ԿարևորՀասարակություն

Անվճար կամ 2-3 անգամ թանկացածտներ Արցախից տեղահանվածների համար

Հեղինակ՝ Անահիտ Սվարյան
«Ռադիոլուր»

Արցախից բռնի տեղահանվածներից շատերը դեռ հիմնական կացարան չունեն։ Նրանց մի մասն ապրում է բարեկամների ու ծանոթների տներում, մի մասը՝  պետության տրամադրած կացարաններում։ Չնայած կառավարությունը Երևանում ժամանակավոր կեցավայրեր չի առաջարկում, եկածներից շատերը նախընտրում են մայրաքաղաքը կամ դրան մոտ բնակավայրերը։ Իսկ այստեղ ժամ առ ժամ բարձրանում են բնակարարանների վարձավճարները: Oրինակ` Հրազդանում  2 սենյականոց բնակարանը 420 000 դրամով է առաջարկվում։

Ստեփանակերտից՝ Արմավիր․ հաջորդ կանգառն անհայտ է

Արմինե Հայրապետյանի ընտանիքը Ստեփանակերտից տեղահանվել ու  ժամանակավորապես տեղավորվել է Արմավիրում՝ ընկերուհու տանը։ Մի քանի օր առաջ Զովունիում վարձով տրվող առանձնատուն են գտել, պայմանավորվել, բայց վերջին պահին սեփականատերը մտափոխվել է։

«Տուն գտնելը  դժվարացել է,  գները շատ  բարձր են։ Մի քանի տեղ զանգել ենք, ասել են, որ սկսվում է 300 հազար դրամից մինչև հազար, հազար երկու հարյուր դոլար։ Շատերը կարծում են, որ պետությունն է այդ վարձը տալու, որ ասում ենք՝ թանկ է, մի տեսակ դժգոհությամբ ասում են՝ ինչի եք ասում թանկ է, չէ՞ որ այդ գումարը պետությունն է տալու։ Պետությունը մեկ մարդուն 6 ամիս 40+10 հազար դրամ է տալու և մեկանգայա 100 հազարական դրամ։ Բնականաբար, այդ գումարով չենք կարող թանկ  տներ վարձել»,-ասում է Արմինեն։

Արմինեի համար կարևոր է Երևանում կամ մոտ բնակավայրերում ապրելը, քանի որ ընկերները մայրաքաղաքում նրա համար աշխատանք են գտել։ Այն, սակայն, քիչ վարձատրվող է․ այդքան գումարով տան վարձը տալ դժվար է լինելու։ Նրա բազմանդամ ընտանիքը կառավարության առաջարկած ժամանակավոր կեցավայրերից հրաժարվել է․

«Մտածում էի, որ ես կարող եմ վարձակալել, իսկ կացարանները տրամադրվեն նրանց, ովքեր դրա կարիքը ավելի շատ ունեն, քան ես։ Ասենք բազմաերեխատերերին կամ նրանց, ովքեր ընտանիքում կերակրող չունեն և այլն»։

Արմիենի  երկու դպրոցահասակ երեխաները Արմավիրում դպրոց չեն գնում։ Մինչև չլուծեն  բնակարանի խնդիրը, երեխաներին դպրոց չեն  ուղարկի։

2-3 օրում 2-3 անգամ թանկացած տներ

Անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովն  ասում է՝ այս պահին Երևանի բնակարանային ֆոնդը համարյա սպառված է․ վարձով տրվող ազատ բնակարաններ գրեթե չկան։ Իրենց գործակալությունը, որ մինչև այս աշխատում էր միայն Երևանի տարածքում, հիմա նաև մարզերի վարձատուներին ու վարձակալներին է կապում իրար։

«Մենք ինչքան փորձում ենք գտնել, չի ստացվում, ես էլ ընկերներ ունեմ, որ հենց էս պահին փնտրում են, իրենց համար էլ ենք փնտրում, բայց չկա տարբերակ, այսինքն՝ որտեղ մարդիկ կարող էին տեղավորվել, տեղավորվել են»։

Անշարժ գույքի գործակալն ասում է, որ բնակարանների սակավության խնդիրը նկատելի էր դեռ արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելուց առաջ, երբ ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով բազմաթիվ ռուսաստանցիներ ժամանեցին, սակայն վերջին օրերին խնդիրն ավելի է սրվել։

«Էն բնակարանը, որը 20 օր առաջ 150 000 դրամով էր հանձնվում վարձակալության, հիմա 300 կամ 400 հազար դրամով մի կերպ կգտնեք»։

Հարությունովն ասում է՝ այնպես չէ, որ սեփականատերերը միայն արցախցիներին են դժվարությամբ ու բարձր գներով տուն տալիս, սակայն արցախցիների դեպքում մի շարք հանգամանքներ են հաշվի առնում։

«Մարդիկ կան, որ ասում են՝ ես չեմ տա բնակարանը արցախցիներին ու դա մի քանի ձևով են բացատրում։ Օրինակ` 2 ամիս հետո էլ չեն կարողանա վճարել, ֆինանսապես ապահովված չեն, չեն կարող վճարել և այլն»։

