ԿարևորՀասարակություն

Չկա նախադեպ, երբ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն․ միջազգային իրավունքի մասնագետ

Մասնագետները պնդում են՝ չճանաչված պետությունում պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, չկան նախադեպեր, երբ նման պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ երկիրը ղեկավարելու համար։

Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։

Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են, իսկ Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու։ Մինչդեռ Ադրբեջանը առևանգել ու ձերբակալել է արցախցի ութ քաղաքական ու ռազմական գործչի։

Ապօրինի ձերբակալություն՝ շինծու մեղադրանքով․ Ադրբեջանը Արցախի քաղաքական ու ռազմական գործիչներին առևանգել, կեղծ մեղադրանքներ է առաջադրելով, ձերբակալել ու քրեական գործեր է հարուցել։ Ձերբակալված են Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահները, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախագահի հատուկ հանձնառությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

Արցախի երեք նախագահների ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի. «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանն օգտագործել է ուժի ցուցադրության նպատակով։ Արցախի պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը, Սիրանուշ Սահակյանի համոզմամբ, կարող էր լինել քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, ու քանի որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ունի հեղինակություն, քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի․

«Մենք կարող ենք նշել, որ չճանաչված պետությունում իրականացված գործունեության, կարծիքների, առհասարակ հայանպաստ գործելակերպի նպատակով Ադրբեջանը պատժիչ գործողություն է իրականացնում այս պաշտոնյաների նկատմամբ։ Գործընթացները ցուցադրական են, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է, որի երկարաժամեկտ էֆեկտներից է փորձելու օգտվել Ադրբեջանը»։

Մասնագետի խոսքով՝ չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, չկան նախադեպեր, երբ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար։ Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ «Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են ու Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու»,-ընդգծում է Սահակյանը։

«Ադրբեջանն ունի ձևավորված պրակտիկա, նաև պատմություն՝ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու և հասարակությանը մատուցելու»։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով, որոնց համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ նրա իրավունքները կպաշտպանի ադրբեջանցի փաստաբան։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ռազմագերիների գործերով Ադրբեջանում ներգրավված են եղել հանրային պաշտպանի գրասենյակից նշանակված փաստաբաններ, որոնք գործել են մասնագիտական էթիկային և փաստաբանական գործունեության սկզբունքներին հակառակ և չեն ապահովել իրական պաշտպանություն։Այս անգամ ընտանիքներին ընտրության հնարավորություն է տրվել․

«Բայց ևս մեկ անգամ վերահաստատենք, որ այդ ընտրությունը կատարվում է  Ադրբեջանում լիցենզավորված ու գործող փաստաբաններից։ Այստեղ մենք կարող ենք հարաբերական կախյալության մասին խոսել։ Մասնավոր փաստաբանները հարաբերականորեն ավելի անկախ են, բայց ընդհանուր առումով, կարծում ենք, որ փաստաբանական համայնքը կայացվածության խնդիր ունի։ Դա չի կարող չազդել ամբաստանյալների արդար քննության իրավունքի վրա»։

Սահակյանը հիշեցնում է՝ այդ երկրում այն փաստաբանները, որոնք ընդդիմախոսների համար պատշաճ փաստաբանական գործունեություն են իրականացրել, հետագայում զրկվել են փաստաբանական գործունեության լիցենզիայից։ Այսինքն՝ պետությունը միջամտել և դադարեցրել է իրեն ոչ հաճո փաստաբանների գործունեությունը։ Մյուս կողմից, պետության տրամադրած անվճար փաստաբանները կախման մեջ են իշխանություններից։ Եվ կան միջազգային զեկույցներ, որոնք արձանագրում են, որ ապահովված չէ իրավական օգնության որակը, և այս ինստիտուտն անկախության հետ կապված խնդիրներ ունի։

Այս պահին ՀՀ-ն միջպետական գանգատի շրջանակներում Արցախի առևանգված ութ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և նաև հայցել է անհապաղ միջոցեր, այդ թվում՝ ազատ արձակման տեսքով, որի առնչությամբ որոշումներ դեռևս կայացված չեն. պաաշտոնատար անձանց նկատմամբ պատժիչ գործողություները բարձրաձայնվել են նաև ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, հոկտեբերի 12-ին լինելու են լսումներ, որոնց նպատակը նոր միջոցներ ձեռնարկելն է, որոնք կկանխեն այս պատժիչ գործելակերպը և միտված կլինեն դրա հետևանքների վերացմանը:

Միջպետական գործընթացներ կարելի է նախաձեռնել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, բայց տվյալ կոնվենցիոնալ հիմքերով՝ կապված փախստականների, խոշտանգումների, ահաբեկչության հետ: Հայաստանը դիմել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Վկայակոչելով կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածը՝ հայկական կողմը հարցում է ուղարկել դատարան ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար» ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծում է․ «Կարող ենք ակնկալել, որ հայկական կողմն իր դիրքերը կամրապնդի՝ գույքային իրավունքի մասով։ Հայկական կողմը կարող է բարձրացնել անհետ կորածներին ու զոհվածների մարմինների վերադարձի հարց։ Բայց առաջիկա տարիներին առանցքային լինելու է 100 հազարից ավելի բռնի տեղահանվածների գույքային իրավունքների հարցը։ Գույքային խնդիրներ կլինեն նաև 2020թ Հադրութ, Շուշի։ Այստեղ ՄԱԿ-ի սկզբունքն է գործում, որ կամ պետք է թույլ տա քաղաքացիները վերադառնան, իրենց գույքն ամբողջությամբ տնօրինեն, կամ պետք է փոխհատուցի։ Ադրբեջանն առաջինը չի ուզում, ուրեմն պետք է հսկայական փոխհատուցումներ տա, ընդորում նաև իրավաբանական անձանց՝ ընկերություններ, կազմակերպություններ, ՀԷԿ-եր։ Այս հարցը միշտ բաց է մնալու և Ադրբեջանի վրա ծանրություն է լինելու»։

Մասնագետները շարունակում ընդգծել՝ պետք չէ սահմանափակվել միայն իրավական գործընթացներով, և իրավական գործընթացները պետք է համակցվեն դիվանագիտական ջանքերի հետ: Նոր հնարավորությունններ կարելի է գտնել Միջազգային քրեական դատարանում։

Կարդացեք նաև

Back to top button