ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը ՄԱԿ-ի դատարանից

Օրերս  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ՝ հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Այս վճռում, փորձագետների գնահատմամբ, կան մտահոգիչ կետեր՝ մասնավորապես գույքային իրավունքի մասով։ 

Այժմ Ադրբեջանը  իմիտացիոն գործողությունների շարք է սկսել՝ սկսած  ՄԱԿ-ի դիտորդների ընդունումից մինչև հայերին ընդունելու պատրաստակամության մասին հայտարարություններ։ Քայլերը հստակ նպատակ ունեն՝ Ադրբեջանը ցանկանում է միջազգային իրավական  գործընթացներում ներկայացնել, թե իբր երբեք դեմ չի եղել, որ հայերն ապրեն Լեռնային Ղարաբաղում։ Բայց խնդիրը միայն վերադարձը չէ՝ նկատում են մասնագետները՝ հիշեցնելով, որ  ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն էլ հոկտեմբերի 12-ին քննելու է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

ՄԻԵԴ-ը ցանկանում է քննել այն խախտումները, որոնք պատերազմի ակտիվ փուլից հետո են տեղի ունեցել՝ արձանագրում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ–ի՝ օրերս կայացրած վճիռն ու երեք որոշումները։ Երկու որոշում էլ ընդդեմ Հայաստանի է կայացվել՝ հիշեցնում է մասնագետը։ 

Խոսքն Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերի մասին է, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին։ ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը: 

«Դատարանը վերահաստատեց նախկինում ընդունած իր նախադեպային մոտեցումը, որ պատերազմի կամ զինված բախումների ակտիվ փուլում ներկայացված գանգատները կմերժվեն։ Տարօրինակ է, բայց փաստ է։  Հուսով եմ՝ այդ ձևակերպումը չի ազդի 2020թ և 2023թ պատերազմական գործողությունների արդյունքների վրա։ Արցախում հիմա ակտիվ գործողություններ, բնակչություն  չկան։ Բայց գույքային իրավունքները շարունակում են խախտված մնալ։  Ադրբեջանը թույլ չի տալիս, որ վերադառնան քաղաքացիները, օգտվեն իրենց գույքից»։

Այժմ Ադրբեջանը  իմիտացիոն գործողությունների շարք է սկսել՝ սկսած  ՄԱԿ-ի դիտորդների ընդունումից մինչև հայերին ընդունելու մասին հայտարարություններ։

Քայլերը հստակ նպատակ ունեն․ Ադրբեջանը ցանկանում է միջազգային իրավական  գործընթացներում ներկայացնել, թե իբր երբեք դեմ չի եղել, որ հայերը վերադառնան ու ապրեն Լեռնային Ղարաբաղում։ Որոշումներն, ըստ մասնագետի, խնդրահարույց են հենց այս համատեքստում։

«Հենց դրանց նպատակն էլ այն է, որ առերևույթ հիմնավոր պնդումը դառնա վիճելի։ Ամբողջությամբ իմիտացիոն գործողություններ են, բայց ապացույցների կշռի տակ ադրբեջանցիների պնդումները կհամարվեն անհիմն, թե հայերը կարող են չհեռանալ։ Այստեղ միայն չհեռանալը չէ, այստեղ նաև հետոն է՝ չհեռանալուց հետո։ Հաշվի առնելով այն ռազմական ուժը, որը կիրառվեց, նաև քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, հաշվի առնելով ամբողջ նախապատմությունը՝ ռազմական հանցագործություններից սկսած, պնդումներ կլինեն, որ Ադրբեջանը չի կարող ու չի ցանկանում երաշխիքներ ստեղծել։ Ուստի՝ պետք է փոխհատուցի։ Բնականաբար, առաջիկայում էլ շարունակելու է պատրանքներ ստեղծել, թե հայեր են ապրում, մնացել են հայեր, ճանապարհը բաց է»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողների բողոքի հիման վրա:  Արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում: Մասնավորապես՝ Ադրբեջանը խախտել է Կարեն Ղազարյանի՝ խոշտանգումների արգելքի (3-րդ հոդված), Ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված՝ մի քանի կետերով) իրավունքները: Ադրբեջանը պարտավոր է վճարել 10 հազ. եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 3225 եվրո՝ փաստաբանական ծախսերի համար: Կարեն Ղազարյանի ծնողները ՄԻԵԴ էին դիմել 2018-ին: Եվրոպական դատարանին հայտնել էին, որ իրենց որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ:

Կարենը 2018թ. հուլիսի 15-ի գիշերը դուրս է եկել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։  Ծնողները Կարենին վերջին անգամ տեսել են գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, երբ նա իջել է տան առաջին հարկ՝ ջուր խմելու: Նույն օրը առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինված «դիվերսիոն» խումբը փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք, և որ հայ հետախույզ Կարեն Ղազարյանը ձերբակալվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Կարեն Ղազարյանի լուսանկարը՝ սև զինվորական համազգեստով և սև գլխարկով, իսկ դեմքին քսված է եղել սև ներկ։ Դիմումատուները պնդել են, որ նա տնից դուրս գալիս նման հագուստով չի եղել: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշում է՝ Եվրոպական դատարանը ամբողջությամբ բավարարել է Կարեն Ղազարյանի գործը։ Ապացույցները ծանրակշիռ էին։ Ադրբեջանի կեղծ ու անհիմն  պնդումները դատարանը չի ընդունել․

«Խախտումներից մեկն այն է, որ 2․5 տարի առանձին է պահվել։ Սա արդեն ինքնին անմարդկային վերաբերմունք է։ Սա պետք է ուղեցույց լինի՝ պնդելու, որ մեր մյուս ռազմագերիները, որոնք անօրինական դատապարևտվել են, առնվազն առանձախցում չպահվեն տարիներ շարունակ»։

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն էլ հոկտեմբերի 12-ին կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը դիմել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Վկայակոչելով կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածը՝ հայկական կողմը հարցում է ուղարկել դատարան ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար» ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին:

Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել ժամանակավոր միջոցներ և հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն այդ գործով արդեն կայացված 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռների: Ղազարյանը կարծում է, որ հայկական կողմն իր դիրքերը կամրապնդի՝ գույքային իրավունքի մասով, չի բացառում, որ անհետ կորածներին ու զոհվածների մարմինների վերադարձի հարց բարձրացվի։ Բայց նշում է, որ առաջիկա տարիներին առանցքային լինելու է 100 հազարից ավելի բռնի տեղահանվածների  գույքային իրավունքների հարցը։

Back to top button