ԿարևորՀասարակություն

Միայն թիրախավորված, հստակ միջոցների կիրառումը կկանխի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների անշրջելիությունը․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանին

Ադրբեջանը ինն ամսում առաջին անգամ ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը, որպեսզի բաց թողնի ավելի քան 100 000 հայերի՝ ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ։

«Չնայած հազարամյակներ շարունակ հայերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնություն են կազմել, այսօր Լեռնային Ղարաբաղում գրեթե ոչ մի էթնիկ հայ չի մնացել։ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա չգիտեմ, թե ինչ է»,- ասել է Կիրակոսյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը միտումնավոր ընդհատել է կենսական նշանակության կոմունալ ծառայությունների հասանելիությունը և ինն ամիս սովի է մատնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, նախքան նրանց դաժանորեն սպանելն ու իրենց տներից հանելը։ Կիարոսյանը նաև շեշտել է, որ Արդարադատության միջազգային դատարանի երկու ժամանակավոր միջոցները հետ չեն պահել Ադրբեջանին իրավիճակի հետագա սրումից։

«2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայերից մաքրելու ուղղությամբ։ Քաղաքական նկատառումները գուցե խանգարել ենմիջազգային հանրությանը կասեցնել այն», – ասել է Կիրակոսյանը՝ հավելելքվ, սակայն, որ դեռ ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի բռնի տեղահանման անդառնալիությունը, պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում մնացած շատ քիչ հայերին, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանի բանտերում։

«Ադրբեջանի ցինիզմը հատում է ցանկացած երևակայելի սահման. այն բողոքում է, որ Հայաստանի հայցերն այս դատարանում «հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին», նշում, որ նման գործողությունները «հիմնական սպառնալիքն են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և արդարության հաստատման համար» և պնդում, որ Հայաստանը «հետաքրքրված չէ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների բարելավման գործընթացով»: Նման ուշագրավ դիրքորոշումը կտրուկ հակասում է միջազգային իրավական կարգի ֆրույթներին, որոնք հիմնված են այն նախադրյալի վրա, որ վեճերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Կիրակոսյանը։

«Սա իրականում արտացոլում է այն, թե ինչպես է Ադրբեջանը նախընտրում լուծել իր վեճերը, այսինքն՝ դիմելով ուժի կիրառման անօրինական սպառնալիքների։ Ադրբեջանն այսպես է հասկանում խաղաղությունն ու անվտանգությունը»,- հավելել է նա։

Կիրակոսյանը շեշտել է, որ միայն թիրախավորված, հստակ ժամանակավեր միջոցները կարող են կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների շարունակությունը և դրանց անշրջելիությունը, պահպանել Լեռնային Ղարաբաղում հայերի մշակութային հազարամյա ներկայությունը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի առևանգված ռազմաքաղաքական ղեկավարությանը շինծու քրեական մեղադրանքներից։

«Եթե ձեր ժամանակավոր միջոցները կրեն որևէ երկիմաստություն, Ադրբեջանը կշահարկի դա և դրանով կապահովի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի և նրանց պատմության բնաջնջումը»,- հայտարարել է Կիրակոսյանը։

Նա դատարանից պահանջել է Լեռնային Ղարաբաղի դեմ նշանակել հետևյալ ժամանակավոր միջոցները.

1․ Ադրբեջանը պետք է չձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ։

2․ Ադրբեջանը չպետք կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող հայազգի անձանց, կամ կանխել վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձը իրենց տներ, այդ թվում՝  նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ երկրներ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է առանց խոչընդոտի թույլատրի նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

3․ Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։

4․ Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը չպետք է որևէ կերպ միջամտի նրանց գործունեությանը։

5․ Ադրբեջանը պետք է օգնի և որևէ կերպ չխոչընդոտի, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն կարողանա օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել «Կարմիր խաչի» հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները։

6․ Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և պետք է ապագայում դրանք չխաթարի։

7․ Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։

8․ Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին կամ որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որ դեռ կա Լեռնային Ղարաբաղում։

9․ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի նկատմամբ իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։

10․ Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի դատարանին հաշվետվություններ ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի տվյալ կարգադրությունն իրագործելու ուղղությամբ, որոշման կայացումից մեկ ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև որ դատարանն այս գործով կայացնի վերջնական որոշում»։

Back to top button