Իսրայելում հրթիռակոծության հետևանքով 80 մարդ է վիրավորվել
Մոտ 80 մարդ տեղափոխվել է Իսրայելի հարավում գտնվող Բեեր-Շեվա քաղաքի Սորոկա հիվանդանոց՝ Գազայի հատվածից զանգվածային հրթիռակոծությունից հետո, գրում է Yedioth Ahronoth-ը։ Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են։
Ըստ հրապարակման` Գազայից արմատականները մի քանի ժամում ավելի քան հազար հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։
Այսօր վաղ առավոտյան Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում հնչել են օդային հարվածների ազդանշաններ:
Թել Ավիվում հակաօդային պաշտպանության ազդանշաններ են հնչել։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է սահմանամերձ շրջաններ զինյալների խմբավորումների ներթափանցման մասին:
Ականատեսների վկայությամբ՝ որոշ բնակավայրերում փողոցային մարտեր են։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պատերազմի պատրաստության վիճակի մասին, իսկ պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորի զանգվածային հավաքի մասին:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և փակել անկլավի շրջակայքի ճանապարհները: