ԿարևորՔաղաքական

Նոր անհամաձայնություններ Բրյուսելից առաջ․ Stratfor-ը՝ Ուկրաինայի պատերազմի նմանությունների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո պաշտոնական Երևանի և Բաքվի միջև հայտարարությունների փոխանակման նոր փուլ է սկսվել։ Առանցքում բանակցային գործընթացն ու առաջիկա հանդիպումներն են՝ առաջարկվող լուծումներով։

Հայտարարությունները դարձյալ փաստում են՝ նույն սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված փաստաթղթերի բովանդակությունը տարբեր մեկնաբանություններ է ստանում։ Ուշագրավ է, որ դիրքորոշումների ճշգրտումը տեղի է ունենում մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում սպասվող  եռակողմ հանդիպումից  առաջ։

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում ծրագրված եռակողմ հանդիպումը դառնալու է յուրօրինակ թեստ Ադրբեջանի համար՝ ստուգելու նրա հավատարմությունը միջնորդների ներկայությամբ տված խոստումներին։ Գրանադա չգնալու Ալիևի հրապարակային հիմնավորումը ոչ թե նախապատրաստվող փաստաթղթի բովանդակությունն էր, այլ դժգոհությունը Ֆրանսիայի միջնորդական աշխատանքից։

Գրանադայում ստորագրված փաստաթղթով, իրականում, չի չեզոքացվել ՀՀ-ի դեմ անվտանգային սպառնալիքը, պարզապես քառակողմ և առանձին՝ ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կնքված երկկողմ հայտարարություններով սահմանվել են կարևոր սկզբունքներ՝ պարզաբանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջնորդների հետ համաձայնեցված և քառակողմ հայտարարությամբ հաստատված հիմնական սկզբունքները երեքն են, որոնց շուրջ միջազգային կոնսենսուս կա․ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում՝ տարածքների չափերի ընդգծումով, սահմանների դելիմիտացիա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի և կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների հիման և տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակում՝ երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո։ Եթե այս փաստաթղթի տակ Գրանադայում լիներ ոչ թե 4, այլ 5 ստորագրություն՝ Ալիևինը ներառյալ, ապա, ըստ Փաշինյանի,  կարելի էր կանխատեսել, որ 70 տոկոս հավանականությամբ «Խաղաղության պայմանագիրը» կկնքվեր առաջիկա երեք ամսում։

«Կա այդպիսի մեկնաբանություն, որը առաջիկայում ստուգելու հնարավորություն կլինի, այն է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա։ Մի շարք թեմաներ կան, որոնք նրանք կարող է օգտագործեն հետագա սրզցումների և էսկալացիաների համար։ Այս է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում և մենք պետք է բոլոր պրոբլեմները, Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը, բոլորին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք»։

Ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը անդրադարձել է Հարավային Կովկասում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և տարվող բանակցություններին։ Վերլուծությունում հստակ նշվում է․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիշեցնում են այն հռետորաբանությունը, որ կիրառում էր Մոսկվան՝ Ուկրաինա ներխուժումից առաջ, երբ խոսում էր Կիևին տրամադրվող արևմտյան ռազմական օգնության մասին։ Ադրբեջանը ցանկանում է դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան աջակցության ընդլայնումը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում պահպանելով Հայաստանի տարածք հնարավոր ներխուժման կենսունակությունը»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը վարչապետ Փաշինյանի հարցազրույցից սոցցանցում գրառմամբ առանձնացրել է մի քանի հիմնական ազդակ, որոնցից մեկը Հայաստանի դեմ նոր պատերազմը կանխելու ու Ալիևի «մահանա-փաստարկները» ականազերծելու մասին է։

«Ալիևը տարբեր պատրվակներով ձգձգում է դա անելը՝ գնալով դեպի X պահը, Հայաստանը ճիշտ հակառակը՝ փորձում է բոլոր վիճելի, պայթյունավտանգ հարցերը լուծել՝ Ալիևին զրկելով պատերազմի առիթից։ Ընդ որում, դրանց «գույքագրման» հետ դիտարկելով ամենատարբեր լուծումներն ու փորձելով գործընթացը տանել դեպի գետնի վրա իրատեսական լուծումները։ Եթե Ալիևը Բրյուսելից էլ խուսափեց, նշանակում է պայթյունավտանգ խնդիրները մնալու են չլուծված, ու պատերազմ պետք է սպասել ամեն պահի, իսկ Հայաստանը պետք է լուրջ որոշումներ ընդունի անվտանգային հարցերով»։  

