ԿարևորՔաղաքական

Հայաստանը պատրաստ է շարունակել հանդիպումները «3+3» ձևաչափով

Հայաստանը պատրաստ է շարունակել հանդիպումները «3+3» ձևաչափով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք աշխատել այդ ձևաչափով։ Մենք կարևորում ենք ձևաչափը, քանի որ հաճախ քննարկում ենք տարածաշրջանային օրակարգը տարածաշրջանից հեռու, բայց չենք քննարկում տարածաշրջանում»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

«Մենք կարևորում ենք համագործակցությունը բոլոր գործընկերների հետ, բայց չպետք է տպավորություն ստեղծվի, որ մենք քամահրական վերաբերմունք ունենք տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ։ Դա այդպես չէ»,-ասել է նա:

«Ընդհակառակը, մենք կարևորում ենք հարաբերությունները տարածաշրջանի ներսում՝ չտարանջատելով դրանք միջազգային հարաբերությունների ընդհանուր համատեքստից»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ ինչ-որ պահի պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Թեհրանում, և վերահաստատել է դրան մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը։

«Գոնե մինչ օրս հանդիպումները եղել են փոխարտգործնախարարների մակարդակով, և հիմա պետք է ճշգրտվի, ինչպիսին է կողմերի ընկալումը՝ ինչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը, և մենք պատրաստ ենք հանդիպման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ այդ ձևաչափում Հայաստանն ընդգրկվել է, և մինչ օրս չի եղել նման դեպք, որ հանդիպումները հետաձգվեն, կամ չկայանան մեր պատճառով։

Back to top button