ԿարևորՍպորտ

Վահագն Դավթյանը մարմնամարզության ԱԱ-ում 4-րդն է, Արթուր Ավետիսյանը` 7- րդը

Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել է առանձին գործիքների եզրափակիչը:

Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 14.433 միավորով:

Մեդալ նվաճելուն մոտ է եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որն այսօր հանդես է եկել նժույգթափեր վարժության եզրափակչում և հավաքելով 14.600 միավոր՝ զբաղեցրել է 4-րդ տեղը:

Մեր մարզիկների ելույթներին մրցավայրից հետևում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հոկտեմբերի 8-ին նա հանդես կգա հենացատկի եզրափակչում: Դավթյանն արդեն ապահովել է Փարիզ-2024-ի անվանական ուղեգիր:

Հայ մարմնամարզիկներն ԱԱ-ին մասնակցում են մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ: Նշենք՝ սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությանը 73 երկրների 400 մարզիկներ են մասնակցում:

Back to top button