ԿարևորՀասարակություն

Ուսման վարձի փոխհատուցում լինելու է. կարգն ու պայմանները քննարկման փուլում են

Արցախում գործում էր 4 բուհ, 8 քոլեջ և ուսումնարան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ բռնի տեղահանված ուսանողների թիվը շուրջ 5000 է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շրջաբերական գրություններ  է ուղարկել բուհերի և քոլեջների ու ուսումնարանների ղեկավարներին:

Կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ  համապատասխան կուրսերում:

Այս գործընթացը, ըստ ԿԳՄՍ-ի, պետք է վարվի՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության  համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից և կրեդիտների տարբերությունից:

Աննա  Գրիգորյանը սովորում էր Արցախի պետական  համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու  և գրականություն  կրթական  ծրագրի 3-րդ կույրում ։ Հիմա արդեն Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ուսանող է։ Արցախում սովորում էր վճարովի համակարգում, բայց 2020 թ․-ի պատերազմից հետո վարձավճարը փոխանցում էր Արցախի կառավարությունը։ Իր ֆակուլտետի ուսման վարձը 250 հազար դրամ էր, այստեղ՝ 500 հազար։

«Ճիշտ ասած մեզ կոնկրետ ոչինչ չեն ասել։ Առաջին օրը տեղեկացրեցին, որ այս տարի կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը, հետո ասեցի, որ 50 տոկոսը պետք է վճարենք, իսկ հետո ասեցին, որ առայժմ լիովին հստակեցված չէ, ու այս պահին սպասում ենք, թե ինչ կորոշի կառավարությունը»:

Անի Աբրահամյան էլ սովորում էր Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսում։ 

«Մեզ բավականին ջերմ ընդունեցին այստեղ, փորձում ենք հարմարվել ու ինտեգրվել։ Վարձավճարների հետ կապված էլ մեզ ասեցին դեռ հստակ որևէ բան չկա,պետք է սպասել»։

Երևանի պետական համալսարանն այս պահին Արցախի ուսանողներից արդեն  800 դիմում է ստացել՝ «Ռադիոլուրին» ասում է ԵՊՀ-ի ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանը։

«ԵՊՀ-ն Բարձրագույն կրթության  գիտության կոմիտեից ստացել է գրություն, ըստ որի՝ Արցախի բուհերից տեղափոխված ուսանողները  պետք է շարունակեն իրենց կրթությունը համապատասխան կրթական ծրագրով, համապատասխան կուրսում։ Չեն հաշվարկվելու առարկայական տարբերությունները, հաշվի չեն առնվելու լիցենզիայով հաշվարկված տեղերը։ Ենթադրենք՝ ուսանողը սովորել է իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի  առկա  ուսուցման համակարգում, դիմում է տալիս համապատասխանաբար նույն ֆակուլտետի  նույն բաժնում ուսումը շարունակելու մասին»։

Իսկ ինչ պետք է անի այն ուսանողը, որի ֆակուլտետը, ենթադրենք, չկա ԵՊՀ-ում։ Մարգարիտա Ներսիսյանը հարցին կոնկրետ օրինակով է պատասխանում։

«Օրինակ՝ Արցախի Պետական  համալսարանի  ուսանողներից մեկը եկել և ասում էր,որ սովորել է ֆիզկուլտուրայի ֆակուլտետում,բնականաբար ինքը համալսարանում չի կարող շարունակել, քանի որ չկա այդ բաժինը։ Ուղղորդում ենք այն հաստատություն, որտեղ կա հենց այդ ֆակուլտետը։ Կամ ուսանողը գալիս ասում է, ես Արցախում սովորել եմ ռուս բանասիրության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգում, մեզ մոտ արդեն ռուս -բանասիրության ֆակուլտետը հեռակա ուսուցում չունի, առաջարկում ենք առկա, եթե ուսանողը չի ցանկանում, արդեն ընտրում է այն բուհը, որն ունի հեռակա բաժիններ»։

Ինչ վերաբերում է վարձավճարներին, ապա կառավարությունը   փոխհատուցման  մի քանի տարբերակ է քննարկում։ Վերջնական որոշում առայժմ չկա՝ ասում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

«Մեր խնդիրն է, որ իրենք դուրս չմնան կրթական պրոցեսներից  ու ժամանակ չկորցնեն, քանի որ ուսումնական տարին  նոր է մեկնարկել, ու որքան հնարավոր է շուտ պետք է ինտեգրվեն, որ բաց թողնված ժամանակ չլինի։ Բայց որ փոխհատուցումը  տրամադրվելու է, դա հստակ է ։ Այս պահին կարգը և պայմաններն են քննարկման փուլում»։

Արցախում գործում էր 4 բուհ, 8 քոլեջ և ուսումնարան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Արցախից  բռնի տեղահանված ուսանողների թիվը շուրջ 5000 է։

Back to top button