ԿարևորՏնտեսական

Արմավիրում մթերվել է շուրջ 5100 տ խաղող. գործընթացը շարունակվում է

Կառավարությունը խաղողագործներին աջակցելու համար այգեկութից առաջ աջակցության ծրագրեր է իրականացրել, սուբսիդավորելով գյուղատնտեսական հումքի մթերման համար տրվող վարկերի տոկոսադրույքները։ Բացի այդ կոնյակի սպիրտ արտադրողներից կառավարությունը կգնի մինչև 1 մլն. լիտր առնվազն 5 տարի հնեցված կոնյակի սպիրտ: Աջակցության ծրագրից օգտվող մթերող ձեռնարկությունները հումքը գնելու են 1կգ-ը 110 դրամով: Արմավիրի մարզում աջակցության ծրագրերից օգտվել է 2 ձեռնարկություն:

Արմավիրի մարզում շուրջ 7000 հա խաղողի այգիներից 5000 հա-ը խաղողի տեխնիկական սորտեր են: Անբարենպաստ եղանակի պատճառով այս տարի այգիներում բերքը նվազել է: Նորավան գյուղի բնակիչ Սևակ Ալեքսանյանը 2 հա խողողի այգուց սովորաբար ավելի քան 50 տոննա բերք է ստանում, բայց այս տարի գարնան տևական տեղումների պատճառով նրա այգում հիվանդություններ են տարածվել.

«Այս տարի քիչ բերք եմ ստացել՝ մոտ 30-34 տոննա, անցած տարի կարկուտը վնասեց, իսկ մնացած տարիներին մշտապես ստացել եմ 48-52 տոննա խաղող: Հիմա, որ տեսնեք խաղողի այգին, երևի մի 7000-8000 քմ տարածքում խաղողը չորացած մնացել է: Այլևս չեմ կարող ձեռք տալ, անիմաստ է արդեն ինչ-որ բան անելը»:

Սևակն այս տարի գինո-կոնյակի գործարանի հետ նախապես 40 տ խաղողի մթերման պայմանագիր էր կնքել , բայց ավելի քիչ է հանձնելու:

Ինչպե՞ս է ընթանում մթերումն Արմավիրում։  ՄԱՊ գործարանի գինեգործ Աղասի Կարապետյաննը պատմում է, որ մինչև գործարան մտնելը խաղողով բեռնված մեքենաներից նմուշառումներ են անում, ստուգում խաղողի որակը.

 «Հիմա մթերում ենք «Ռկածիթելի» և «Մեղրաբույր» սորտերը: Մինչև կշռատուն հասնելը որակի վերահսկման տեսուչը նախապես ստուգում է որակը, լաբորատոր հետազոտությունից հետո կշռվում, այնուհետև խաղողը դատարկվում է սնող բունկերի մեջ, դրանից հետո պտուղն անջատվում է չանչից, մամլվում և ուղարկվում խմորման»:

Գյուղացիների հետ պայմանագրերը կնքվում են միայն խաղողի որակը ստուգելուց հետո: Շենավանի բնակիչ Արմեն Նազարեթյանը 7000 քմ այգուց այս տարի 20 000 տ բերք է ստացել։ Բերքը հանձնելու է երկու գործարանի, սակայն դժգոհ է մթերման ցածր գնից.

«Կեսն այս գործարանում եմ հանձնում, կեսն էլ՝ Երևանի կոնյակի գործարանում. ԵԿԳ-ում՝ 8 տոննա, 1կգ՝ 140 դրամով, իսկ այստեղ՝ 110 դրամով: Մեր տանջանքի դիմաց 110 դրամը ցածր գին է: Նվազագույնը պետք էլ լինի 150 դրամ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր ծախսերը՝ պարարտանյութ, բուժանյութ, մարդկային ուժի աշխատանքը: Ինքնարժեքն արդեն 110 դրամ է, ճիշտ է, պետությունը 1 կգ խաղողի մթերման համար 20-30 դրամ է սուբսիդավորել, բայց դա էլ գին չի»:

Արմեն Նազարեթյանն այս գործարանում հանձնում էր խաղողի «Մեղրաբույր» սորտը: Բերքն անցել է լաբորատորիայով և պատրաստ է մթերման՝ հաստատում է գործարանի լաբորատորիայի ղեկավար Հայկուհի Միրզախանյանը.

