
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին աղոթքն ու Տեր Ողորմեան հնչեցին հոկտեմբերի 1-ին։ Համացանցում տարածված տեսանյութում երևում էր, որ եկեղեցին դատարկ է։ Հրայր Սարկավագ Հակոբյանը «Ռադիոլուրին» պատմել է այդ օրվա մասին։ Արցախից իր հետ բերել է խունկ, իսկ շարականների նոտաները թողել այնտեղ՝ մի օր վերադառնալու հույսով։
Ստեփանակերտի Մայր տաճարում «Տեր ողորման» վերջին անգամ հնչեց հոկտեմբերի 1-ին։ Հակոբ սարկավագ Հակոբյանը եկեղեցում մենակ էր։ Առաջին անգամ չէր, որ միայնակ էր աղոթում Մայր տաճարում, բայց առաջին անգամ էր, որ իր աղոթքից հետո Եկեղեցու դռները փակվելու էին։
«Մարդկային ապրումների մեջ էի, մտորումների՝ արդյո՞ք վերջին անգամ է, թե՞ Աստված հնարավորություն կտա նորից աղոթք բարձրացնելու, արդյո՞ք արժանի կհամարի , որ էնտեղ սպասարկենք իրեն։ Բայց ձեռքերը ծալել ու անզոր նստելն է էլ մի բան չի»։
Երևանից տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել են Արցախ։ Միանգամից ընտրել են բնակության վայրը՝ Գանձասար, Վանք գյուղ։
«Փոքր հասակից ծնողներս հոգ են տարել, որ եկեղեցի այցելեմ և վեց տարեկանից արդեն եկեղեցու սպասավոր եմ եղել ու շապիկ հագել»։
Այդ օրն էլ, ինչպես բոլոր մյուս օրերին, Հրայր սարկավագը քայլերն ուղղեց Ստեփանակերտի Մայր տաճար։ Մի փոքր վատառողջ էր, բայց ընկերոջ խնդրանքով երգեց «Տեր Ողորմեան»։
«Ձայնս կտրված էր ու ի զարմանս ինձ ձայնս դուրս եկավ»։
Հրայր սարկավագ Հակոբյանը 2015-2017 զորակոչվել էր ՊԲ՝ որպես գնդերեց։ Մասնակցել և՛ քառօրյա, և՛ 44- օրյա պատերազմներին։ Խոստովանում է՝ այդ պատերազմներին աղոթքն այլ կերպ էր հնչում։

«Քառօրյա, 44-օրյա պատերազմների ժամանակ հնչող աղոթքներում մի տեսակ հանգստություն կար։ Աստված մխիթարություն էր պարգևում, ես վստահ էի խնդրում։ Այս անգամ, երբ Ստեփանակերտի Մայր տաճարում աղոթք բարձրացրեցի, հենց խորանի առջև աղոթելիս զգացի՝ այն, ինչ խնդրում եմ, Աստված չի տալու։ Իհարկե, ցավով զգացի դա, բայց էլի խնդրեցի։ Հասկացա, որ մենք ենք անարժան ու չգնահատեցինք Աստծուց մեզ տրվածը»։
Ասում է՝ շրջափակման օրերին եկեղեցի այցելողների թիվը շատացել էր։
«Ես այցելողներին էլ ասում, երբ նեղության մեջ եք Աստծուն խնդրում եք, դուրս գալիս չմոռանաք ասել շնորհակալություն»։
Արցախից դուրս գալիս եկեղեցուց խունկ է վերցրել, գրքերը, շարականների նոտաները թողել՝ մի օր վերադառնալու հույսով։
«Հոգևոր առումով Արցախից կոտրվածություն եմ բերել,կոտրվածություն Աստծո առջև, բայց նաև մեծ հույս՝գլխիկոր վիճակում»։
Ծնունդով Երևանից Հրայր սարկավագ Հակոբյանն ամեն անգամ Արցախից գալիս կարոտի զգացողություն է ունեցել։ Այս անգամ դժվարանում է նկարագրել, թե ինչ զգացողությամբ է հատել Հակարիի կամուրջը։
«Բայց այս անգամ դատարկություն էի զգում, ինձ անծանոթ մի բան էր։ Ամբողջ ճանապարհին մտածում էի՝ համարե՞լ, որ սա վերջն է, չէ՛․ Սուրբ գրքում է գրված նեղությունների մասին, որքան էլ ցավալի լինի, սա դեռ այն վերջի սկիզբն էր։ Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ նման բան կլինի և որևէ մեկը չի կարող բացառել, որ Աստված կողորմի և մի հրաշք ցույց կտա»։










