը կարող է օգտագործվել որպես առիթ՝ Իրանին հարվածելու համար։ Չնայած՝ հենց իսրայելական ղեկավարությունն է հերքում այն կարծիքը, որ վերջին իրադարձությունների ուղիղ կազմակերպիչը Իրանն է։

Դարձ ի շրջանս յուր՝ այսպես է բնութագրում մերձավորարևելյան վերջին իրադարձությունները իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա նկատում է, որ ականատեսն ենք լինում արաբա-իսրայելական հակամարտության հերթական շրջափուլի աննախադեպ ակտիվացման, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար լուրջ վտանգներով, քանի որ հակամարտության կողմերը ակնհայտորեն կարող են ներգրավել այլ ուժերի։

«Մասնավորապես, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի Իսրայելական ափերի մոտ աճել է։ Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ իր դաշնակիցների նկատմամբ»։   

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իսրայելն իր դաշնակիցների հետ պատասխանատվություն է կրելու այն ամենի համար, ինչ անում է պաղեստինցիների նկատմամբ։ Թեհրանը մուսուլմաններին կոչ է արել միավորվել իսրայելցիների դեմ։

«Իսլամական պետությունները չպետք է հանդուրժեն Իսրայելի կատարած հանցագործությունները։ Այն պայմաններում, երբ Գազայի հատվածի ագրեսիան և պաշարումը չեն դադարում, չի կարելի բացառել այլ ճակատների բացումը»,- ասել է Աբդոլլահյանը։

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ իրանցիները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք։

«Մերձավոր Արևելքում այս պահին Իրանի թիվ մեկ հակառակորդը Իսրայելի պետությունն է և իրանցիները փաստացիորեն կարողացել են իսրայելցիներին մատնել պատերազմական վիճակի՝ ազատելով իրենց վրայից ուշադրությունը։ Այո՛, վտանգ կա, որ կարող են Իրանին փորձել ներքաշել այս գործընթացում, բայց առայժմ այդ բոլոր վստանգները և ռիսկերը իրանական կողմը կարողանում է հաջողությամբ կառավարել»։

Իսրայելը, որը պատերազմով սպառնում էր Իրանին՝ այժմ ստացել է պատերազմ իր երկրի ներսում ու Պաղեստինի տարածքներում, մասնավորապես՝ Գազայի հատվածում, ասում է իրանագետը։ Նրա կարծիքով՝ տարածվելու վտանգ, իհարկե, կա։ Ոսկանյանը մատնանշում է նաև Լիբանանի հարավում, Հորդանանի և Սիրիայի սահմանին տեղի ունեցող զարգացումներն ու խմորումները։

Արաբա-իսրայելական հերթական հակամարտության տարածվելու վտանգները մեծ է համարում նաև միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, հաշվի առնելով համաարաբական կոնսոլիդացիայի գործընթացն ու դրա հնարավոր ազդեցությունը հակամարտության վրա․

«Ըստ էության, այս վերջին իրադարձությունները խափանեցին Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերջնական հաստատումը և նաև պայմանագրերի ստորագրումը։ Սաուդիան Արաբիան փորձում էր խուսանավել Իսրայելի և պաղեստինցիների՝ Իսրայելի և արաբական աշխարհի միջև, սակայն, կարծես թե, Սաուդյան Արաբիային ցույց տվեցին իր տեղը և նա ստիպված եղավ համաձայնել և միանալ համաարաբական այս կոնսոլիդացիային»։

Ըստ միջազգայնագետի՝ Իսրայելը ցամաքային գործողությունների Գազայի հատվածում չի անցնի, քանի որ դա կարող է բավականին լուրջ վնաս կրելու սպառնալիք լինել Իսրայելի համար։ Նաև այն պատճառով, որ ավերակների կույտերի վերածված քաղաքներում ցամաքային գործողություններ իրականացնելը եթե ոչ անհնար, ապա՝ մոտ է անհնարին։ Գրիգոր Բալասանյանը նաև զարմանալի է համարում, որ միջազգային փորձագետներն այս գործողություններում քննադատում են Իսրայելին այն բանի համար, որ ամբողջովին շրջափակել է Գազան՝ մարդկանց թողնելով առանց ջրի, առանց հոսանքի, սննդի մատակարարումների հնարավորության, մինչդեռ՝ նրանք լուռ էին 270 օր, երբ Ադրբեջանն էր նույնը իրականացնում արցախահայության նկատմամբ։

«Ինչու՞ որևէ միաջազգային կազմակերպություն կամ որևիցե պետություն չէր բարձրաձայնում այս հարցը։ Այստեղ ևս մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ։ Սա ինչո՞ւ եմ ես շեշտում, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները, պատասխանատուները հստակ պատկերացնեն, որ այն, ինչ գրված է միջազգային իրավունքում, ոչ միշտ է ենթակա ի կատար ածման։ Երկակի ստանդարտները ոչ ոք չի մերժում և բոլորն էլ հասկանում են, որ երկակի ստանդարտներն են,

կամ ինչպես ասում են՝ «ռեալ պոլիտիկն է» այսօր ընկած գերտերությունների ու մեծ տերությունների արտաքին քաղաքականության օրակարգում»։

Միջազգայնագետի ձևակերպմամբ, ժամանակն է, որ Հայաստանն էլ այդ ուղղությամբ շարժվի՝ հասկանալով, որ այնպես չէ, թե «պայմանագրերը սրբազան են» և, եթե ժամանակին ստորագրված պայմանագրերը վնաս են հասցնում պետությանը, ապա դրանք կարելի է և «ժամանակ առ ժամանակ չվավերացնել»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանը հակաիրանական տարածք չէ և որևէ կերպ չպետք է լինի այդպիսին։ Հասկանալի է, որ հակառակ դեպքում ռիսկերը չափազանց մեծ կլինեն Հայաստանի համար։ Ավելի մեծ հնարավորություններ ունեցող հակաիրանական Իսրայելն այս պահի դրությամբ մատնված է քաոսի՝ նկատում է նա։

«Ընդհակառակը, կարծում եմ, հաշվի առնելով Իրանի աճող ազդեցությունը թե՛ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում, ակնհայտ է, որ հասունացել է անհրաժեշտությունը հայ-իրանական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ռազմավարական համագործակցության մակարդակի»։

Ընդ որում, Ոսկանյանի ձևակերպմամբ, դա պետք է լինի քաղաքակրթական հստակ գաղափարախոսության վրա. քաղաքակրթական դաշինք, որն դիմակայում է, իրանագետի ձևակերպմամբ՝ «մեկ միասնական բարբարոսական տարերքի՝ թուրք-ադրբեջանական դաշինքին», որից բխող վտանգները գրեթե նույնական են Իրանի և Հայաստանի համար։

Back to top button