ԿարևորՏնտեսական

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը:

Հանդիպմանը նախ ներկայացվել են Հանրային ներդրումային կոմիտեի 1-ին նիստի ընթացքում հաստատված 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, Հայաստանում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցմանը, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցմանն ու հետագա շահագործմանը: Հաշվետվությունների հիման վրա նախագծերը հաստատվել են նիստի ընթացքում: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև նախագծեր, որոնք վերաբերել են արտակարգ իրավիճակների արձագանքման Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանը, Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքին: Ներկայացված նախագծերի շուրջ ծավալվել է քննարկում, որոնք վերաբերել են  ինչպես նախագծերի իրականացման ընթացքին, այնպես էլ ակնկալվող արդյունքներին ու արդյունավետությանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը և ներկայացված առաջարկությունները, դրանց հիման վրա լրամշակել և վերջնական տեսքի բերել ծրագրերի նախագծերը: 

Back to top button