 «Շաքարայնությունը 19 տոկոսից սկսած արդեն ենթակա է մթերման: Գյուղացիները նախօրոք են բերում խաղողը, մենք ստուգում ենք որակը, անհրաժեշտության դեպքում այցելում այգիներ, ստուգում վիճակը և մթերում բերքը»:

Նախնական հաշվարկներով Արմավիրի մարզում այս տարի սպասվում էր 70 հազար տոննա խաղողի բերք, որից 40 հազարը՝ տեխնիկական: Նախորդ տարիների մթերման դժվարություններից ելնելով կառավարությունը աջակցության ծրագրեր է իրականացրել, որ ձեռնարկությունները կարողանան խաղողը մթերել նվազագույնը 110 դրամով: Արմավիրի մարզում տասը մթերող ձեռնարկություններից պետական աջակցության ծրագրից օգտվել է երկուսը՝ ասում է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը.

«Առաջինը՝  «ՄԱՊ» ընկերությունն է, երկրորդը՝  «Պռոշյանի կոնյակի գործարանը», երկուսն էլ տարբեր բաղադրիչներով են օգտվում ծրագրից: «ՄԱՊ» ընկերությունն օգտվում է այն ծրագրից, որը նախատեսված է պետության կողմից կոնյակի սպիրտը գնելու և դրան համարժեք խաղող մթերելու բաղադրիչից, իսկ  «Պռոշյանի կոնյակի գործարանն» օգտվում է գնի սուբսիդավորման ծրագրից»:

Աջակցության ծրագրի շրջանակում  «ՄԱՊ»-ը գյուղացիների հետ կնքել է 9900տ խաղողի մթերման պայմանագրեր՝ ասում է ընկերության գործադիր տնօրեն Մակար Պետրոսյանը.

«Արդեն պետությանը վաճառել ենք ծրագրով նախատեսված սպիրտի քանակի 40 տոկոսը: Մոտ ժամանակներս, երբ ստանանք գումարը, կսկսենք մասնակիորեն վճարել խաղողագործներին: Առհասարակ, մենք ֆերմերների հետ պայմանագրերը կնքում և վճարում ենք մինչև տարվա վերջ: Վստահ ենք, որ այս տարի մինչև տարվա վերջ կավարտենք վճարումները»:

Գործարանը  մինչև հիմա մթերել է 5200 տոննա խաղող՝ 1 կգ-ը 110 դրամով: Անցած տարի մթերել էր 17000 տոննա՝ 120 դրամով: Հայկական արտադրության գինու և կոնյակի իրացման ամենամեծ շուկան Ռուսաստանն է: Աշխարհաքաղաքական մի շարք գործոններով և դրամի փոխարժեքով պայմանավորված վերջին տարիներին կոնյակի սպիրտի արտադրության ծավալները նվազել են և դժվարացել իրացումը: Մակար Պետրոսյան.

«Դրամի խիստ արժևորումը շուկայում բերեց ոչ մրցունակ լինելուն: Այն ծավալները, որ պետք է վաճառեինք Ռուսաստանում, հետո նորից խաղող առնեինք ու նորից վերականգնեինք ծավալները՝ դրանք մնացին գործարանում: Դրա համար մենք մթերելու էինք միայն մեր սեփական խաղողը.130 հա խաղողի այգի ունենք, որից ամեն տարի բերք ենք ստանում:Այս ծրագիրն այնքանով էր արդյունավետ, որ հավելյալ 9900տ խաղող կմթերենք»:

Լարսի սահմանային անցակետում երկար ժամանակ կանգնած են նաև  «ՄԱՊ»-ի կոնյակի բեռնատարները, որոնք ենթարկվում են լաբորատոր հետազոտության: Արհեստական խոչընդոտները բարդացնում են գործընկերային հարաբերությունները.

«Մենք ռուսական ցանցերի հետ ունենք պայմանագրեր ու պարտավորություններ, որտեղ իրավունք չունենք պատվիրված ապրանքն ուշացնել, կամ պատվերի դեպքում՝ չուղարկել: Դրանք բավականին մեծ տուգանքներ են ենթադրում մեր ընկերության նկատմամբ: Այսպիսի խոչընդոտներն ինքնստինքյան դժվարացնում են գործընկերների հետ մեր փոխհարաբերությունները»:

Պետական աջակցության ծրագրով  «ՄԱՊ»-ը դեռ մթերելու է 7500 տոննա խաղող:

Back to top button