ԿարևորՔաղաքական

Միշելը, Մակրոնը և Շոլցն ընդգծել են աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Միշելը, Մակրոնը և Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ բոլոր ուղղություններով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք շեշտել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությեւնը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման հետևանքները հաղթահարելու համար։

Նրանք ընդգծել են, որ տեղահանված անձինք պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո, և նրանց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները պետք է հարգվեն։

ԵՄ առաջնորդները նշել են, որ իրենք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 կմ2) և Ադրբեջանի (86600 կմ2) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է Նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում:

Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը, նաև ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա։

Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր սահմանները, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները, բացել տարածաշրջանային կապի ուղիների ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագիրը պարզելու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար:

Back to top button