
Վաղվանից կսկսվի Արցախից բռնի տեղահանվածներին միանվագ 100 հազար դրամ վճարելու գործընացը։ Փոխանցումների համար կառավարությունը պահուստային ֆոնդից արդեն գումարը հատկացրել է։ Հաջորդ շաբաթվանից վճարումներն ավելի ինտենսիվ բնույթ կստանան։ Բայց աջակցությունը ստանալու համար նախ անհրաժեշտ է, որ բռնի տեղահանվածները հաշվառված լինեն, ունենան ակտիվ գործող բանկային քարտ։ Մանրաամսներն այսօր ներկայացվել է կառավարության նիստում։
8 մլրդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանվածներին միանվագ 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու համար։ Գումարը կառավարությունը հատկացրեց պահուստային ֆոնդից ։ Աջակցության ծրագրի շահառու են սեպտեմբերի 24–ից հետո բռնի տեղահանվածները։ ԱՍՀ նախարարը կարևորում է՝ պետք է անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունում։ Սահմանը հատելիս այդ հնարավորությունը կար Գրոիսում ու Վայքում գործող կետերում։ Նրանք, ովքեր դեռ չեն հաշվառվել, այժմ պետք է գործընթացն ավարտին հասցնեն 64 –ից ավելի հումանիտար կենտրոններում՝ միասնական սոցիալական ծառայություններում կամ Փարաքարի կենտրոնում։ Նարեկ Մկրտչյանը տեղեկացնում է՝ բանկային քարտ ունեցողները միանվագ գումարը կստանան ավտոմատ․
«Քարտեր չունեցողները կարևոր է, որ բանկեր մոտենան, այնտեղ անվճար կսպասարկեն, կտրամադրեն բանկային քարտեր։ ԿԲ–ն մեզ կփոխանցի տվյալները, մենք կսկսենք սպասարկել»։
Մի քանի բանկային քարտ ունեցողները դրամական աջակցությունը կստանան այն քարտի վրա, որն ամենակտիվն է եղել։ Անձը հաստատող փաստաթուղթ չունեցողները պետք է մոտենան ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության անձնագրային բաժիններ, անձը կնույնականացվի, կտրամադրվի տեղեկանք։ Այդ տեղեկանքով նրանք կարող են մոտենալ առևտրային բանկեր՝ քարտ ստանալու համար, ասում է նախարարը․
«Որոշակի դժվարություններ կարող են ունենալ մեր հայրենակիցները, օրինակ՝ 75 տարին լրացած աձնինք, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցները իրենց աջակցությունը կարող են ստանալ ՀայՓոստից՝ ըստ անհրաժեշտության նաև փոստատարի միջոցով՝ բնականաբար անձը հաստատող փաստաթղթի հիման վրա»։
Առաջիկայում միասնական սոցիալական ծառայության օնլայն դիմումների բաժնում առանձին հարթակում հնարավոր կլինի լրացնել հայտը, որից հետո երեխայի մորը կամ օրինական ներկայացուցչին կտրամադրվի աջակցությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․ «Պետք է հորդորենք մեր հայրենակիցներին՝ հնարավորինս շուտ հաշվառվեն, որպեսզի կարողանան օգտվել նաև աջակցության մյուս ծրագրերից»։
Նոր հեռախոսահամարներ ունեցողները տեխնիկական խնդիրներից խուսափելու համար պետք է բանկում տեղեկացնեն այդ մասին՝ ասում է նախարար Մկրտչյանը։ Արցախում գործող հեռախոսային քարտերը Հայաստանում կսպասարկվեն, բայց այս պահին պետք է նորերը գրանցեն։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փորձում է հստակեցնել․ «Ենթադրենք այնպիսի իրավիճակ,երբ մայրը ունի քարտ, վաղը մենք վճարում ենք, մայրը ստանում է իր գումարը, բայց դեռ չի հասցրել իր անչափահաս երեխաների վերաբերյալ տվյալները ներբռնել համակարգ։ Անկախ այն հանգամանքից, որ վաղը կարող է երեխաների համար նախատեսված վճարները չստանալ այս ընդհանուր փաթեթային վճարմամբ, երբ տվյալները ներբեռնի, լրացուցիչ վճարում կկատարվի նաև հաջորդող օրերին՝ անչափահաս երեխաների համար»։
Դրամական միջոցները հասանելի են, առաջին վճարումները կլինեն արդեն հոկտեմբերի 5-ին՝ վստահեցնում է նախարարը։ Մեկ օրում հնարավոր չէ բոլորի գումարը վճարել, հաջորդ շաբաթ արդեն վճարումներն ավելի ինտենսիվ կլինեն։ Օնլայն դիմումների հարթակը նույնպես առաջիկայում հասանելի կլինի։ Գուցե լինեն տեխնիկական խնդիրներ, դրանք կշտկվեն արդեն երկուշաբթի։




