ԿարևորՎերլուծական

Համաժամանակյա հանդիպումներ Իրանում. Թեհրանի ուղերձներն անփոփոխ են ու կոշտ

Թեհրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ: Այս մասին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Խալաֆ Խալաֆովին: Նրանց հանդիպումը կայացել է Թեհրանում՝ հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Կողմերը անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս թեման նաև Հայաստանի ԱԽՔ-ի՝ Իրան կատարած այցի օրակարգում է եղել։ Թեհարանում կայացած հանդիպումների շրջանակում Հայաստանի ԱԽՔ-ին ընդունել է նաև Իրանի նախագահ Էբրաիմ Ռայիսին։    

Իրանից հնչած ուղերձները, ըստ իրանագետ Նվեր Դավթյանի, ուղղված են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և թե՛ այս իրավիճակով քաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական որոշակի շահագրգռվածություն ունեցող բոլոր կողմերին։

«Իրանի դիրքորոշումը մինչև այժմ շարունակում է անփոփոխ մնալ։ Այն է՝ դեմ են ցանկացած տիպի աշխարհաքաղաքական փոփոխության, սակայն, այնուամենայնիվ, տնտեսական ապաշրջափակման ծրագրերին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի երկրների առևտրատնտեսական զարգացմանը, դրանց հնարավորությունների մեծացմանը՝ կողմ են»։ 

Ըստ իրանական կողմի հաղորդագրությունների՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Թեհրանում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտարերկրյա ներկայությանը և միջամտությանը։ Ընդգծելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահը շեշտել է, որ անընդունելի ու վնասակար է Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. սա է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին նշել է, որ որևէ պատրվակով տարածաշրջանում օտար պետությունների համար պլացդարմ ստեղծելը չի համապատասխանում տարածաշրջանի որևէ երկրի շահերին։ Իրանի՝ քաղաքական հարցերով փոխնախագահը հավելել է, որ Ռաիսին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ երկու առանձին  հանդիպումների ժամանակ ընդգծել է.

«Զանգեզուրի միջանցքը հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»:

Իրանագետ Նվեր Դավթյանի խոսքով՝ համաժամանակյա հանդիպումներն այս շրջանում բնականաբար պետք է դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության մեջ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։

«Բնականաբար և՛ Հայաստանի, և Ադրբեջանի, և՛ այլ հետաքրքիր ուժերի միջոցով փորձելու են Իրանին համոզել, որ հետ կանգնի իր կայուն, անփոփոխ և, ինչու չէ, նաև կոշտ դիրքորոշումից։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ իրանական դիրքորոշումը մինչ այժմ անփոփոխ է և պնդումներն էլ՝ ցանկացած տիպի զարգացումների հակազդելու և կանխելու տեսանկյունից շարունակում է անփոփոխ մնալ»։  

Ելնելով այդ ամենից՝ իրանագետը դժվարանում է կանխատեսել, թե ինչպիսի նոր իրավիճակ է հնարավոր տարածաշրջանում մեկ ամիս անց։ Իրանի անփոփոխ մոտեցումն, ըստ իրանագետի, կարևոր անվտանգային գրավական է։ Հետևաբար՝ դրան չարձագանքելը քաղաքական մեծ սխալ կլինի՝ կարծում է։

Ասենք նաև, որ ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է Իրանի հետ հարաբերությունները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման անհրաժեշտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ ՀՀ-ն շահագրգռված է ու պատրաստ է խորացնել Իրանի հետ համագործակցությունն ու հարաբերությունները։

Կարդացեք նաև

Back to top button