ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում:

«Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր կազմակերպությունների հետ հաղորդակցության վարման և առկա լավագույն փորձի փոխանակման համատեքստում:

Պաշտպանը բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները՝ վերահաստատելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքի անխոչընդոտ իրականացման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ իր հերթին Լեյլա Քայաջիկը կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:

Back to top button