ԿարևորՀասարակություն

Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի

Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը, իսկ աշակերտներն առաջիկա օրերին ամբողջությամբ կընդգրկվեն հանրակրթական պրոցեսում։ Ըստ հավաքված և վերլուծված  տվյալների՝ այս ուսումնական տարում բուհական տեղերը կհամալրի ավելի քան 2100 ուսանող, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ կգնա ևս 2500-ը։ 

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար աշակերտ էլ արդեն հաճախում է հայաստանյան  դպրոցներ։ Եթե դպրոցահասակ երեխաները միայն տարածքի ընտրության խնդիր ունեն, ապա ուսանողների դեպքում հարցերն ավելի շատ են՝ ուսումնական ծրագրերի տարբերություններից մինչև ուսման վարձերի փոխհատուցում։

Արցախից տեղահանված  ուսանողները հնարավորություն կունենան  ուսումը շարունակել հայաստանյան կրթական հաստատություններում՝ ստանալով կրթաթոշակային աջակցություն։ Այլ ձևակերպմամբ՝ վճարովի տեղերում սովորողների վարձավճարը կփոխհատուցվի ։

Ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակը կտրամադրվի՝ ըստ տվյալ բուհում տվյալ կրթական ծրագրի համար հաստատված ուսման վճարի չափի, բայց ոչ ավելի, քան հավելվածներով սահմանված չափերը։ Նախնական մասնագիտական կրթական ծրագրերի դեպքում կրթաթոշակի առավելագույն չափը 245 հազարն է, միջին մասնագիտականի դեպքում՝ առավելագույնը 480, իսկ բարձագույնի  պարագայում՝ 400 -700 հազար դրամը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան. «Եթե ուսանողը կընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր սահմանած փոխհատուցման չափով է վարձը կամ դրանից պակաս, ապա ամբողջական փոխհատուցում կստանա։ Եթե ընտրի այնպիսի բուհ, որտեղ մի փոքր ավելին է վճարը, ապա մեր տված գումարին կարող է ավելացնել վարձավճարի տարբերությունը։ Բոլորին միջինացված աջակցություն ցուցաբերելով մենք հնարավորություն ենք տալիս ընտրել այնպիսի բուհ, որ պետության տված աջակցությունը բավարարի կրթությունը առանց իրենց կողմից հավելման շարունակելու համար»։

Անի Աբրահամյանը Ստեփանակերտից է։ 2 տարի անվճար սովորել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնում։ 3-րդ կուրսում էր, երբ տեղահանվեց։ Անին այժմ ԵՊՀ «Իրավագիտության» ֆակուլտետում է շարունակում ուսումը։ Որքան էլ պետությունը փոխհատուցի վարձը, տարբերությունն իր գրպանից պետք է վճարի։

«Իրավագիտության ֆակուլտետում վարձը կազմում է մեկ մլն դրամ։ Կոնկրետ մեր ֆակուլտետում փոխհատուցման առավելագույն չափը 700 հազար դրամ է։ Բայց ներկա դրությամբ արցախցիների համար առհասարակ որևէ գումար վճարեը մեծ դժվարություն է։ Անկախ ամեն ինչից ես պետք է վճարեմ այդ տարբերությունը, և հաշվի առնելով, որ մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ, կարծում եմ բավականին մեծ են լինելու դժվարությունները։ Իսկ ներկա պահին հաստատ բոլորս ավելի մեծ ու կարևոր հոգսեր ունենք»։

Մարիամ Տոնյանն էլ է Ստեփանակերտից։ «Եվրասիա» միջազգային համալսարանի առաջին կուրսում  է սովորում։ Ի տարբերություն Անիի՝ Մարիամի ուսման վարձը չի փոխհատուցվի։ Նա մինչև պատերազմն է եկել Հայաստան՝ ընդամենը մեկ ամսվա տարբերությամբ։ 480 հազար դրամը Մարիամն ինքը պետք է վճարի։

«Ինչքան էլ որ Արցախից եմ, առավելությունից չեմ օգտվում։ Դիմեցի, ասացին, որ ես բռնի տեղահանված չեմ»։

Մարիամը բռնի տեղահանված չէ, բայց նրա ծնողներն են բռնի տեղահանված։ Նրանք սեպտեմբերի վերջին են տեղափոխվել Հայաստան։

«Ես նշեցի, որ ծնողներս են բռնի տեղահանված, բայց ասացին, որ այս պահին չեն կարող ինձ օգնել։ Շատ դժվար է, երբ քո տանը չես ապրում, վարձով ես ապրում, հոգսերը շատ են , բայց ինչ արած, պետք է համակերպվենք։

Մարիամի և նման խնդիր ունեցողների համար կառավարությունը դեռ լուծում չի գտել։ Խոստացել են՝ որոշում ունենալուն պես անմիջապես կտեղեկացնեն։ Շատ ավելի արագ է լուծվում հանրակրթական դպրոցներում արցախցի երեխաների ներգրավվածության հարցը։ Պարտուսից որևէ մեկը դուրս չի մնա։ Այստեղ իհարկե վարձավճարի խնդիր չկա, բայց ազատ տեղեր էլ ոչ բոլոր դպրոցներն ունեն։

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար երեխա արդեն իսկ դպրոց է հաճախում։ Զուգահեռ  ապահովվում են անվճար դասագրքերով՝ հավաստիացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Փորձում են ճիշտ կատարել նաև տեղաբաշխվածությունը՝ առաջնահերթությունը տալով ազատ  տեղեր ունեցող դպրոցներին։ Բուհերի և քոլեջների պարագայում մոտեցումը մի փոքր այլ է։

«Քանի որ մենք նաև մարզային հաստատություններ ունենք, հատկապես քոլեջներ և ուսումնարաններ,  այս պահին նրանք կկարողանան ընտրել իրենց ամենամոտ հաստատությունը։ Իհարկե, կախված է նաև մասնագիտությունից։ Որովհետև գուցե սովորել են մի մասնագիտությամբ, որը ամենամոտ հաստատությունում չկա։ Հենց այդ պատճառով գնացել ենք կրթաթոշակի ճանապարհով, որպեսզի իրենք հասկական, որ ունեն այդ գումարը և իրենց մոտ ուսումնական հաստատություններից ընտրեն ամենահարմարը։ Նաև որոշ կրթական ծրագրեր կան, որոնցով ԼՂ–ում կրթությունն իրականացվել է, բայց մեզ մոտ չի իրականացվում, այս բոլոր խնդիրները ևս կարգավորել ենք, որպեսզի խոչընդոտներ չունենանք»։

Ինչ վերաբերում է դասախոսների և ուսուցիչների հետագա ճակատագրին, ապա առաջնահերթը ուսուցիչների տեղավորման հարցն է։  Նախարարությունից հավաստիացնում են՝ էլեկտրոնային հարթակը, որտեղ ուսուցիչները, ընդամենը մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեն, կգրանցվեն և կծանոթանան թափուր աշխատատեղերի մասին ամբողջ ինֆորմացիային, այսօրվանից արդեն հասանելի է։ Արցախից բռնի տեղահանված մանկավարժներն աշխատանքի կընդունվեն արտամրցութային կարգով և աշխատավարձից բացի նաև հավելավճար կստանան։

Back to top button