ԿարևորՏնտեսական

Չհանձնվել ու սկսել զրոյից․ արցախցի գործարարները բիզնեսի համար տարածք են փնտրում

Էկոնոմիկայի նախարարությունում վաղը պատրաստվում են կրկին հանդիպել արցախցի գործարարների հետ։ Առաջին հանդիպումը օրերս էր։ Թե ինչ են քննարկել ու ինչ են առաջակում բռնի տեղահանված գործարարներին, նախարարությունում հստակ չեն հայտարարում։ Միայն ասում են, որ նախագծեր են պատրաստում, ներկայացրել են կառավարություն։

Կխոսեն, երբ հաստատվեն առաջարկներ։ «Ռադիոլուրի» զրուցակից գործարարները պատրաստ են նորից բիզնես հիմնել, միայն թե նախ՝ պետք է ոլորտային հանդիպումներ լինեն, հետո էլ հասկանան՝ ինչ է առաջարկելու պետությունը։

Ռաֆայել Բալայանն արդեն երկրորդ անգամ է թշնամուն թողնում տարիների իր ստեղծածը։ «Ռադիոլուրի» զրուցակիցը առաջին անգամ 2020 թվականին էր հարկադրված եղել թշամուն թողել իր մեղվի փեթակները, նռան այգիները։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությունը խոստացել էր փոխհատուցել վնասները՝ հաջորդ տարի։ Նռան այգիների համար 2 մլն դրամ գործարարն ստացել էր, բայց ընտանի կենդանիների ու թռչունների համար՝ ոչ։ Չսպասեց գումարին, պատերազմից հետո կրկին սկսեց զբաղվել սիրած գործով։ Այսօր արդեն ոչ միայն գումարը չկա, այլև իր ստեղծած խոշոր տնտեսությունը․

«Թողել եմ 70 փեթակ մեղու, 80 դատարկ փեթակ, որ այս տարի պիտի ավելացնեինք։ Անհրաժեշտ բոլոր սարքերն եմ թողել, 20 գլուխ խոշոր եմ թողել, 30 գլուխ խոզ ու 100 թև հավ եմ թողել։ 11 հա հողատարածք ու մոտ 1 հա տուն-տնամերձ ու գոմեր։ 2020 թվին էլ թուրքերին 80 փեթակ մեղու եմ թողել»։

Ռաֆայել Բալայանը Լոռու մարզում տարածք է փնտրում՝ գյուղատնտեսական աշխատանքներով նորից զբաղվելու համար։

«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ Մելսոն Սարգսյանը, Ստեփանակերտում գյուղմթերքի վերամշակման գործարան է թողել՝ 940 քառակուսի մետր արտադրական տարածք, սարք–սարքավորումներ, տարաներ, փայտի տակառներ, բնական հյութերի ու լիմոնադի արտադրության հոսքագիծ, գինու արտադրության տակառներ և այլն․

«Եթե շենքային պայմաններն էլ հաշվում եմ՝ 500-700 մնլ դրամ եմ թողել՝ միայն գործարանն ու սարքավորումները։ Մոտավորապես արտադրում էինք մինչև 100 հազար շիշ կոմպոտներ, մինչև 100 հազար շիշ մոշ, մասուր բնական հյութեր, մինչև 40 տոննա բարձրորակ գինի էինք արտադրում։ 10-15 տոննա մրգային օղիներ»։

Այժմ արտադրական տարածք են փնտրում, որ վերականգնեն արտադրությունը։ Բայց պետք է նախ գործարան կառուցել։ Պետությունից ակնկալիք ունեն՝ աջակցություն տարածքի հարցում, լիզինգով սարք-սարքավորումներ գնելու հնարավորություն, ասում է Մելսոն Սարգսյանը․

«Պետությունը աջակցի որոշակի արտադրական տարածք տրամադրի մեզ՝ թեկուզ ժամանակավոր, ասենք 3-4 տարվա կտրվածքով։ Մի քիչ էլ ֆինանսական օգնություն, չգիտեմ, դա իմ որոշելիքը չի։ Ես կարող է շատ բան ուզեմ։ Պետությունը ինքը պետք է որոշի»։