Այս պահին ամենաքննարկվող հարցերից է «անկլավներ» ու «Զանգեզուրի միջանցք» կոչվածներն են։ Ընդ որում, այս խոսույթում ստեղծվում է որոշակի խառնաշփոթ ՝ 3 անկլավ–8 գյուղ կամ միջանցք–երթուղի–ճանապարհ  տերմինաբանության պատճառով։ Իր հարցազրույցի ընթացքում Փաշինյանը նշել է՝ պետք է գնանք լուծումների։

Բայց կոմունիկացիաների դեպքում հստակեցնում է «Զանգեզուրյան միջանցքին» առնչվող հարցերը․ «ՀՀ-ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որը օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք պատրա՞ստ ենք արդյոք բացել մեր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Այո, պատրաստ ենք և, ինչպես արձանագրվել է, դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Սա նշանակում է, օրինակ, որ ոչ մի երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա։ ՀՀ սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները»։

Փաշինյանը պնդում է՝ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե Մեղրիի ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ-ն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

«Հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ։ Դա հրապարակային փաստաթուղթ է։ Եկեք կարդանք։ Ընդհակառակը՝ նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»։

Փաստաթղթի 9-րդ կետում, սակայն, կա նաև այս ձևակերպման շարունակություն։ Մեջբերում․

«Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մարմինները»:

Տերմինաբանության շփոթ առաջանում է նաև ամենավիճահարույց համարվող «անկլավների» հարցում։ Այս համատեքստում  սկսել են շրջանառվել վերադարձի ենթակա գյուղերի տարբեր թվեր։ Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ վերջին հեռախոսազրույցում խոսել էր 8 գյուղերի վերադարձի մասին։

Հայ քարտեզագետ-քարտեզաբանները պարզաբանում են, որ իրականում գոյություն է ունեցել ադրբեջանական 3 անկլավ Հայաստանում եւ 1 հայկական անկլավ՝ Ադրբեջանի տարածքում: Ընդ որում, Արծվաշենն իր տարածքով ավելի մեծ է, քան ադրբեջանական 3 անկլավները միասին։ Այս ամենը ներառված է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ֆիքսող համապատասխանաբար 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետրերում։ Սրանք երկվորյակ թվեր են՝ ասում է Փաշինյանը․

«ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան այդ տարածքի վրա։ Բայց մյուս կողմից սա պարզ, պրիմիտիվ հարց չէ։ Բազմաթիվ հարցեր են ծագելու։ Էս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, հասանելիության՝ սերվիտուտի հարց կա, սահմանների պաշտպանության հրաց կա, ԶՈՒ ներկայության և չներկայության հրաց կա և այդպես շարունակ։ Այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա Մեր խնդիրը՝ էսկալացիա թույլ չտալու համար մենք չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, խճողելու մասին։ Մենք ընդհակառակը, պետք է իսկապես գնանք լուծումների»։

Հայ քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը ուշադրություն է հրավիրում, որ Ադրբեջանը 2014-ին տպագրել է Ադրբեջանի ատլաս, որտեղ Հայաստանի տարածքում 3 անկլավը նշել է, բայց հայկական Արծվաշենը «սեփականաշնորհել» է։ Զգուշացնում է նաև, որ Հայաստանը, այսպես կոչված, «անկլավները» Ադրբեջանին վերադարձնելու դեպքում՝ մասամբ կորցնելու է վերահսկողությունը Երևան-Մեղրի և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհների նկատմամբ։

«Մայրուղին կհատվի, Ադրբեջանը կկտրի ճանապարհը։ տավուշի շրջանում հայկական մայրուղին մտնում է Բարխուդարլույով դեպի ադրբեջան։ Անկլավը՝ Բարխուդարլուն, այստեղ է նստած։ Երկրորդ անկլավը ճանապարհի վրա չէ, ճիշտ ճանապարհի կողքին է։ Իսկ ճանապարհը այնպես է կառուցվելու՝ 2 անգամ մտնի Ադրբեջան, հետ գա Հայաստան։ Եթե այս նակլավը տրվի Ադրբեջանին, այստեղ Ադրբեջանն է, այստեղ Ադրբեջանն է։ Մեջտեղը 1 կիլոմետր ճանապարհ ունենք, որ անցնենք այնտեղով դեպի Նոյեմբերյան»։

Անկլավների և 8 գյուղերի մասին խոսելիս Հայաստանի վարչապետը նաև նշել էր՝ եթե Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, Հայաստանն էլ 8 գյուղերի խնդիր ունի։ Թվարկել է Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները՝ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտում, Վազաշենում, Պառավաքար գյուղերում և այլ տարածքներում։ Պաշտոնական Բաքուն շտապել է հերքել, թե Ադրբեջանը հայկական որոշ գյուղեր է գրավել։ Ընդհանուր առմամբ՝ պաշտոնական Բաքուն քննադատել է Հայաստանի վարչապետի հարցազրույցում արտահայտված տեսակետները։

Կարդացեք նաև

Back to top button