ԿարևորՔաղաքական

Նոյեմբերի 9-ը դեռ կենսունա՞կ է․ ինչո՞ւ է Մոսկվան խոսում արցախյան հակամարտության լուծված չլինելու մասին

Արցախից հայերի արտագաղթը հարկադրված է եղել, տարածաշրջանը եղել և մնում է հայկական, հայտարարում է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար-Հեյդարին։ Նա նշում է, որ եթե ադրբեջանական բանակի գնդակոծությունների և հարձակումների պատճառով հայերը ստիպված են լինում լքել Արցախը, չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը։

Երևանի ու Բաքվի միջև հակամարտության լուծված չլինելու մասին է հայտարարել ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը։ Փորձագետների կարծիքով այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Մոսկվան դեռևս կենսունակ է համարում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։

Մոսկվան իր դիտակետերն է փակում Արցախում, դրան հաջորդող օրն արդեն շտապում է խմբագրել մոտեցումները՝ «Հայաստըանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծված չէ», ասում է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ուշագրավ է նաև Ալիևի վարքագիծը, նա հրաժարվում է Գրանադայում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, 3 օր հետո, սակայն, շտպում է հայտարարել «խաղաղության պայմանագրի» շուտափույթ կնքման մասին, հարթակներ է առաջարկում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները կարգավորելու համար։

Տպավորություն է, որ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ստիպում են արագացնել գործընթացները։

Եթե Գրանադայից հետո Մոսկվան մատնանշում էր հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նիստին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման հնարավորությունը և հույս հայտնում, որ ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ նիստին ու կհանդիպի Ալիևի հետ, ապա հիմա ավելի մոտ ժակետներ է մատնանշում՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման համար։ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հույս է հայտնում, որ այդ շփումները կկայանան․

«Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ վարելու հնարավորությունը։ Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերջակետը դրված չէ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն ընդհատվել»,- հայտարարում է նա, միանգամից ավելացնելով, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը, և ակնկալում են, որ հայկական կողմը նույնպես կհամաձայնի մասնակցել նման բանակցությունների։

Ինչ ազդակներ են պարունակում այս հայտարարությունները։

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյան․ «Ինձ թվում է՝ ելնում է այն բանից, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռ գործում է և իրենք պետք է այդ փաստաթղթից ելնելով շարժվեն, ՌԴ այդ իրողությունից է ելնում։ Գալուզինը կարծեմ նաև ԼՂ բնակչության անվտանգության հետ կապված հայտարարություն էր նաև արել։ Ինքը չգիտի՞, որ այնտեղից հայերը դուրս են եկել, ի՞նչի է նման հայտարարություն անում։ Ասում է, քանի որ նոյեմբերի 9-ով կա կետ, որտեղ նախատեսված է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր։ Հետևաբար ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի փակել Արցախը հայաթափելու հարցը և պահը, որ գա նոյեմբերի 9-ի կետով կպահանջի, որ հայերը վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր»։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը միանգամայն այլ բացատրություն ունի Մոսկվայից հնչող հայտարարություններին․

«Փակելով Ղարաբաղի հարցը, այդ թվում նաև իր ծանր ձեռքով, Ռուսաստանը չի ուզում փակի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի էջը և ղարաբաղյան խնդրից ղարաբաղյան խնդիրը վերածվել է հայ-ադրբեջանական խնդրի։ Այդ խնդրի մեջ մտնում են անկլավները, որի մասին խոսում է Ալիևը, նաև խոսում է միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիաների վերաբացման գաղափարի մասին, որը նշված է նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթում։ Ալիևը չգնալով Գրանադա, հերթական անգամ, այսպես ասեմ՝ պաս տվեց ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային, որպեսզի իր մոդեռացիան տեղափոխվի տարածաշրջանային հարթակ»։

«ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում պահանջված է, որոշ հայեր կարող են վերադառնալ»,- հաջորդ ուշագրավ հայտարարությունն է անում ռուս բարձրաստիճան դիվանագետը․

«Ցավոք սրտի, Ղարաբաղում բնակվող հայերից շատերը որոշել են հեռանալ այդ տարածքներից, բայց ռուս խաղաղապահների առաքելությունը մնում է ավելի, քան պահանջված, նրանց միջնորդությամբ շփումներ են տեղի ունենում հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև։

Չպետք է բացառել, որ հեռացածների մի մասը կվերադառնա, վերադարձողների խաղաղության ապահովման երաշխիքը կլինեն խաղաղապահները»։

Այս հարցում Դավիթ Ստեփանյանը հիշեցնում է ռուսական կողմի վերջերս  հնչեցրած պարզաբանումները, որ ռուս խաղաղապահները ոչ թե անվտանգություն ապահովողի առաքելություն ունեն, այլ դիտորդական․

«Երկու օր առաջ Պուտինը Վալդայում հստակ ասել է, որ ռուսները անվտանգություն չեն ապահովում, նրանք ընդամենը կատարում են դիտորդական առաքելություն։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին երեք տարվա ընթացքում Պուտինը մի քանի անգամ ասել է, որ արցախցիների անվտանգությունը ապահովում են խաղաղապահները։ Այնպես որ, նա բացահայտ կերպով հրաժարվել է այդ ֆունկցիաները կատարել։ Ես չեմ կարծում, որ այդ ֆոնին որևէ արցախցի ընդհանրապես կցանկանա երբևէ վերադառնալ Արցախ, և գտնվի դիտորդների վերահսկողության ներքո»։

Ի դեպ՝ Գալուզինը РБК-ին տված հարցազրույցում կիրառել է «Մեղրիի երթուղի» ձևակերպումը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհը նա հենց այդպես է անվանել․

«Ի վերջո, խոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին է, ուստի ես ինձ թույլ եմ տվել օգտագործել «Մեղրիի երթուղի» ձևակերպումը։ Այո, Ադրբեջանում այն կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։

Հայկ Այվազյանը «Զանգեզուրի միջանցք» տերմինը քարոզչական է համարում, վերլուծաբանի կարծիքով՝ կարևորն այլ բան է․

«Կարևորը, որ էդ ճանապարհը գործի մեր օրենքների ներքո, իսկ ՌԴ բազմիցս հայտարարել է, որ պետք է գործի մեր օրենքներով»։

Ռուս դիվանագետը պնդում է, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ դաշինքին և ռազմավարական գործընկերությանը, և հույս ունի, որ Երևանը համարժեք կգնահատի գործընկերության կարևորությունը, չնայած, ըստ նրա՝ հայկական կողմի հանրային ոչ բարեկամական հռետորաբանությանը։

Back to top button