Ցանկություն, քննարկում, խոստում կա, հստակ հայտարարություններ՝ դեռ ոչ․ էկոնոմիկայի նախարարությունն այս պահին փակագծեր չի բացում, թե ոլորտ առ ոլորտ ինչ են առաջարկելու Արցախից բռնի տեղահանված, իրենց բիզնեսը թշնամուն թողած գործարարներին։ Հանդիպում նախարարությունում արդեն եղել է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հստակեցնում է՝ գործարարների բարձարցրած հարցերի մի մասը կարճաժամկետ է՝ տեխնիկական, բայց լուծելի խնդիրներ․

«Հարկային համակարգի փոխգործելիության հետ կապված հարցեր կային։ Որոշ գործարարներ արդեն մասնակցում են պետական գնումներին, ծառայություններ էին մատուցում պետական կազմակերպություններին։ Հասկանալի չէ, թե ինվոյսային համակարգերի փոխանակումը այս իրավիճակում ոնց պետք է աշխատի։ Որոշ տեխնիկական հարցերի պատասխաններ տվեցինք, բայց հասկանալի է, որ այս ընթացքում մեր հարկայինի գործընկեները նույնպես աշխատում են՝ փորձելով տալ այն տեխնիկական լուծումները, որոնք հնարավորություն կտան ՀՀ տարածքում անխափան աշխատել»։

Մելսոն Սարգսյանն առաջին հանդիպմանը գնացել է, բայց չի կարողացել ներս մտնել․ մասնակիցներն էին շատ, բոլոր ոլորտներից։ Մինչդեռ ըստ գործարարի՝ պետք է հանդիպումներն էլ տարբերակված, ոլորտային լինեն։ Այդպես ավելի արդյունավետ կլինի․

«1 կամ 2 մետր տարածք ունեցող խանութի սեփականատերերին ու խոշոր հարկատու «Ղարաբաղ Գոլդ»-ին միասին կանչել եք, որ ի՞նչ անեն։ Ասել եմ իրենց, խնդրել եմ, որ հանդիպման կանչեն ըստ ոլորտների։ Արտադրողներին մի օր հրավիրեք, գյուղմթերք վերամշակողներին՝ մի օր։ Մենք վերամշակողներս նույն հարցերը ունենք, օրինակ՝ մեր անժամկետ լիցենզիաները այստեղ գործելու են, թե ոչ։ Գյուղոլորտն էլ է տարբեր՝ ովքեր են լինելու՝ վերամշակողները, թե՞ հողագործները»։

Այս պահին հայտնի է, որ գյուղոլորտի ներկայացուցիչների հետ է նախատեսված առաջիկա հանդիպումը։ Նախորդ հանդիպումն ամփոփելով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը վստահեցնում է՝ արցախցի գործարարները հետաքրքրված են տնտեսական արդիականացման միջոցառումով։ ՀՀ-ում շուրջ 2500 վարկային պայմանագիր ու 400 մլն դրամից ավելի միջոցներ են հասանելի դարձել գործարարներին։

Գևորգյանն ասում է, որ ծրագիրը նաև Արցախում է գործել։ Սա ցածր տոկոսով վարկ է, որն առաջարկվում է․ «Մինչև 10 մլրդ դրամ սահմանաչափով վարկ է տրամադրվում մեքենա-սարքավորումներ ձեռք բերելու համար։ Տոկոսները պետությունը 36-42 ամիս տևողությամբ կսուբսիդավորի պետությունը՝ կախված գումարից»։

Պաշտոնյան ասում է, որ ծրագրին մեծ թվով ՓՄՁ-ներ են ներգրավվել։ 2022-ի մարտից մոտ 2600 պայմանագիր է կնքվել, որոնց կեսից ավելին ՓՄՁ-ների հետ։ Նոր ծրագրեր կլինեն ոչ թե բռնի տեղահանվածների, այլ ՀՀ մասնավոր հատվածի բոլոր գործընկերների համար, միայն թե բռնի տեղահանվածների համար արտոնյալ պայմաններ կգործեն։ Փոխնախարարը մանրամասներ չի հայտնում, ասում է՝ կխոսեն, երբ կառավարությունը ծրագիրը հաստատի։ 

Back to top button