Գործակալը նաև իր տեղահանված ընկերներին է առաջարկում որոշ ժամանակ մարզերից մեկում մնալ, բայց նրանք նախընտրում են Երևանը։

«Իմ ընկերների մեջ էլ կան, որ եկել են Արցախից, ասել եմ՝ ժողովուրդ տեղավորվեք մի տեղ, 15–20 օրով, մինչև տեսնենք ինչ ա լինում։ Միգուցե էնպիսի աշխատանք եք գտնում, որ կարիք չի լինում Երևան գալ, կամ եթե ունեք խնայողություններ, եկեք էս պահին մի ծախսեք դրանք, մի տեղ տեղավորվեք անվճար, թե պետության, թե այլոց կողմից, հասկացեք ինչպես եք իրնտեգրվում, ինչ եք անում, նոր բնակարան վարձեք»,– ասում է Հարությունովը։

Բնակարանների թանկացում է նկատվում նաև մայրաքաղաքին մոտ այլ բնակավայրերում։ Հրազդան քաղաքում օրինակ 2 սենյականոց 45 քմ մակերես ունեցող տունն այս օրերին վարձով է տրվում ամսական 420 000 դրամով։

Սոցիալական ցանցերում այսպիսի հայտարարությունների պակաս չկա։ Դրանց քանակի ավելացմանը զուգահեռ շատացել են բնակարանային խարդախությունների դեպքերը։ Ահազանգում են ոչ միայն քաղաքացիները, այլև՝ Քննչական կոմիտեն։ Օրերս բացահայտվել է՝ Արմավիրում 48–ամյա բնակչուհին վարձով բնակարաններ տալու պատրվակով խարդախությամբ հափշտակություններ էր կատարել։ Անդրանիկ Հարությունովն ասում է՝ համացանցում բազմաթիվ կեղծ էջեր ներկայանում են  որպես անշարժ գույքի գործակալներ։

«Մտնենք օրինակ list.am կամ նման ցանկացած կայք ու կտեսնենք հազարավոր հայտարարություններ, էջեր, որ նշված են թե գործակալությունն են, բայց իրականում գրանցված չեն պետռեգիստրում, գրանցված աշխատակիցներ չունեն։ Ինչի մասին է խոսքը, երբ ցանկացած մարդ կարող է հայտարարություն տալ ու չի վերահսկվում պետքության կողմից»,–ասում է անշարժ գույքի գործակալը։

Վարձակալ–վարձատու հարաբերությունները մեծամասամբ հիմնված են բանավոր պայմանավորվածությունների վրա։ Գործակալն ասում է՝ երկու կողմերին էլ ձեռնտու է առանց պայմանագրի վարձակալությունը։ Մարդիկ խուսափում են հարկերից ու քաշքշուքից։ Լինում են նաև դեպքեր, երբ պայմանագրերը կնքվում են առանց նոտարական գրանցման, հետևաբար օրինական ուժ չեն ունենում․

«Բազմաթիվ սեփականատերեր կան էս պահին, որ վարձակալին ասում են դուրս արի, ես ավելի թանկ գնով բնակարանն ուրիշին եմ տալիս։ Եվ ոչ մի ձև չի կարգավորվում վարձակալի ու վարձատուի միջև հարաբերությունները»։

Կառավարությունը տեղահանվածներին Երևանում կացարաններ չի առաջարկում

Թե 100 հազարից ավելի տեղահանված արցախցիների որ մասն է բնակություն հաստատել մայրաքաղաքում, հստակ չէ։ Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը Երևանում ժամանակավոր կեցավայրեր չի տրամադրում։ ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի համակարգող Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հիմնավորումներից մեկը ֆինանսականն է։

«Ինչու ոչ Երևանը։ Օրինակ՝ եթե մի ընտանիքի բնակարան վարձելու չափը պետք է կազմի օրինակ 300000 դրամ, ապա այդ նույն գումարով հնարավոր է 5 ընտանիքի համար մարզերում համանման պայմաններ ապահովել»։

Միաժամանակ Խաչատրյանը պնդում է՝ բոլոր տեղահանվածներին գոնե ժամանակավոր կեցավայրերով ապահովելու համար պետությունը միջոցների միջև ընտրություն չի անում։

«Մի տեղ եղել է բարձր որակներով հյուրանոց, դա օգտագործել ենք, մի տեղ մի քիչ ցածր, դա էլ ենք օգտագործել։ Տարբեր ընտանիքների հասանելի են եղել տարբեր պայմաններ, բայց ով առաջինը հասել է, նրան էլ հասել է կեցավայրը, այսինքն՝  մենք որևէ չափանիշով ընտրություն չենք կատարել»։

Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների՝ բռնի տեղահանվածների հոսքը մեծ է հատկապես Արարատի և Կոտայքի մարզեր, համապատասխանաբար՝ 13 050 և 13 297 մարդ: Հոկտեմբերի 2–ի դրությամբ՝ մարզերում կացարաններով ապահովվել է 53 935 արցախցի:

Կարդացեք նաև

Back to top button